«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ՔԱՅԼՈՂ ԶԻՆՎՈՐԸ

Սփյուռքահայ գրող, հրապարակախոս, խմբագիր եւ հրատարակիչ Արամ Սեփեթճյանը (ապրում է Բեյրութում) իր ծննդյան 70-ամյակին ուխտագնացությամբ եկել է Հայաստան: Առիթը ոչ միայն գրողի նորՙ «Ժամանակայոյզ խոհեր» գրքի շնորհանդեսն է, որը կկայանա ամսի 16-ին Թեքեյան կենտրոնում, այլեւ գրերի ստեղծման 1600-ամյակը:

Գրողների միության կլոր սեղանի շուրջը հավաքված գրողները, լրագրողներն ու մտավորականները հյուրի 70-ամյա հոբելյանին ներկայացրին նրա կյանքի եւ գործունեության բավական տպավորիչ հանրագումարը:

«Անլույս գիշեր», հետագայում նաեւ «Կյանքի կարոտով», «Ողջակեզ», «Հող եւ մորմոք» եւ մյուս ժողովածուներն արդեն բավական են Արամ Սեփեթճյան գրողի, արձակագրի մասին տպավորություն կազմելու համար, ուր հեղինակն արտահայտում է թե՛ անձնական, թե՛ հայրենիքի, ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ իր ապրումները: Օրվա բանախոս Սուրեն Դանիելյանի ներկայացմամբ, գրականության եւ լրագրության մայրուղիներով քայլող Արամ Սեփեթճյանի լրագրողական վաստակի մասին խոսեց ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Տկն Գեւորգյանն օրվա հոբելյարին հենասյուն համարեց սփյուռքի այս դժվար պայմաններում հայ մամուլը պահելու համար եւ նրան նվիրեց ժուռնալիստների միության անդամության տոմս:

«Բանաստեղծական ներշնչանքով ապրող արձակագրի» մարդկային ընդունելի կերպարի մասին խոսեց մշակույթի ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը: Նա նշեց, որ միաժամանակ ե՛ւ գրող, ե՛ւ ազգային գործիչ Արամ Սեփեթճյանը միշտ երիտասարդ է, կենսախինդ եւ աշխույժ: Ինքըՙ Արամ Սեփեթճյանը, վերջում համեստորեն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ կոչ արեց հայրենիքի, ժողովրդի, գրի եւ գրքի պահպանման համար ջանք չխնայել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4