Իրաքահայերի օգնության հիմնադրամի հայրենանվեր նախաձեռնությունը արդյունքներ է արձանագրել
Հիրավի հայրենասիրական, զերծ բարձրագոչ խոսքերից եւ գործնական նախաձեռնությամբ են հանդես եկել ամերիկահայ երեք գործիչներՙ Սարգիս Դերձակյանը, Խաչիկ Ճանոյանը եւ Սարգիս Տիրամերյանը: Անցյալ տարվա հոկտեմբերին նրանք ստեղծել են Իրաքահայերի օգնության հիմնադրամը, որի նպատակը Իրաքից հեռանալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին դեպի Հայաստան ուղղելն է, այդ հարցում նրանց ամեն կերպ աջակցելը:
Հիմնադրամի գործունեության եւ արդեն արձանագրած կոնկրետ արդյունքների մասին զրուցեցինք այս օրերին Հայաստանում գտնվող հիմնադրամի նախագահ Սարգիս Դերձակյանի հետ: Նա հայտնեց, որ հիմնադրամը ստեղծվել է վերոնշյալ երեք անձանց նախաձեռնությամբ եւ աջակցության արժանացել հայ ավանդականՙ ռամկավարազատական, դաշնակցական եւ հնչակյան կուսակցությունների եւ անկուսակցական մի շարք գործիչների կողմից: Համապատասխանաբար հիմնադրամի խորհրդում ներկայացված են ռամկավարներ, դաշնակցականներ եւ անկուսակցականներ: Սա հավելյալ վստահություն է ներշնչում այս ձեռնարկի նկատմամբ Լոս Անջելեսի եւ ԱՄՆ հայության մեջ, քանի որ նրա հանգանակած գումարների միջոցով էլ կատարվում են Իրաքից հեռանալու ցանկություն ունեցող հայերին հայրենիք տեղափոխման, Հայաստանում բնակվելու եւ մյուս ծախսերը:
Սկզբնական շրջանում ստեղծվեց ինտերնետային էջ, բայց մի քանի ամիսների ընթացքում դիմողներ չեղան հասկանալի պատճառներովՙ Իրաքում ինտերնետից օգտվելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Այնուհետեւ հիմնադրամի նախաձեռնողները սկսեցին իրենց նպատակների մասին տեղեկատվությունը տարածել անձնական կապերով, հեռախոսազանգերով, ինչից հետո միայն սկսվեց դիմումների հոսքը: Մեկ տարվա ընթացքում, Սարգիս Դերձակյանի հավաստմամբ, 48 ընտանիք դիմեց: Որոշվեց սկսել փոքրից: Հիմնադրամը հանձն առավ Հայաստան տեղափոխել 4 ընտանիք, որոնց անդամների ընդհանուր թիվը 17 էր: Բացի տեղափոխման, հարեւան Սիրիայում հյուրանոցում հանգրվանելու ծախսերից, Հայաստան հասնելուն պես այդ ընտանիքների համար բնակարաններ վարձվեցին Արաբկիրի համայնքում, նրանք ապահովվեցին կահ-կարասիով եւ բնակության համար անհրաժեշտ այլ պարագաներով: Մեկ տարվա ընթացքում հիմնադրամը մեկ շնչի համար վճարում է 1000 դոլարին համարժեք գումար: Դրա մեջ մտնում են բնակարանի վարձակալության գումարը (ընդհանուրի մոտ 40 տոկոսը) եւ առօրյա սննդի ու հագուստի ծախսերը:
Իրաքից Հայաստան տեղափոխվածների համար լուծման կարիք ունեցող երկու հարց է մնումՙ այդ մարդկանց աշխատանքով ապահովելը եւ նրանց երեխաների ուսման շարունակությունը: Վերջինիս խնդիրների լուծումը հանձն է առել Ամերիկայի հայկական համագումարը: Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա Սարգիս Դերձակյանը հույս ունի, որ այդ մարդիկ աշխատանք կգտնեն: Այդ ընտանիքները վարպետ արհեստավորների ընտանիքներ են եւ Հայաստանում շինարարության այս ծավալների դեպքում ամենայն հավանականությամբ կգտնեն իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք:
Հիմնադրամը, սակայն, հայրենադարձներին օգնում է մեկ տարի: Մեր այն հարցին, թե ի՞նչ երաշխք, որ մեկ տարի հետո նրանք, այնուամենայնիվ, չեն ցանկանա մեկնել Եվրոպա կամ ԱՄՆ, Սարգիս Դերձակյանը այսպես պատասխանեց. «Մեկ տարվա ընթացքում մենք մեր ազգային պարտքը նրանց նկատմամբ կատարած կլինենք, իսկ դրանից հետո եթե նրանք կցանկանան մեկնել Հայաստանից, ապա մենք չենք կարող արգելել»: Սակայն մեր զրուցակիցը քիչ հավանական է համարում, որ Իրաքից Հայաստան եկած ընտանիքները կմեկնեն ԱՄՆ կամ Եվրոպա: Նրա կարծիքով, հիմա շատ դժվար է ԱՄՆ-ում հաստատվելը, քան նախկինում էր: Եվ հետո, ԱՄՆ կամ Եվրոպա գնալու համար պետք է մեծ գումար ունենալ, որ այս ընտանիքները չունեն:
«Տարեկան քանի՞ ընտանիք է հիմնադրամը ծրագրում Իրաքից Հայաստան տեղափոխել» հարցին Սարգիս Դերձակյանը պատասխանեց, որ դա կախված է հանգանակած գումարների չափից: «Մեր ֆինանսավորման աղբյուրը դա էՙ ԱՄՆ-ը եւ ընդհանրապես բոլոր երկրներում բնակվող հայերի նվիրաբերած գումարները», նշեց նա եւ ավելացրեց, որ ներկայումս հիմնադրամի գլխավոր նպատակը արդեն կատարած աշխատանքը ներկայացնելն է, որպեսզի մարդիկ տեսնեն, վստահություն ձեռք բերեն եւ համաձայնվեն գումարներ նվիրաբերել:
Բնականաբար մեզ հետաքրքրում էր, թե Հայաստանի իշխանություններն ի՞նչ օգնություն են ցուցաբերում այս հայրենանվեր ձեռնարկմանը, եթե ցուցաբերում են իհարկե: Հիմնադրամի նախագահն ասաց, որ հանդիպել է փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանի հետ, որն առաջարկել է հանրակացարաններում տեղավորել այդ մարդկանց: Սակայն կենցաղային պայմաններն այստեղ «մի քիչ անհամապատասխան են»: Լվացարանն ու սանհանգույցը, խոհանոցն ընդհանուր են մեկ հարկի համար, իսկ այդտեղ ընտանիքներ ենՙ տարբեր սեռի եւ տարիքի անդամներից բաղկացած:
Այսպես թե այնպես, պետք է փաստենք, որ հայրենադարձության այս բարդ եւ անհրաժեշտ նախաձեռնությունն արժանի է ավելի լուրջ ուշադրության եւ աջակցության ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ Հայաստանի ու սփյուռքի գործարար շրջանակների կողմից: Սա հայրենասիրության մասին խոսել սիրողների համար լավ առիթ է իրենց խոսքը գործով ապացուցելու եւ նվիրատվություններ կատարելու համար հայրենադարձությունը նպատակ դարձրած հիմնադրամին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ