Աշնանային մի պարզ առավոտ ավտոբուսը պոկվում է Երեւանի սրտից` Հանրապետության հրապարակից եւ ուղղություն վերցնում դեպի Գյումրի: Ուղեւորները տեղացի եւ արտասահմանցի հայեր են` գրող Անահիտ Սահինյան, նրա դուստրը, ընկերուհին, Ռոմեն Կոզմոյան (Թռչունյան տան հոգաբարձուների խորհրդի նախագահ), Ծովինար Չալոյան (Կոնսերվատորիայի պրոֆեսոր), Աբու Դաբիի հայկական մշակութային ընկերակցության նախագահ ու անդամներ եւ այլք: Բոլորի դեմքին մի լուռ թախիծ կա եւ լարվածություն, որ ծնվել է մտքից. «Ես գնում եմ մանկատուն: Ինչպե՞ս եմ ժպտալու ինձ նայող աչուկներին...»: Ուղեւորները որոշել են իրենց կյանքի մի օրը անցկացնել այնպիսի երեխաների ընկերակցությամբ, ովքեր միշտ սպասման մեջ են եւ այդ պատճառով հաճախ են նայում պատուհանից: Երեխաներն անվերջ սպասում են իրենց ծնողներին, հարազատներին, բարի մարդկանց: Ավտոբուսի ուղեւորները ցանկանում են գոնե մասնակիորեն արդարացնել նրանց սպասումները...
«Ես դասը հետաձգեցի ու եկա, որովհետեւ ինձ միշտ հուզել է հարցը, թե ինչպե՞ս է որբը գոյատեւում ներկա իրականության մեջ», խորհրդածում է Ծովինար Չալոյանը եւ թաքուն սրբում է արցունքները: «Մտածում եմ, որ բնությունը երեխային ստեղծել է մոր հետ համատեղ, նույնիսկ նրանց կապել է պորտալարով, սակայն ինչպե՞ս են մայրերը կատարում աշխարհի ամենամեծ մեղքը` լքում իրենց զավակներին` չեմ կարողանում հասկանալ: Միաժամանակ, այս ամենը շատ տխուր է, մի՞թե հայի որբությունն ավարտ չունի», հուզվում է տիկինը:
Ռ.Կոզմոյանը զգուշորեն ակնարկում է, թե մանկատուն կամ որբանոց արտահայտությունը շատ ցավոտ է հնչում: Առավել եւս այն Թռչունյան տան համար չէ, թե այստեղ ոչ թե որբեր են, այլ հիմնականում լքված երեխաներ...
Երբ տեղ ենք հասնում եւ մտնում Թռչունյան տան նախասրահ, պատերի արձանագրություններից իմանում ենք, որ Թռչունյան տան կահավորումն իրականացվել է «Հովարդ Կարագոզյան» հիմնադրամի, ՀՕՄ-ի, Ջինիշյան հիշատակի ձեռնարկի, Դետրոյթ քաղաքի Պոլսահայ հայրենակցական միության եւ այլ կազմակերպությունների ու անհատների նվիրատվությամբ: Հետագայում տեսնում ենք նաեւ բարերաների անուններով սրահներ: Պտույտը հարմարավետ եւ արեւկա դասասենյակներում գեղեցիկ սկիզբ էր եւ իսպառ վերացրեց հյուրերի մռայլ նախատրամադրվածությունը:
Իսկ դահլիճում հյուրերին կազմ ու պատրաստ սպասում են երեխաները: Նրանք մաքուր հայերենով ողջունում են եւ հյուրերին միանգամից գրավում իրենց խելացի աչուկներով, հայեցի եւ հնչեղ արտասանությամբ, կոկիկ արտաքինով ու դերասանական հմտությամբ: Համերգային ծրագիրը այնպես է կազմված, որ դիտողն անընդհատ ժպտա, զարմանա ու հիանա: Իրենց ելույթներով երեխաները փաստեցին, որ իրենք շատ լավ տիրապետում են գեղագիտական վարքականոններին, առողջ ապրելակերպին, հայրենի եզերքի մասին գողտրիկ ոտանավորներ գիտեն, ինչպես նաեւ կարող են երգել Եկմալյանի եւ այլոց ստեղծագործությունները: «Մենք այս կյանքի դալար ծիլերն ենք, որոնց պետք է խնամել», ասում է նրանցից մեկը: Հատկապես հուզիչ էր երեխաների ողջույնի խոսքը գրող Անահիտ Սահինյանին: Մեծարանքի ջերմ խոսքերով երեխաները հավաստեցին, թե անպայման Սահինյանի ընթերցողն են դառնալու եւ ապրելու են այնպես, ինչպես ուղենշում է վաստակավոր գրողն իր պայծառ հերոսների միջոցով: Նրանք նաեւ իրենց ձեռքի գորգագործ աշխատանքը նվիրեցին հուզված գրողին: Ա.Սահինյանը շնորհակալանքի ու հիացմունքի խոսքեր ասաց. «Շատ բեմեր եմ տեսել, բայց ո՛չ այսպիսին: Ես չէի կարծում, որ դեռ այսպիսի օր պիտի ապրեմ: Սա հրաշք է, դուք հրաշք եք, սիրելի բալիկներ»: Ա. Սահինյանը պատգամեց, որ նրանք մեծանան հզոր ու գեղեցիկ եւ տեր կանգնեն այս երկրին այնպես, ինչպես ավանդել են մեր պապերը:
Համերգի ավարտին երեխաները լուսանկարվեցին հյուրերի եւ գրողների հետ, ապա գնացին իրենց դասերը պատրաստելու: Թռչունյան տան ճաշարանում հյուրերը կերան այն, ինչ ուտում են կրթօջախի սաները, նաեւ խմեցին երախտավորների եւ այն նվիրյալների կենացը, ովքեր ջերմություն ու սեր են բերում Թռչունյան տան սաներին: Աբու Դաբիի հայկական մշակութային ընկերակցության նախագահ Վաչե Գասեմջյանն էլ իրենց ընկերակցության փոքրիկ ներդրումը փոխանցեց, իր գոհունակությունն ու բարեմաղթանքները հղելով տնօրենությանն ու երեխաներին:
Երբ հյուրերը մեկնում էին, երեխաները չեկան նրանց ճանապարհելու, որպեսզի օրվա ռեժիմը չխախտվի, եւ երեւի նաեւ այն պատճառով, որ ամեն մի հրաժեշտ այս երեխաների համար նոր սպասման առիթ է ...
Իսկ նրանք սպասում են թախիծը սրտներում, տխուր աչքերով...