Քաղաքական տեսությունները, նայած ինչ կուսակցություն կամ շահեր են ներկայացնում, ղեկավարվում են սեփական շարժառիթներով, հաճախ հակոտնյա` մեկը մյուսին: Սահմանադրական հանրաքվեի առթիվ մեկնարկած բաց երկխոսության կամ բանավեճի ժանրը, այնուամենայնիվ, առայժմ տաք քննարկումներով չի բնորոշվում: Նույնիսկ եթե բանավիճում են ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ու դաշնակցական, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Ավելին, «Հայելի» ակումբում երեկ կայացած հանդիպմանը շատ հարցերում նրանք համակարծիք էին: Օրինակՙ տզրուկների: «Սրանք այն ուժերն են, որոնք միշտ եղել են իշխանության մեջ, նույնիսկ խորհրդային տարիներին: Հետո ՀՀՇ վերաներկվեցին, հետո ուրիշ անուններ ձեռք բերին, որովհետեւ իշխանությունից դուրս գոյատեւել չեն կարող: Այլ միջավայրում սատկում են: Ինչպես ձուկը ջրից դուրս: Աղքատ երկրում, ուր մարդիկ երկրի կառավարմանը մասնակցության իրենց իրավունքը վաճառում են այս մարդկանց, չի կարելի հաշվի չնստել նրանց հետ: Իշխանությունը պիտի կարողանա ձերբազատվել նրանցից»: Սա Վահան Հովհաննիսյանի համոզմունքն է:
Վազգեն Մանուկյանի կարծիքով առավել վտանգավոր է տզրուկների այն դասը, որոնց «իշխանությունը փայփայում է, որպեսզի նրանց վրա հենվի: Սրանք առաջանում են, որովհետեւ համակարգն է այդպիսին»: Այնուամենայնիվ, բանավիճողներից ոչ մեկը տզրուկներից որեւէ մեկի անունը չտվեց` ապավինելով լրագրողների դիտողականությանը:
Վազգեն Մանուկյանի խոսքն ավելի շատ երկրում տիրող իրավիճակի, ներքաղաքական խոցերի վերլուծություն էր: Դարձյալ Վահան Հովհաննիսյանը համակարծիք էր նրա այն դիտողությանը, թե «կառավարության համակարգում աշխատող եւ դրանից դուրս օլիգարխների մակարդակը նույնիսկ միջին նիշից ցածր է. «Չէ, դե գոնե տառերը պիտի իմանան...», արձագանքեց նա ԱԺՄ նախագահին:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա Վազգեն Մանուկյանը գնահատում է` «Իրականում դրանք այդքան շատ բան չեն տալիս, ինչքան ասվում է: ԱԺ-ին միլիմետրանոց իրավասություններ են տրվում, բայց այդ դեպքում էլ վտանգ է առաջանում, որ խորհրդարանական ընտրություններն ավելի շատ վերահսկողության կենթարկվեն, որպեսզի այնտեղ ոչ մի «վտանգավոր» մարդ չմտնի»: ԱԺՄ նախագահը ամենալուրջ փոփոխություններ տեսնում է արդարադատության բնագավառում, օրինակ, դատավորների նշանակման կարգում, բայց նույնիսկ այստեղ էլ սրբագրումների կարիք կա: Նրա այն դիտողությունը, թե ինչն է խանգարում խորհրդարանին սահմանների փոփոխության մասին դրույթին ավելի անվտանգ ու ճշգրիտ ձեւակերպում տալ, այն է` «սահմանների փոփոխությունը հնարավոր է միայն ԱԺ-ի հաստատումից հետո հանրաքվեի միջոցով», Վահան Հովհաննիսյանը բանավեճի ողջ ընթացքի միակ կոշտ պատասխանը հնչեցրեց` «Եթե դուք լինեիք ԱԺ-ում եւ ձեր համոզիչ ելույթով հիմնավորումներ ներկայացնեիք, սահմանադրական փոփոխությունների նախագիծը շատ ավելի լավը կլիներ»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ