«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2005-11-10 | #205, 2005-11-11 | #206, 2005-11-12


ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆ ՄԻԱՅՆ «ԵՐԵՎԱՆԳԱԶԻՆ»

«Հայռուսգազարդի» Երեւանի մասնաճյուղումՙ «Երեւանգազում» նոյեմբերի 1-ից ներդրվել է «մեկ պատուհանի» սկզբունքը: Այս մասին երեկ հայտնեց «Երեւանգազի» տնօրեն Վարդան Հարությունյանը: Համաձայն նոր կարգի, այսուհետեւ, նախկինում գործող բազմաթիվ կազմակերպությունների փոխարեն գազիֆիկացման բոլոր աշխատանքները կկատարեն մեկ տեղում:

Բնակիչը պետք է ներկայանա «Երեւանգազի» նախագծանախահաշվային ծառայությունՙ բնակարանի սեփականության վկայականով եւ անձնագրի պատճենով, դիմում գրի այնտեղ, ծանոթանա գազիֆիկացման բոլոր մանրամասներին: Այդ գործընթացի բոլոր վճարումներն այսուհետեւ նմանապես կատարվելու են ընկերության դրամարկղում, եւ իրենց կատարած վճարումների դիմաց քաղաքացիները կստանան համապատասխան կտրոններ: Մասնավորապես տեխպայման ստանալու համար սահմանված վճարը 300 դրամ է, տեխնիկական անձնագիր ստանալու վճարը, եթե բնակարանն արդեն գազիֆիկացված էՙ 1500 դրամ, չգազաֆիկացված բնակարանի համարՙ 3000 դրամ, առանձնատան համարՙ 5000 դրամ: Տեխնիկական պայմանը տրվում է վճարումը կատարելուց 7 օր հետո: Նույն ժամկետն է նաեւ տեխնիկական անձնագրի տրամադրման դեպքում:

Նոյեմբերի 15-ից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կընդունի շինմոնտաժային աշխատանքների ծախսերի հաշվարկման մեթոդիկան եւ մի շարք այլ չափորոշիչներ: Ինչպես նշեց Վարդան Հարությունյանը, համաձայն այդ չափորոշիչների, «Հայռուսգազարդը» պայմանագիր կկնքի այն կազմակերպությունների հետ, որոնք կհամապատասխանեն այդ չափորոշիչներին, եւ որոնք «Հայռուսգազարդի» վերահսկողությամբ կիրականացնեն գազիֆիկացման աշխատանքներ: «Հայռուսգազարդը» պարտավորվում է ավարտել նաեւ նախկինում գործող ՍՊԸ-ների կիսատ թողած աշխատանքները, իսկ եթե դրանք կատարվել են թերություններով, ապա այդ թերությունները պետք է վերացնեն հենց այդ ՍՊԸ-ներըՙ իրենց հաշվին: «Երեւանգազի» տնօրենը նաեւ հորդորեց բնակիչներին զերծ մնալ կասկածելի ծագում ունեցող ՍՊԸ-ներից եւ նրանց գումարներ չտալ, քանի որ այդ գումարները նրանք կվերցնեն եւ կանհետանան, իսկ բնակիչները միայնակ կմնան իրենց խնդիրների հետ:

«Ազգի» այն հարցին, թե ի վերջո ո՞ր կազմակերպությունը պետք է պատասխանատվություն կրի նման ՍՊԸ-ների գոյության համար, Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ հավանաբար լիցենզիա տրամադրող կազմակերպությունը: Հայտնի է, որ գազիֆիկացման աշխատանքներն իրականացնող ՍՊԸ-ներին լիցենզիաներ է տրամադրում քաղաքաշինության նախարարությունը: Սակայն այս նախարարությանը մինչ այժմ հաջողվել է նախանձելիորեն զերծ մնալ պատասխանատվություն կրելուց լիցենզիաների անվերահսկելի բաժանմամբ զբաղվելու համար, ինչի հետեւանքով ունեցանք բազմաթիվ խաբված եւ նյութական կորուստներ կրած բնակիչներ:

Ներտնային սպասարկումը նույնպես իրականացնելու է «Հայռուսգազարդը»: Ընկերության աշխատակիցները տարեկան երկու անգամ պետք է այցելեն բնակարաններ եւ ստուգեն գազասարքերի սարքինությունն ու անվտանգությունը: Դրանցում թերությունների առկայության դեպքում անսարքությունը վերացնելու համար բնակիչները պետք է վճարեն: «Երեւանգազի» տնօրենը մեկ անգամ եւս խնդրեց բնակիչներին պահպանել գազօգտագործման անվտանգության կանոնները, զերծ մնալ ինքնաշեն վառարանների տեղադրումից, քանի որ դրանով վտանգում են ինչպես իրենց, այնպես էլ շենքի մյուս բնակիչների անվտանգությունը:

Ծխաօդատար ուղիները դարձյալ մաքրելու են հրշեջ կազմակերպությունները, բայց «Հայռուսգազարդի» հետ կնքած պայմանագրի համաձայն: Երբ բաժանորդը դիմի «Երեւանգազին», այնտեղ նրան կասվի, թե որ հրշեջ կազմակերպությունն է բարեխղճորեն կատարում իր աշխատանքը, այլ ոչ թե զբաղվում պիտանելիության ակտի վաճառքով:

Մեր այն հարցին, թե պարտադի՞ր է, որ բնակարանի ներսում անցնող գազատար խողովակներն անպայման փոխվեն, Վարդան Հարությունյանը բացասական պատասխանեց: Նա հայտնեց, որ այդ խողովակները փորձարկվելու են, եւ բնակիչը վճարելու է միայն փորձարկման եւ մնացած մոնտաժման աշխատանքների համար անհրաժեշտ գումարը:

Վերջում Վարդան Հարությունյանը խնդրեց լրատվամիջոցներին հրապարակել այն հեռախոսահամարը, որ բնակիչները կարող են դիմել ապօրինություններ նկատելու դեպքումՙ 57-03-07:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4