Նոյեմբերի լույս 13-ի գիշերը Պյատիգորսկում (Ստավրոպոլի երկրամաս) վանդալիզմի հերթական քայլն է ձեռնարկվել հայ համայնքի դեմ: Երեք չարագործներ կանաչ ներկով «Ալլահ աքբար» բառերն են գրել քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնի պատի վրա եւ ապա հրկիզախառնուրդով լի շիշ նետել շենքի պատուհանից ներս: Տեսախցիկն արձանագրել է նրանց գործողությունները:
Կենտրոնը, որտեղ գտնվում են հայկական մի շարք հասարակական կազմակերպությունների գրասենյակներ, քաղաքի հայկական եկեղեցու կողքին է: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ հրշեջներին հաջողվել է բավական շուտ մարել հրդեհը:
Պյատիգորսկում նոյեմբերի 13-ին կայացած Էթնիկական խորհրդի արտակարգ նիստին մասնակցել են քաղաքի բուլղարական, դաղստանյան, հունական, հրեական, ուկրաինական, ադըղեական եւ հայկական համայնքների ներկայացուցիչները: Ընդունված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ օրենքը վերոհիշյալ գործողությունները համարում է հրկիզման միջոցով ունեցվածքի կանխամտածված ոչնչացում: Իսկ շենքի վրա արված մակագրությունը վկայում է, որ հանցագործները ձգտում են ապակայունացնել քաղաքի իրադրությունը:
Փաստաթղթում ցավով արձանագրվում է, որ նման գործողությունները Պյատիգորսկում սովորական են դարձել: «Քաղաքի ազգային համայնքները միավորող Էթնիկական խորհուրդը դատապարտում է վանդալիզմի հիշյալ քայլը եւ ընդգծում նման սադրանքներին պատասխանելու անթույլատրելիությունը», նշվում է հայտարարության մեջ: Հույս է հայտնվում, որ քաղաքի իշխանություններն անաչառ գնահատական կտան միջադեպին եւ կպատժեն մեղավորներին:
Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի երկրամասի բաժանմունքի գործադիր վարչության տնօրեն Էդուարդ Կոնդյանի խոսքերով, Պյատիգորսկի հայկական ազգամշակութային ինքնավարության ղեկավարությունը երեկ համապատասխան դիմումներ է ներկայացրել քաղաքի դատախազությանը, ՆԳ վարչությանը եւ վարչակազմին: Նրա կարծիքով, կասկած չկա, որ չարագործության հեղինակները մահմեդականները չեն: Առհասարակ քաղաքում եւ երկրամասում հաճախ են սադրանքներ ձեռնարկվում ազգային փոքրամասնությունների դեմ:
Պ. Ք.