«Ռուս-հայկական ընկերակցություն» մոսկովյան տարածաշրջանային կազմակերպության կազմակերպած «Հայաստանի սահմանադրական բարեփոխումներ» կլոր սեղանի ավարտից հետո ընդունվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է. «Այդ ուղղումների ընդունումը նոր եւ կարեւոր քայլ կդառնա հայոց պետության հետագա ժողովրդավարացման ճանապարհինՙ ստեղծելով քաղաքական եւ տնտեսական առաջընթացի հնարավորություններ»:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը մեջբերում է կլոր սեղանի մասնակիցների այն տեսակետը, թե ՀՀ հիմնական օրենքի փոփոխությունները կբարձրացնեն պետական կառավարման համակարգի արդյունավետությունը: «Նոր նախագիծը հաշվի է առնում միջազգային փորձը եւ կոչված է հավասարակշռելու իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերը: Վերացվում է երկքաղաքացիության արգելքը: Երկքաղաքացիության ընդունումը թույլ կտա սփյուռքահայերին ներգրավվել մեր հայրենիքի կյանքում: Հանրաքվեի եւ սահմանադրական համակարգի կատարելագործման միջոցով սահմանադրության նոր նախագծի ընդունումը կնպաստի նաեւ Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը», նշվում է հայտարարության մեջ:
Պ. Ք.