Հինգ ամիս շարունակ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախաձեռնած «Պահպանենք մեր մշակույթը» հանրապետական փառատոնը հասավ Լոռու մարզ: Վանաձոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան առջեւ մարզի գեղարվեստական խմբերի պարով, ավանդական աղ ու հացով դիմավորեցին Երեւանից ժամանած արվեստագետներին, որոնք էլ քիչ անց, տեղի գործող լավագույն խմբերի, համույթների ու անհատ կատարողների հետ հանդես եկան համերգային ծրագրով: Իսկ մինչ այդ ներկաները հետաքրքրությամբ դիտեցին մշակույթի պալատի ճեմասրահներում բացված մարզի գեղանկարիչներ Մ. Նշանյանի, Ա. Մկրտչյանի, Խ. Ղարաբեկյանի, Ա. Ղեւոնդյանի, ձեւավորող նկարչուհի Լ. Պետրոսյանի եւ գեղագիտության ազգային կենտրոնի տեղի մասնաճյուղի սաների աշխատանքները, ինչպես նաեւ Վանաձորի տիկնիկային թատրոնի տիկնիկների ցուցահանդեսը: Փառատոնի համերգային մասը բացելու պատիվը տրվեց Վանաձորի կամերային երգչախմբին (գեղ. ղեկ.ՙ Ռուզան Մխիթարյան) եւ կամերային նվագախմբին (գեղ. ղեկ.ՙ Ռուդոլֆ Վարդազարյան):
Փառատոնին իր ողջույնը հղեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Փառատոնին օրհնության եւ ողջույնի խոսք հղեց Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, փոխանցելով թեմական առաջնորդ եպս. Չուլջյանի բարեմաղթանքները: Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Երեւանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գեղ. ղեկավար Վահե Շահվերդյանը, արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը:
Սունդուկյանցիները ներկայացրին Մուրացանի «Ռուզան» բեմադրությունից մի հատված: Փառատոնի ավարտին հատուկ շնորհակալական խոսք ասաց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանըՙ նշելով. «Մեր հարուստ մշակութային ժառանգությունը միայն ու միայն կարող ենք պահպանել միասնական ջանքերով...»:
Փառատոնն ավարտվեց, սակայն ներկաները դեռ երկար խմբվել էին մուտքի մոտ ու շնորհակալություն էին հայտնումՙ նշելով. «Շուտ-շուտ եկեք, մենք ձեր կարիքը շատ ենք զգում»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ