«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆՆ «ԱՅՈ» ԱՍԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԸ

Հարգելի Ա. Բաղդասարյան, Արշակ Սադոյան, Շ. Քոչարյան, Ա. Գեղամյան, Արամ Զ. Սարգսյան եւ շատ ուրիշներ:

Սահմանադրությանն «այո» ասելու համար անհրաժեշտ է մի կետ էլ ավելացնել, այն էՙ խորհրդարանի պատգամավոր պետք է ընտրվեն երկու անգամից ոչ ավելի, քանի որ վերջին 10-12 տարիներին միշտ ընտրվում են նույն անձնավորություններն ու այսպես շարունակ, այդ են ապացուցում նաեւ այս վերջին տեղական ընտրությունները:

Իշխանամետները եւ ընդդիմությունը փաստորեն իրենց չեն արդարացնում, միայն իրենց անձնական շահերի համար են պայքարում միմյանց դեմ:

Ամեն մի պատգամավոր պետք է իրեն հաշիվ տա, թե մինչեւ օրս ինչ է արել հայ ազգի բարօրության համար, բացի սեփական մենատներ, հյուրանոցներ, խանութներ, սրճարաններ կառուցելուց, այգիների ծառերը կտրելուց, հողամասեր գրավելուց, Խորհրդային Միության ժամանակ հիմնված գործարանների ամբողջ գույքը մաս-մաս օտարներին վաճառելուց եւ այլն... Վերը նշվածին գումարած նաեւ սպանությունները:

«Հարգելի Արամ Զ. Սարգսյան, ռադիոյով ոգեւորիչ կոչեր եք անում սահմանադրությանը «ոչ» ասելու եւ պատրաստվում եք ժողովրդին ոտքի հանել, թերթիկներ, լոզունգներ բաժանել ու դրոշակներով գյուղերում միտինգներ անել, ավելորդ տեղն անհանգստացնել քրտինք թափող գյուղի աշխատավորին, հանուն ինչի՞:

Կյանքի բարեկեցության համար սահմանադրության մեջ մի կետ եւս պետք է ավելացնել. ընտրվելու համար պատգամավորը պետք է կարգապահ, խելացի, դաստիարակված, ազնիվ, անկաշառ եւ ազգը պահող-պահպանող նվիրյալ լինի:

Արդեն հոգնել ենք ձեր խելացնոր կոչերից, հերիք եղավ: Թողեք, որ գան գործունյա եւ կարող, ազնիվ, հասուն ու երիտասարդ ուժեր, ազգի նվիրյալները:

ԷԼԻԶԱ ԼԱՎԶՅԱՆ, 85 տարեկան միայնակ թոշակառու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4