«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ԱՄԵՆ ՕՐ ԱՃՈՒՄ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ

Տեղեկացնում է Մհեր Շահգելդյանը

Նոյեմբերի 27-ին սահմանադրական փոփոխությունների նախագծին ե՛ւ «այո», ե՛ւ «ոչ» ասողները բավական ակտիվություն կարող են ապահովել: Կողմնորոշվածների թիվն իրազեկման փուլում բավական աճել է, չնայած դեռ պահպանվում է հասարակության հետաքրքրությունը փոփոխությունների հենց իրավական կողմի նկատմամբ: Այս եզրահանգումները երեկ ներկայացրեց Մհեր Շահգելդյանը, ելնելով «այո»-ի քարոզման համակարգող խորհրդի կատարած մոնիտորինգի տվյալներից: Սակայն նույն տվյալների թվային արդյունքները չհրապարակվեցին:

Հանրաքվեին մասնակցության ավելի մեծ ակտիվություն ապահովելու համար Շահգելդյանը կարեւորեց նաեւ քարոզչական աշխատանքը, միաժամանակ փաստելով, որ դեռեւս կարիք կա իրազեկման, քաղաքական գնահատականներին զուգընթաց: Շահգելդյանի գնահատականով, քարոզարշավն ընթանում է նորմալ. թե՛ «այո»-ի եւ թե՛ «ոչ»-ի քարոզիչներն ազատ հնարավորություն ունեն իրենց ասելիքը հասարակությանը հասցնելու: «Այո»-ի քարոզման հաջողությունները Շահգելդյանը բացատրում է փոփոխությունների իրավական կողմի բացատրմամբ, ինչն, իր գնահատականով, հակառակ թեւում չի արվում, ավելինՙ ասելիքը ներկայացվում է քաղաքական մեկնաբանություններով:

Մինչ այժմ համակարգող խորհուրդը հանդիպումներ է ունեցել 115 համայնքներում: Այժմ, Շահգելդյանի հավաստմամբ, իրազեկման փուլից անցել է քարոզչական գործունեությանըՙ քաղաքական գնահատականներին: Քարոզարշավի ողջ ընթացքում «այո»-ի քարոզիչներն իրենց ասելիքը տեղ հասցնելու համար, Շահգելդյանի հավաստմամբ, որեւէ վճարում չեն կատարել զանգվածային լրատվամիջոցներին, քանի որ իրենց գործունեությունը ներկայացվել է հարցազրույցների եւ լրատվության տեսքով:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4