«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ԹՈՒՄԱՆՅԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՂ ՆՈՐ ԳԻՐՔ

Հովհ. Թումանյանի գնահատման նոր մոտեցում

Թումանյանագիտությունը երբեք չի սպառվում: Ազգային մեծ բանաստեղծի մասին միշտ էլ կարելի է փնտրել ու գտնել նոր նյութեր, կատարել նոր մեկնաբանություններ եւ այդ ամենը մատուցել նորովի, մանավանդ որ այսօրվա սերնդին անհրաժեշտ են նոր մտածելակերպ եւ գնահատման ժամանակակից չափանիշներ:

Մեկ դար շարունակ Թումանյանին ուսումնասիրել ու գնահատել են մի քանի տասնյակ գրականագետներ: Նա դարձել է հավերժություն ապրող հանճարեղ բանաստեղծ: 20-րդ դարի վերջում եւս նշանավոր թումանյանագետներ Արամ Ինճիկյանը, Մկրտիչ Մկրյանը, Լեւոն Հախվերդյանը, Էդուարդ Ջրբաշյանը եւ Հրանտ Թամրազյանը չէին կարող սպառել Թումանյանի կյանքի ու ստեղծագործություններիուսումնասիրմը: Այնպես որ, արդի յուրաքանչյուր նոր ուսումնասիրություն գալիս է լրացնելու ոչ միայն եղածը, այլեւ նոր խոսք է ասում չսպառված թեմայի մասին: Մեր ասածի լավագույն վկան է վերջերս հրատարակված «Հովհաննես Թումանյան. հայրենագիտական համանվագներ» ուսումնասիրությունը, որի հեղինակը ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանն է: Ով փորձում է բարեխղճորեն աշխատել, նա գտնում է Թումանյանի աշխարհը: Այս գրքի հեղինակին հաջողվել է բացահայտել Թումանյան բնապաշտ-հայրենագետի, ազգագրագետ-տոհմագետի, պատմագետ-հնագետի, ինչու չէ նաեւ մարդաբանի մեծ աշխարհը: Եվ այդ ամենը Գ. Շախկյանը մարդկային բացառիկ իմացությամբ ներկայացրել է ընթերցողին: Հովհ. Թումանյանը Լոռվա մեծ գիտակ ու բնության մեծ սիրահար էր, որի վկան իր ստեղծագործություններն են: Գ. Շախկյանին հաջողվել է նորովի թափանցել հանճարեղ եւ իմաստուն բանաստեղծի հոգեկան ապրումներով լի աշխարհը եւ նրա հավերժական արժեքները հավերժացնելու նոր ուղիներ գտնել: Հովհ. Թումանյանը թողել է գրականության, լեզվի, բանահյուսության, ճարտարապետության եւ պատմամշակութային բազում հանճարեղ ստեղծագործություններ, աֆորիզմներ, ասույթներ, մտքեր, որոնք հայ մշակույթի պատմության բացառիկ արժեքներից են: Գ. Շախկյանը հայագետ Թումանյանին ներկայացնում է բանաստեղծին վայել հետաքրքրությունների լայն շրջանակներում, ուր բանաստեղծն առնչվում է պատմագրության, ճարտարապետության, երաժշտության, հուշարձանների, հնագույն արձանագրությունների հետ:

Հովհ. Թումանյանի յուրաքանչյուր ստեղծագործություն, գեղարվեստական բարձր արժանիքներից բացի, հագեցած է հայրենագիտությամբ եւ մարդաբանությամբ: Հովհ. Թումանյանի ազգային ավանդույթների բացահայտումը եւ պահպանումը մարդկային կյանքի փիլիսոփայության եւ հոգեբանության, աշխարհը ճանաչելու բացառիկ օրինակ է: Ինչպես բոլոր թումանյանագետները, Գ. Շախկյանը եւս իր մեծ հայրենակցին գնահատում է ժողովրդի հոգու աչքերով: Իսկ Ժողովուրդը կատարյալի գնահատման չափանիշն է: Հովհ. Թումանյանի ժողովրդայնության մասին ամենաբարձր կարծիքը Եղիշե Չարենցինն է: Ոչ ոք Թումանյանի ստեղծագործության համամարդկային եւ տիեզերական ընդգրկումները եւ պատվավոր տեղը համաշխարհային պոեզիայի համապատկերի մեջ չի գնահատել այնպես, ինչպես Չարենցը: «Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության», ասել է հանճարեղ Չարենցը: Թումանյանի հանճարեղության չարենցյան այս գնահատականը հիմնված է բանաստեղծի հայրենագիտական ներդրումների վրա: Ինչպես նշում է գրքի հեղինակը, հայրենագիտական հարուստ դրսեւորումներով են հագեցած Թումանյանի վաղ շրջանի գործերը: Անշուշտ դրանք բանաստեղծի մանկական եւ պատանեկան տարիների վառ տպավորություններն են, որոնք դրոշմվել են հայրենի բնաշխարհից: Հիշենք իր խոսքը. «Պատանի ժամանակ սիրում էի մեր հանդերում ու բլուրների վրա, ծառերի տակ մեջքիս վրա պառկել ու ժամերով խորասուզվել երկնքի մեջ կամ բնության»:

Գրքի հեղինակը անդրադարձել է Թումանյանի պատմագիտական հոդվածներին, ճանապարհորդական նոթերին, հրապարակային ելույթներին, նամակներին, որոնք համակված են ազգային քաղաքակրթության եւ մշակութային պատմության զարգացման մտահոգությամբ: Թումանյանի հայրենագիտական ընդգրկումների մեջ Գ. Շախկյանը կարեւորում է թումանյանական տոհմաբանության խնդիրները, որին առաջինը անդրադարձել է ինքը` Հովհ. Թումանյանը: Այս խնդրի ամենամեծ ներդրողն է եղել վաստակաշատ թումանյանագետ Ա. Ինճիկյանը` առաջին անգամ տալով հարցի բազմակողմանի եւ խոր պատմագիտական վերլուծություն:

Հովհ. Թումանյանի ստեղծագործական ժառանգության մեջ ճարտարապետության եւ ազգային հնագիտական մշակույթի հարցերը ընդգրկուն տեղ են զբաղեցում: Այդ հարցերը ճարտարապետ գիտնականի ուշադրությունից չեն վրիպում: Նա ըստ արժանվույն է գնահատում ու արժեւորում բանաստեղծի ազգանվեր մտահոգությունը: Գրողի ստեղծագործություններում տեղ գտած ճարտարապետության եւ հոգեւոր-մշակութային հարցերին անդրադառնում է խիստ մասնագիտական չափանիշներով: Իրոք, Թումանյանը արգասաբեր գործ է կատարել հայոց վանքերի եւ լուսավորության կենտրոն համարվող եկեղեցիների գնահատման գործում, իսկ շատ դեպքերում էլ մտահոգվել նրանց անխնամ ու անմխիթար վիճակով: Ինչպես Ավ. Իսահակյանը, այնպես էլ Հովհ. Թումանյանը հուզմունքով ու հիացմունքով են դիտել Անիի ավերակները, Անին` իր հիասքանչ ճարտարապետությամբ: Մեծ բանաստեղծը հմայված էր Անիով: «Լուռ, մտասույզ թափառում էր` անցյալի հետ ներքին խոսակցությամբ տարված. կանգնում էր հրաշակերտ շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամարներին, քանդակներին, ապա աչքերը գոցում եւ ականջները լարում, կարծես մի երաժշտություն էր լսում, ո՛չ սովորական, ո՛չ այս աշխարհից», վկայում էր Ավ. Իսահակյանը: Այնուհետեւ Վարպետը շարունակում է. «Երբ պարիսպներից դուրս էինք գալիս, արդեն Օհաննեսը վերջին անգամ նայեց Անիին եւ ասաց. «Ինչքան մարդ պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա: Մի՞թե այս գեղեցկությունը պիտի մեռնի` առանց հետք թողնելու հայկական եւ ուրիշ ժողովուրդների արվեստի վրա»:

Վերլուծելով բանաստեղծի արվեստի հարցերին նվիրված մի շարք հոդվածներ` Գ. Շախկյանը հայ արվեստի պատմության եւ տեսության համար ուսումնասիրման կարեւոր աղբյուր է համարում Թումանյանի հոդվածները` նվիրված դրամատուրգիային, թատրոնին, երաժշտությանը, ճարտարապետությանը եւ մշակույթի այլ ճյուղերին: Լոռու Դսեղ գյուղը հայտնի է պատմական ու մշակութային արժեք ունեցող հուշարձաններով, բարձրաքանդակներով, ընդարձակ գավիթներով, որոնցով ժամանակին հիացել է ազգային գրողը: Գրքի ուշագրավ բաժիններից մեկը նվիրված է Դսեղի տարածքում գտնվող Մամիկոնյանների բարձրաքաշ Ս. Գրիգորի տաճարին:

Հովհ. Թումանյանի նուրբ ու հոգեցունց աշխարհը թափանցելու գործում Գ. Շախկյանը ցուցաբերում է ոչ միայն ճարտարապետական, հնագիտական համակարգված հետազոտություն, այլեւ գրականագիտական եւ լեզվագիտական բանիմացություն:

Գրքի ամենաուշագրավ բաժիններից է «Թումանյանը եւ «Հայոց ճարտարապետության հիշատակարանների լեզվի առաջին ուսուցիչը»: Այստեղ քննվում են Թումանյան եւ Թորոս Թորամանյան առնչություններն ու գիտական գործունեության մի շարք հարցեր:

Հովհ. Թումանյանը, իրոք, հանճար է եւ ուսումնասիրման անսպառ աղբյուր: Այդ միտքը հաստատելու բազում ուսումնասիրությունների կողքին ավելանում է նաեւ մեկը: Գրքի վերջում հեղինակը ներկայացնում է Թումանյանի տոհմածառը, որը գիտնականի տքնաջան, մանրակրկիտ եւ ազնիվ նվիրումի հաստատումն է:

Կարծում ենք, որ հարուստ փաստերով եւ ծավալուն շարադրանքով պատկերազարդ այս գիրքը կհարստացնի թումանյանագիտության պատմությունը:

Մնում է նվիրյալ գիտնականի գիրքը իր արժանի գնահատականը ստանա գրականության եւ արվեստի աշխարհում:

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4