Երեկ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը Թեհրանում հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթթաքիի եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Ըստ «Իռնա» գործակալության, Արտաշես Թումանյանը իրանցի պաշտոնյաների հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր: Թումանյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման մակարդակից եւ իրանական կողմին հանձնել Հայաստանի նախագահիՙ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հասցեագրված ուղերձը: «Երեւանը ողջունում է Թեհրանիՙ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված քաղաքականությունը», ասել է Թումանյանը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը պաշտոնական այցով Իրան է մեկնել նոյեմբերի 11-ին: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության, Թումանյանի գլխավորած պատվիրակությունը Սյունիքի մարզում, ապա եւ իրանական հատվածում այցելել է Իրան-Հայաստան կառուցվող գազատարի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ մոտ ժամանակներում Թավրիզում կբացվի Հայաստանի գլխավոր հյուպատոսություն: