«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ՖՐԱԴԿՈՎԸ ԿԲԱՑԻ ՎԵՐԱԶԻՆՎԱԾ «ԱՐՄԵՆԱԼԸ» ԵՎ ԿՓԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ

Ռուսական մամուլի օրեր Երեւանում

Դեկտեմբերի 2-3-ը Երեւանում կլինի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: Այցի օրերին նախատեսված է վերազինումից հետո «Արմենալ» ձեռնարկության վերաբացումը: Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը երեկ լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետ Ֆրադկովի այցի օրերին տեղի կունենան գործարար համաժողով, ռուսական արտադրողների մեծ ցուցահանդես, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի տարվա պաշտոնական փակումը:

Իսկ երեկ եւ այսօր Երեւանում անցկացվում են ռուսաստանյան մամուլի օրեր: Հայաստան են ժամանել «Ռոսպեչատի» ղեկավարը, «Կոմսոմոլսկայա պրավդայի», «Սոբեսեդնիկի», «Օգոնյոկի» գլխավոր խմբագիրները, ռուսական այլ առաջատար լրատվամիջոցների խմբագիրներ եւ հրատարակիչներ: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, երեկ բացելով հայ եւ ռուս խմբագիրների «կլոր սեղանը», նկատեց, որ ռուսական լրատվամիջոցները Հայաստանում ունեն պահանջարկ եւ հասկանալի են շարքային հայ քաղաքացիներին:

«Կլոր սեղանի» հայ խմբագիրների որոշ ելույթներից տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը ռուսական մամուլում այնքան էլ դրականորեն չի ներկայացվում, կան ակնհայտ ոչ օբյեկտիվ հրապարակումներ: Մասնավորապես հիշատակվեց «Նեզավիսիմայա գազետայի» օգոստոսյան հրապարակումներից մեկը, որում Հայաստանի նախագահը տիտղոսվել էր «Արմենբաշի»: Մի քանի օր անց հետեւեց պատասխանը. Վլադիմիր Պուտինը` «Ռուսբաշի»: Երբեմն Հայաստանի մասին ռուսական մամուլում տպագրվում են հոդվածներ, որի ընթերցումից տպավորություն է ստեղծվում, թե խոսքը Խորհրդային Հայաստանի մասին է:

«Այն, ինչ դուք լսում եք, բաց մասնագիտական քննարկում է, այստեղ խոսք չի գնում նեղացածության, դժգոհ լինելու մասին, այլ` թե ինչպես շփումները, կապերը բարձրացնել որակական նոր մակարդակի: Ուղղակի մարդիկ փորձում են մասնագիտորեն քննարկել եղած դժվարությունները: Կարծում եմ, այս շփման արդյունքում պետք է ծնվեն նախագծեր: Ակնկալիքն այն է, որ ստեղծվեն նոր մասնագիտական կապեր, որոնք հնարավորություն կտան ավելի օբյեկտիվ, ավելի ընդարձակ լուսաբանելու մեր երկրները լրատվամիջոցներում», ասաց նախագահի օգնական Սարգսյանը:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4