«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2005-11-08 | #203, 2005-11-09 | #204, 2005-11-10


«ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԲԵՐ ԵՆ», ԱՍՈՒՄ Է ԹՌՉՈՒՆՅԱՆ ՏԱՆ ՏՆՕՐԵՆ ՍՈՆԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Հերթՙ մանկատան պատերի տակ

«Երբ մենք հայտարարություն տվեցինք հեռուստատեսությամբ, որ բացվել է մի մանկատուն 70 երեխայի համար, մի ահավոր եւ անսպասելի հոսք սկսվեց: Չէինք պատկերացնում, որ երկու մանկատուն ունեցող քաղաքում երրորդի կարիքն այդքան մեծ էր: Ցանկացողների թիվը կրկնակի էր: Ճիշտ է, գյումրեցին հայտնի է իր արժանապատվությամբ եւ եթե կարող է գոնե օրվա մի կտոր հացն ապահովել, ապա երբեք մանկատուն չի բերի երեխային: Քանի որ «մանկատուն» բառը բավական է, որ գյումրեցին իրեն վիրավորված զգա: Ուրեմն որքան վատ, ծանր ու անտանելի են սոցիալական պայմանները, որ մայրը երեխային բերում է մանկատուն: Մինչեւ հիմա մեզ դիմում են եւ երեխաներ են ցանկանում բերել, բայց մենք տեղ չունենք: Կոպիտ է հնչում, բայց հավատացեք` մոտ 20 երեխա դռան հետեւում սպասում են` մեկը մեկից կարիքավոր, մեկը մեկից արժանավոր», ասում է տնօրեն Սոնա Սիմոնյանը:

«Մեր այցելուները միշտ հարցնում են` մի՞թե բոլորը որբեր են: Որպես կանոն որբ են համարում նրանց, ում ծնողների մահվան վկայականները առկա են: Ես էլ հարցին հարցով եմ պատասխանում` եթե ծնողը երեխային երբեւիցե չի կարոտում, չի տեսնում, մահացած չէ, հապա ի՞նչ է: Այդ իմաստով Հայաստանի մանկատներում գերակշռողը սոցիալական որբերն են»:

Երիտասարդ ու հաճելի արտաքինով տիկին Սոնան տանն ունի երկու որդի, աշխատավայրում` 70 երեխա: Նա չի սիրում հանգստյան օրեր համարվող շաբաթ-կիրակին, քանի որ 70 երեխաներից մոտ 20-ին ոչ ոք այցելության չի գալիս: «Այդ օրերին շատ երեխաներ են պատուհանից նայում: Ու ես չգիտեմ ինչո՞վ շեղեմ կամ գրավեմ այդ երեխաներին: Ինչո՞վ ուրախացնեմ նրանց, որ իրենց տխուր հայացքները պատուհանից հեռու տանեն», ասում է նա:

Գերնպատակ

«Մեր նպատակն է այս երեխաներին հասարակության համար պիտանի մարդ դարձնել», ասում են ուսուցչուհիները, որոնց ընդհանուր թիվն է 22: Սպասարկման անձնակազմը բաղկացած է 18 հոգուց, որոնց շարքում են խոհարարներ, դայակներ ու հավաքարարներ:

Պայմաններ

Թռչունյան տան պայմանները հրաշալի են` հարմարավետ ու լուսավոր դասասենյակներ, գեղեցիկ սրահներ ու ծաղկավետ միջանցքներ: Իսկ զուգարաններն ու բաղնիքները փայլում են մաքրությունից ու բուրում հոտավետ օճառի անուշահոտությամբ: Հավանաբար այս պայմաններն են պատճառը, որ Սեւերսկի թաղամասի երեխաները հաճախ են կանգնում Թռչունյան տան դարպասների մոտ եւ ներս նայում` հետաքրքրությամբ ու բարի նախանձով:

Խնամք

«Այստեղ հայտնված երեխաների ճակատագրերը փրկված եմ համարում: Ինձ համար անչափ կարեւոր է, որ երեխան լինի կուշտ, խնամված, սիրված, հոգեբանորեն խաղաղ: Մենք ֆիզիկական պատիժներ չունենք, ամենամեծ պատիժն այն է, երբ մենք պայման ենք դնում` կամ դու քեզ լավ կպահես, կամ մենք քեզ Թռչունյան տնից դուրս կանենք», ասում է Սոնա Սիմոնյանը:

Առողջապահական խնդիրներ

Թռչունյան տան երեխաները լրիվ առողջ են: Միաժամանակ, մանկան տունն ունի բուժկետ, բուժաշխատող: Իր հերթին մարզի առողջապահության համակարգը սատար է մանկատանը եւ որեւէ խնդրի դեպքում երեխան հաշված րոպեների ընթացքում կարող է հայտնվել մարզի լավագույն բժիշկների ձեռքերում:

Հոգեբանական մանրամասներ

«Մենք ունենք երեխաներ, որոնց երկու ծնողներն էլ կան, բայց նրանք մեզ մոտ են: Նրանք լքված են շպրտված, արհամարհված ու մոռացված: Միաժամանակ այս մի քանի տարում եղան մոտ յոթ դեպքեր, երբ երեխաները վերադարձան իրենց ընտանիքները: Մի դեպքում բնակարանի հարց լուծվեց (մինչ այդ նրանք դոմիկում էին ապրում), մյուսի հայրը գտնվեց, մյուսի տատիկը եկավ-տարավ: Այսպիսի դեպքերը մեր հաջողություններն են, մեր ուրախությունը», գոհունակությամբ ժպտում է տնօրենը:

«Փորձում ենք նաեւ երեխաների շնորհիվ վերականգնել կիսատ, չկայացած ընտանիքները: Եթե զգում ենք, որ երեխան ապահով է իր ընտանիքում, փորձում ենք նրան վերադարձնել ընտանիք: Ընդգծեմ, որ մինչեւ մենք չստուգենք ու չհամոզվենք, որ ընտանիքում երեխան կարող է նորմալ ապրել եւ դաստիարակություն ստանալ, երեխային դուրս չենք թողնում», ասում է Ս. Սիմոնյանը:

Աշխատանքային թերապիա` ագարակային տնտեսությունում

Նկարից ժպտում է անասնապահ Ջանիբեկ Զարգարյանը: Մոտ 15 օր է, ինչ նա խնամում է Թռչունյան տան երեխաների ունեցվածքը` կովերը: Ջ. Զարգարյանն ասում է, որ սիրով երեխաներին կսովորեցնի անասնապահության կանոնները, որ երեխաները աշխատանքի շնորհիվ եւս մխիթարություն գտնեն եւ թոթափեն տխուր հիշողություններն ու անարդար ճակատագրի մասին մտքերը:

«Սա մեր երազանքն է, որն իրականություն է դարձել», ասում է Ալֆրեդ Մատնիշյանը: Նա Գյումրու հաշմանդամ երեխաների հիմնադրամի տնօրենն է եւ պատմում է քիչ հեռու գտնվող լայնարձակ այգու մասին եւս: Ա. Մատնիշյանը հավատացնում է, որ երեխաները ֆերմայում եւ այգում աշխատելով պիտի կապվեն հայրենի հողին ու ջրին: «Վերջին հաշվով բոլորս սպառող ենք, չէ՞ որ մեկն էլ պիտի արտադրի», եզրակացնում է նա: «Այս ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին սեփական ձեռքերով իրենց համար հավելյալ սննդի աղբյուր ստեղծել` էկոլոգիապես մաքուր ու թարմ կաթնամթերք»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4