«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2005-11-08 | #203, 2005-11-09 | #204, 2005-11-10


«ՆՐԱՆՑ ՀԱՅԱՑՔԸ ՄԻՇՏ ԷԼ ՀՈՒԶՈՒՄ Է ԻՆՁ»

Ասում է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոմեն Կոզմոյանը

- Պրն Կոզմոյան, ի՞նչ է Թռչունյան տունը:

- Սա գիշերօթիկ կրթօջախ է, ուր 70 սան է ապաստանում եւ դաստիարակվում: Նրանք ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներիՙ առաջինից մինչեւ հինգերորդ դասարանի երեխաներ են: Ըստ նախնական ծրագրի, երեխաներն այստեղ պետք է սովորեին մինչեւ հինգերորդ դասարան, սակայն մենք կցանկանայինք, որ նրանք տասնամյակն ավարտեին Թռչունյան տանը: Եթե լինեին նոր գումարային ներդրումներ, ամենայն հավանականությամբ մեր երեխաները տասնամյակն այստեղ կավարտեին:

- Ինչպե՞ս ստեղծվեց Թռչունյան տունը:

- Նախ մենք ստեղծեցինք «Գյումրիի հաշմանդամ որբերի տուն» բարեգործական հիմնադրամը, ապաՙ Թռչունյան տուն կրթօջախը, որը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է` ենթակա հիմնադրամին: Ասեմ, որ շենքը, Թռչունյան տան ինն հոգանոց հոգաբարձուների խորհրդի որոշմամբ պատկանում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին: Մենք դրա մեջ մեծ խորհորդ ենք տեսնում: Հիմնադրամի եւ Թռչունյան տան ղեկավարությունը պարտավորվեց տասը տարի ժամանակով վարել մանկատան գործերն այնպես, որ այն բեռ չդառնա պետության եւ եկեղեցու վրա:

- Այնուամենայնիվ, եկեղեցին որեւէ դեր ունեցա՞վ Թռչունյան տան ստեղծման ու կայացման գործում:

- Ոչ միայն ունեցավ, այլեւ ունի մինչ օրս: Թռչունյան տան առաջին հյուրն է եղել Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ով իր օրհնությունը բերեց այս տանը, ինչպես նաեւ իր մակագրությամբ Նարեկ նվիրեց մեր գրադարանին: Չեմ կարող շնորհակալանքի խոսքեր չասել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի մասին, որի սատարող ներկայությունը զգում ենք թե՛ հաճախակի այցելությունների, թե՛ մանկատան զանազան հոգսերը թեթեւացնելու առումով: Նույնիսկ կատակով ասում եմՙ եթե վարորդը մեքենայի ղեկը բաց թողնի, սրբազանի մեքենան ինքնիրեն կգա Թռչունյան տան բակը:

- Եթե Թռչունյան տունը «բեռ» չդարձավ պետության կամ եկեղեցու համար, ապա ի՞նչ կերպ են ապահովվում նյութական միջոցներՙ երեխաների սննդի, ուսուցիչների եւ աշխատակազմի աշխատավարձի եւ այլ ծախսերի համար:

- Ունենք մի քանի հիմնական հովանավորներ, որոնցից առաջինը Դետրոյթ քաղաքի Պոլսահայերի միությունն է: Նրա կազմում է մեր հոգաբարձուների խորհրդի փոխատենապետ Հերման Խնդիրյանը: Բացի նյութական միջոցներից, որ հայթայթում է Հերման Խնդիրյանը, ինքը մի իսկական նվեր է Թռչունյան տանը, նաեւ մեր ազգին, քանզի նվիրյալ սիրտ ունեցող մեկն է, ժպտերես ու գործունյա անձնավորություն, որը տարին 4-5 անգամ այցելում է Գյումրի, գիշերում մանկատանը, երեխաների հետ ինքն էլ է մանկանում: Միայն մեկ փաստ բերեմ, որ ցույց կտա Խնդիրյանի եւ Թռչունյան տան «մեկ մարմին լինելը»: Վերջին այցելության ժամանակ դահլիճում նստածՙ ասում է. «Երգչախմբի երկրորդ շարքում կանգնած աղջիկը մերը չէ», ես լռում եմ: Պարզվում է, որ աղջիկը մեկ շաբաթ առաջ է մտել Թռչունյան տուն:

Ոչ պակաս դրվատանքի է արժանի Գյուլբենկյան հաստատությունը, որի հայկական բաժնի տնօրենիՙ Զավեն Եկավյանի անունով ենք կոչել մեր գրադարանը, քանզի իր գործունեության բուն նպատակը մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունն է: Առանց մեր խնդրանքի, Գյուլբենկյան հաստատությունը Թռչունյան տանը նվիրեց ագարակ, ուր այժմ կա 20 խոշոր եղջերավոր անասուն:

Բարերարների թվում ուզում եմ առանձնացնել քուվեյթաբնակ Սարգիս եւ Արտեմիս Արսլանյաններին, որոնք դեռ Մեսրոպ սրբազանի կենդանության օրոք խոստացել էին զորակցել Թռչունյան տանը:

- Անուրանալի է լուսահոգի Մեսրոպ սրբազանի ներդրումը Թռչունյան տան ստեղծման գործում: Կա՞ որեւէ հարց, որ անկատար է մնացել վաղամեռիկ սրբազանի հեռանալուց հետո:

- Նախ ասեմ, որ Մեսրոպ սրբազանի անունը հավերժ կապվեց Թռչունյան տանը, եւ ամեն բան արվեց հավելյալով, իսկ եթե նա երկրորդ անգամ մեզ չորբացներ եւ շարունակեր գործել, ապա իր ծրագրերի, իր նախագծումների հետեւից չէինք կարող հասնել, ինչպես չէինք հասնում նրա կենդանության օրոք: Քանզի արք. Աշճյանը գաղափարների մի գեներատոր էր, աշխատանքի մի ռեակտոր, որ չնայած իր արտաքին հանդարտությանն ու մեղմությանը, գործում էր օրն ի բուն:

- Ի՞նչ է սպասվում այն երեխաներին, ովքեր տարիքային պատնեշի պատճառով արդեն մի քանի տարի հետո պիտի թողնեն Թռչունյան տունը եւ կյանք մտնեն:

- Բացի դպրոցական պարապմունքներից, որ պետականորեն հաստատագրված կարգով երեխաները ստանում են Թռչունյան տանը, բացել ենք արտադասարանական խմբակներ` գորգագործություն, խեցեգործություն, փայտամշակում, վոկալ երգի եւ երգչախմբի բաժիններով, շուտով կունենանք նաեւ վարսահարդարության դասընթացներ: Սրա նպատակն այն է, որ երեխան բացի հանրակրթական գիտելիքներից տիրապետի նաեւ որեւէ արհեստի կամ արվեստի, կարողանա մասնագիտանալ որեւէ բնագավառում եւ հետագայում վաստակել իր հացը: Արդեն ասացի, որ ունենք ագարակ, որի քսան կովերը կծնեն, եւ գարնանը նրանց թիվը կլինի մոտ քառասուն: Ի դեպ, մի էական մանրամասն: Ամերիկյան «Հայվեր» կազմակերպությունն իմանալով, թե ո՞ւմ համար են կովերը, բացառության կարգով հրաժարվեց իր հիմնական պահանջներից մեկից, այն է` նվիրաբերված կովից ծնված հորթուկին նվիրաբերել մեկ այլ անապահովի: Սակայն Թռչունյան տանը շնորհակալությամբ հրաժարվեցին այդ բացառությունից, այն պատճառաբանությամբ, որ երեխան դեռ մանկուց պետք է սովորի ոչ միայն օգտվել օգնությունից, այլեւ օգնություն տրամադրելու կարեւորությունը զգա եւ ուրիշին սատար լինելու բերկրանքն ապրի: Նման քայլով մենք ցանկացանք, որ երեխան կյանք մտնի իր ստեղծածն ուրիշի հետ կիսելու հոգեբանական գործոնը յուրացրած:

Ունենք նաեւ այգի 6500 քառ. մետր տարածքով: Սա հնարավորություն է երեխաների մի մասին էլ այգեգործական աշխատանքներում հմտացնելու առումով: Իսկ ինչ վերաբերում է նրանց հետագա բնակարանային պայմաններին, պետք է ուսումնասիրվի, թե նրանց ո՞ր մասն է առանց բնակարանային իրավունքի եւ ժառանգության: Եթե ֆինանսական միջոցներ լինեին, կկարողանայինք որեւէ գյուղական վայրում նրանց համար բնակության հարց լուծել, տալ նրանց մեկ-երկու կով, կապել գյուղին ու հողին:

Իհարկե, սա դեռ երազանքների ոլորտից է, բայց ո՞վ գիտի Աստծու ճանապարհները... Հավատում եմ, որ բարի մարդկանց գործուն աջակցության շնորհիվ այս երազանքը մի օր իրականություն կդառնա:

- Ի՞նչ խնդիր կարող է ունենալ Թռչունյան տան սանն այսօր:

- Թռչունյան տունը օազիսի պես մի տեղ է, որի պատերի ներսում դաստիարակված երեխաները իրենց կրթական ցենզով մի տեսակ համահունչ չեն դրսում գտնվող երեխաների հետ: Պատճառն այն է, որ Սեւերսկի կոչված թաղում սոցիալապես անապահով ընտանիքները շատ են: Նրանց զավակները նախանձով, խանդով են նայում թռչունյանցիներին: Այս հոգեբանական բարդույթը տարիուկես է, ինչ անհանգստացնում է մեզ: Եվ եթե հնարավոր լիներ «դրսի» երեխաների համար էլ մի նոր մասնաշենք կառուցել, ուր նրանք կայցելեն ցերեկային ժամերին սպորտդահլիճում խաղալու կամ արհեստակցական խմբակներում սովորելու, շատ լավ կլիներ: Այսպիսով, մեր ներկայությունն այս թաղամասում աչք ծակող չէր լինի եւ «դրսի» երեխաներն էլ «ներսինների» հանդեպ հոգեբանական բարդույթ չէին ունենա, այլ կինտեգրվեին միմյանց:

- Պրն Կոզմոյան, ի՞նչ զգացումներ ունեք այս երեխաների նկատմամբ:

- Գիտեք, միջին հաշվով շաբաթը մեկ օր այստեղ եմ լինում եւ ինքս եմ համոզվում, որ այս երեխաներն արդեն ապահով վիճակում են: Այնուամենայնիվ, կարեկցանքի զգացողությունը չի ադապտացվում ինձ մոտ, եւ ես ինձ մշտապես պարտասխանատու եմ զգում նրանց առջեւ:

- Ի՞նչ կցանկանայիք, որ մեր ընթերցողն իմանա:

- Սփյուռքի ընթերցողին կխնդրեի այցելել մեզ, համոզվել, որ իր տրամադրած միջոցները նպատակին են ծառայում, որով եւ ավելի կամրանա նրա վստահությունը, իսկ հայրենաբնակ ընթերցողին կխնդրեի, որ նա իր հոգեբանության մեջ ներարկի բարեգործություն գաղափարը: Ստանալը լավ է ու հաճելի, բայց աստվածահաճոն տալն է...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4