Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում գերազանց ելույթներ ունեցան հայ շախմատիստները, որոնք 3-րդ անգամ անընդմեջ արժանացան բրոնզե մեդալների: Առաջնությունում, բացի թիմային հաշվարկից, նաեւ անհատական հաշվարկ էր կատարվում: Առաջնության մասնակից 9 թիմերի կազմերում մրցաշարին մասնակցած 54 շախմատիստներից լավագույն արդյունքի հասան աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած ռուսաստանցի գրոսմայստերներ Եվգենի Բարեեւը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը, որոնք վաստակեցին 5,5-ական միավոր: Ընդ որում, Բարեեւն անցկացրել էր ընդամենը 6 պարտիա, որոնցից 5-ը շահել էր, մեկն ավարտել ոչ-ոքի: Իսկ Մորոզեւիչը մասնակցել է յոթ մրցախաղի:
Երկրորդ արդյունքը պատկանում է Լեւոն Արոնյանին, որը Պյոտր Սվիդլերի, Բու Քսյանջիի, Ժանգ Ժոնգի եւ Նի Հուայի հետ իր օգտին 5 միավոր է գրանցել: Լեւոնն առաջին խաղատախտակի վրա մասնակցել է բոլոր 8 հանդիպումներին, որոնցում տարել է 2 հաղթանակ, 6 պարտիա ավարտել ոչ-ոքի:
Ինչպես եւ Լեւոն Արոնյանը, մրցաշարն առանց պարտության անցկացրեցին նաեւ Կարեն Ասրյանը (4,5 միավոր), Վլադիմիր Հակոբյանը (4) եւ Սմբատ Լպուտյանը (2): Առաջին երկուսը մեր հավաքականի հիմնական կազմի խաղացողներն էին եւ մասնակցեցին 7-ական հանդիպման: Վերջնագծում մրցապայքարի մեջ մտած Սմբատ Լպուտյանը մասնակցեց ընդամենը 3 հանդիպման, բայց բավական վստահ անցկացրեց մրցախաղերըՙ տոնելով մեկ հաղթանակ, 2 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Հայաստանի այս տարվա չեմպիոն Աշոտ Անաստասյանը 5 պարտիաներում 2,5 միավոր պարգեւեց իր թիմին: Իսկ ահա Ռաֆայել Վահանյանը մասնակցելով ընդամենը 2 խաղի, վաստակեց կես միավոր:
Աշոտ Հայրապետյան