Պաշտոնական Երեւանը եւ Բաքուն արձագանքել են Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ռոմուալդս Ռաժուկսի ավելի վաղ Երեւանում արված հայտարարությանը, ըստ որի Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է խաղաղապահ զորքեր տեղակայել Հարավային Կովկասում, եթե «դա լինի անհրաժեշտ, եւ այդ համատեքստում դաշինքի համագործակցումը ԵԱՀԿ-ի հետ չափազանց կարեւոր է»: Մյուս կողմիցՙ Ռաժուկսը հավելել էր, որ խաղաղապահ ուժերի տեղակայման վերջնական որոշումը պետք է կայացնեն հակամարտող կողմերը:
Հայաստանի վարչապետը երեկ նշել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում է, եւ բոլոր առաջարկությունները պետք է դիտարկել այդ համատեքստում: «Եթե Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը որոշում ընդունեն կարգավորման գործընթացում ներգրավելու եւս մեկ կազմակերպության, դա այլ խնդիր է, եւ հարցը ենթատեքստից դուրս քննարկելն անիմաստ եմ համարում», ասել է Անդրանիկ Մարգարյանը:
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է ղարաբաղյան հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Էլմար Մամեդյարովը նկատել է, որ խաղաղապահ գործունեությունը կարող է իրականացվել միայն ԵԱՀԿ շրջանակներում. «Խնդիրն առաջին հերթին պայմանավորված է խաղաղապահների մանդատով, որը դեռ չենք սկսել մշակել: Հակամարտության կողմերը պետք է հասկանան, որ այդ ուժերը չեն կարող լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից կամ հարակից պետություններից»: