«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համոզված են թուրք գիտնականները

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանն անդրադառնում է նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում կայացած «Թուրքական երեք կարծիք օսմանյան ժամանակաշրջանի հայերի մասին» թեմայով եզակի գիտաժողովին:

Եթե հազվադեպ առիթներով թուրք գիտնականները մասնակցել են հայկական գիտաժողովներին, երբեք չէր եղել, որ ամբողջապես թուրքական մի ֆորում հայ հանդիսատեսին դիմեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ զեկույցներով: Հատուկ զգուշավորության մթնոլորտի առաջին նշանը «Հայկական ուսումնասիրությունների գիտաժողով» ազդագիրն էր, որը հյուրերին դահլիճ էր հրավիրում: Մի հետաքրքրասեր նկատել էր, թե «ուսումնասիրություններ» բառը ձեռքով էր գրված թղթի կտորի վրա, որը հետո էր կպցվել ազդագրի վրա, պոկեց եւ բացահայտեց, որ նախնական հայտարարությունը եղել է «Հայկական ցեղասպանության գիտաժողով»: Պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի ակնկալիքներով 300 հոգի էր սպասվում, մինչդեռ ավելի քան 800 հոգի էր եկել, այդ թվումՙ Լոս Անջելեսում թուրք հյուպատոսի հատուկ ներկայացուցիչը, հավանաբար որպեսզի Անկարային ճիշտ տեղեկություններ հաղորդեր տեղի ունեցածի մասին:

Առաջին զեկուցողըՙ Մինեսոտայի համալսարանի պատմության ամբիոնից պրոֆ. Թաներ Աքչամը նշեց, որ չնայած թուրքական իրարահաջորդ կառավարությունները «մաքրագործել» են օսմանյան արխիվները Հայոց ցեղասպանությանն առնչվող բազմաթիվ ապացույցներից, այնուամենայնիվ, դեռեւս մեծ թվով փաստաթղթեր վկայում են ցեղասպանության կանխամտածված լինելու մասին: Հակառակ թուրք կառավարության պնդումներին, որ հայերը տեղահանվել են միայն Ռուսաստանի սահմանակից շրջաններից, նա համապատասխան ապացույցներով հաստատեց, որ 30 հազար հայեր միայն տեղահանվել են Ստամբուլից, իսկ հազարավորներըՙ պատերազմական գոտուց հարյուրավոր մղոններ հեռու գտնվող այլ քաղաքներից: Նա հավաստեց, որ այդ տեղահանությունները կանխամտածված էին, եւ այդ վայրերն անմիջապես վերաբնակեցվում էին մահմեդական ներգաղթյալներով, որպեսզի ստեղծվեր «զուտ թուրք-իսլամական մի պետություն»: Անդրադառնալով տեղահանվածների ունեցվածքի հափշտակություններին, պրոֆեսորը նշեց, որ հակառակ այդ ժամանակ հնչած խոստումներին, ոչ մի հայ չէր ստացել փոխհատուցում: Դրանց մի մասը տրվել էր մահմեդական նորաբնակներին, իսկ մյուս մասը վաճառվելՙ հոգալու երկրի ռազմական ծախսերը: Նա ավարտեց իր ելույթըՙ կանխատեսելով ցեղասպանության ընդունումը Թուրքիայի կողմից մինչեւ 2015 թվականը, այսինքնՙ մինչեւ Եվրոմիությանը հավանական անդամակցությունը:

Երկրորդ զեկուցողըՙ Արիզոնայի համալսարանի մերձավորարեւելյան ուսումնասիրությունների բաժնից դոկտ. Էլիֆ Շաֆաքն անդրադարձավ մասնավորապես Ադանայի ջարդերի վավերագիր Զապել Եսայանի կյանքին ու գործունեությանը, ավելացնելով, որ թուրք երիտասարդության համար պատմությունն սկսվում է 1923 թ.-ից, երբ Թուրքիայի Հանրապետությունն էր հաստատվում, մինչդեռ հայ երիտասարդության համար պատմությունն ունի ավելի խոր արմատներ. «Մենք պարտավոր ենք դեմ առ դեմ կանգնել մեր անցյալի հետ: Թուրքիան բազմազգ կայսրությունից դարձել է միատարր հանրապետություն: Տեղի է ունեցել ոչ միայն էթնիկական զտում, այլեւ լեզվական», ասաց նա:

Երրորդ եւ վերջին զեկուցողը Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի եւ կանանց խնդիրների ուսումնասիրությունների բաժնի աշխատակից պրոֆ. Ֆաթմա Մյուգե Գյոչեքն էր, որը պատմեց ստամբուլյան գիտաժողովի ոդիսականի մասին եւ ավելացրեց, որ այդ գիտաժողովին ներկա գտնվողներից շատերը թոռներն էին այն թուրքերի, որոնք ցեղասպանության ժամանակ փախցրել եւ ապաստան էին տվել հայերին: Իր հաշվումներով մոտավորապես 2 միլիոն թուրք կա այսօր, որ կիսով չափ հայ է: Պրոֆ. Գյոչեքն էլ հույս հայտնեց, որ մինչեւ 2015 թվականը Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիան թուրքերի եւ հայերի ընդհանուր հայրենիքն է», ասաց նա:

Հարց ու պատասխանի բաժնում դոկտ. Աքչամը բացատրեց, որ որպես հաջորդական քայլեր, Թուրքիան կարող էր կամ պարզապես ներողություն խնդրել, կամ էլ ավելի առաջ գնալ եւ փոխհատուցումներ կատարել: «Հնարավորությունները շատ են», նշեց նաՙ ընդունելով, որ հարցն ավելի քաղաքական էր, քան ակադեմիական:

Ընդհանուր առմամբ հիանալի գիտաժողով էր. «Հայ համայնքի անդամներից շատերը մինչ այդ երբեք չէին լսել հայկական հարցերի եւ մասնավորապես ցեղասպանության մասին խոսող թուրքերի: Դրանով էլ գուցե կարելի է բացատրել, որ ելույթները հաճախակի ընդհատվում էին ծափահարություններով:

Վերջում պրոֆ. Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց թուրք գիտնականներին մասնակցության համար եւ խոստացավ հաջորդ գիտաժողովը նվիրել փոխհատուցման եւ տարածքային պահանջատիրության հարցերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4