«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Վաղվանից սկսվում է «Հեռուստամարաթոն-2005»-ը, գլխավոր միջոցառումը` նոյեմբերի 24-ին

Նոյեմբերի 16-18-ը Հայաստանում եւ Արցախում երկրորդ անգամ անցկացվելու է հեռախոսամարաթոն (ֆոնետոն): «Հայաստան» համահայկական հիմնադրամի կամավորականները մանր եւ միջին ձեռնարկություններ զանգելով կփորձեն հանգանակության խոստումներ ստանալ հայրենական արտադրողներից, գործարարներից: Անցյալ տարվա հեռախոսամարաթոնին հավաքվեց 15 հազար դոլար: Իսկ «Հեռուստամարաթոն-2005»-ի գլխավոր միջոցառումը կկայանա նոյեմբերի 24-ին Լոս Անջելեսում, որի ընթացքում հանգանակված գումարները կուղղվեն ԼՂՀ Մարտակերտի շրջանի վերականգնմանը եւ զարգացմանը:

Եվրոպական հեռախոսամարաթոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 17-20-ը:

Ֆրանսիայում անցյալ տարի հեռախոսամարաթոնն ապահովեց ավելի քան 1 մլն դոլարի նվիրատվություն, որը ոչ միայն ֆրանսահայ նվիրատուների, այլեւ այն հանգանակած գումարն էր, որ Ֆրանսիայից կամավորները հեռախոսազանգերով ստացան եվրոպական մի շարք երկրների հայ համայնքներից: Լիբանանում, որտեղ ամռանը վերաբացվել է հիմնադրամի տեղական մարմինը, նոյեմբերի 24-ին կկազմակերպվի ռադիոմարաթոն (ռադիոտոն)` տեղի հայկական «Վանաձայն» ռադիոկայանով: «Հեռուստամարաթոն-2005»-ին առաջին անգամ կմասնակցի հիմնադրամի Ռուսաստանի նորաբաց տեղական մարմինը:

«Հեռուստամարաթոն-2005»-ին մասնակցելու նպատակով նոյեմբերի 10-ից Ֆրանսիա, այնտեղից ԱՄՆ են մեկնել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը: Սպասվում է նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի ժամանումը Լոս Անջելես:

Ի դեպ, մամուլում լուրեր են շրջանառվում, իբր այս հեռուստամարաթոնին կհաջորդեն կադրային փոփոխություններ «Հայաստան» հիմնադրամում: Մասնավորապես, «Ղարաբաղ-օնլայն» համակարգչային էջի տեղեկություններով հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը հավանաբար նշանակվի ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ: Հիմնադրամի մեր աղբյուրները, սակայն, անհիմն են որակում այս հաղորդագրությունը: Այս տեղեկությունը շրջանառության մեջ դրվեց Նաիրա Մելքումյանի արտերկիր մեկնելու հենց հաջորդ օրը, ինչը ասես միտումնավոր նպատակ է հետապնդում եւ կարող է անվստահության մթնոլորտ ստեղծել հեռաստամարաթոնի շուրջը:

Անցյալ տարվա հեռուստամարաթոնն ապահովեց ավելի քան 11,5 մլն դոլար, ինչը հայազգի մեր բարերարների առատաձեռնության, ինչպես նաեւ հիմնադրամի գործադիր վարչության եւ արտերկրում գործող տեղական մարմինների արդյունավետ աշխատանքի արդյունքն էր: Այս տարի եւս հիմնադրամն ակտիվ քարոզչություն է ծավալել «Արցախի վերածնունդ» ծրագրի իրագործման համար միջոցներ ապահովելու ուղղությամբ: Անցյալ տարվա դրամահավաքը հնարավորություն է տվել առաջիկա երկու տարում ավարտին հասցնելու «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4