«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2005-11-08 | #203, 2005-11-09 | #204, 2005-11-10


ՀԱԿԱՕԼԻԳԱՐԽԻԱ

Պատմում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գալով իշխանության գլուխ, զգուշացրել է օլիգարխներինՙ փող եք շինում, լավ եք անում, բայց քթներդ մի խոթեք քաղաքականության մեջ: Մոտավորապես այսպես: Առաջին երկու խոշոր չլսողները եղան Բերեզովսկին ու Գուսինսկին. շատ էին հղփացել: Անհրաժեշտություն առաջացավ նրանց վտարելու երկրից: Շատ ավելի բարդ ու աղմկարար ստացվեց Խոդորկովսկու գործը. վերջինս խորամանկորեն, սահմանադրական փոփոխությունների միջոցով ինքն էր ուզում նստել գահին: Նստեց, բայց ոչ գահին, իհարկե: Օլիգարխները խելոքացան, խաղաղվեցին եւ սկսեցին գերազանցապես փող շինել, միլիոնատերերի քանակն էապես ընդլայնվեցՙ խթանելով «Ֆորբս» ամսագրի տպաքանակի աճը:

Եվ հանկարծ նորերս երկրի ամենահանրաճանաչ օլիգարխըՙ Չուկոտկայի պետ Ռոման Աբրամովիչը անսպասելիորեն վաճառեց իր խոշորագույն նավթային ընկերությունը: Ճիշտ է, գնել էր միլիոններով, իսկ վաճառեց միլիարդներով, բայց դա ուրիշ հարց է: Կարեւոր հանգամանք է, որ նրա երկունքը գնել է պետական ընկերությունՙ «Ռոսնեւտը»: Եվ այստեղ բնավ էլ ոչ հռետորական հարց է առաջանումՙ իսկ գուցե օլիգարխին ստիպե՞լ են դա անել: Կառարկեն, թե նա հայտնի «ընտանիքի» անդամ է եւ հազիվ թե ենթարկվեր ճնշման: Բայց որոշ այլ օլիգարխներ էլ են սկսել «ծախել» իրենց ունեցվածքի մի մասը, հատկապես ոչ պրոֆիլային ձեռնարկություններ: Նշանակում է աննկատելի ինչ-ինչ նպատակային գործընթացներ են տեղի ունենում, որոնք օլիգարխներին «համոզում» են հրաժարվել իրենց որոշ կայքերից:

Միտքը հստակեցնելու համար ուշադրություն դարձրեք հետեւյալ հանգամանքին. էներգակիրների գները խփել են բոլոր ռեկորդները, եւ ռուսաց պետությունը ինքն էլ է մեծ փողեր շինում: Գազի բնագավառում պետությունը խնդիր չունիՙ «Գազպրոմը» պատկանում է նրան, եւ այդ գերհսկայի դեմ ոչ մի օլիգարխ չի կարող թպրտալ: Ահա եւ ինչո՞ւ նման քաղաքականություն չվարել նավթարդյունաբերության ասպարեզում, ինչո՞ւ «Ռոսնեւտը» չդարձնել, յուրօրինակ «Նեւտեպրոմ»ՙ պետության հովանու ներքո: Չէ՞ որ դրա շնորհիվ կարելի է առնվազն ստեղծել, ասենք, մի քանի կայունացնող ֆոնդ: Եվ եթե ենթադրենք, որ Աբրամովիչը կուլ է գնացել այդ քաղաքական ծրագրին, ապա նշանակում է վերասեփականաշնորհման գործընթացը տեղից շարժվել է:

Բայց նավթից ու գազից բացի, Ռուսաստանն ուրիշ «ծով» հարստություններ էլ ունի, որոնց շահագործման ասպարեզում եւս պետք է «պետական» կարգուկանոն հաստատել: Երկիմա՞ստ է ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի հայտարարությունը, որում ասվում է. «Պայմաններ կստեղծվեն ԱԼՌՕՍԱ-ի (Ռուսաստանի խոշորագույն լեռնահանքային ձեռնարկության- Ռ. Հ.) բազայի վրա ստեղծելու ազգային հանքարդյունաբերական ընկերություն, որը կարողանար արդյունավետ պետական քաղաքականություն իրականացնել օգտակար հանածոների արդյունահանման բնագավառում, ընդ որում ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ սահմաններից դուրս»:

Ի վերջո, եթե ոչ թե սոսկ ենթադրություններ անենք, այլ ավելի ուշադիր նայենք, կտեսնենք, որ այդօրինակ քաղաքականություն նկատելի է բանկային ոլորտում, նավաշինության, նավագնացության եւ մի շարք այլ ասպարեզներում: Պրոֆեսիոնալ հետախույզի զգուշությամբ Պուտինը փորձում է վերականգնել պետական հսկողությունն էկոնոմիկայի կենարար, ռազմավարական ճյուղերի վրա: Թերեւս իրավացի է ճանաչված քաղաքականագետ Ստանիսլավ Բելկովսկին, որն անթաքույց հավաստում է. «Պետությունը վստահ ուղղություն է վերցրել վտարելու օլիգարխներին, ընդսմին դրա համար նշանակել է սեղմ ժամկետՙ մինչեւ 2008 թ.»:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4