Երուսաղեմի պատրիարքարանի դիվանից ստացված հաղորդագրությունից տեղեկացանք, որ Սրբոց Յակոբեանց Ժառանգավորաց վարժարանում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած լուրջ միջադեպից հետո Ընծայարանում կարգապահությունը վերահաստատվել է: Ժառանգավորների խստապահանջ առօրյան շարունակվում է դասերով ու կրոնական պարտականություններով: Ճեմարանի ուսումնական խորհուրդը, խորհրդակցելով Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի հետ, զբաղվում է վարժարանի ուսումնական կենցաղով, դաստիարակչական, կարգապահական եւ բարոյական հարցերով: Ուսումնական խորհուրդը օժանդակում է վարժարանի փոխտեսուչ Հայկազուն աբեղա Եղիայանինՙ հսկելով ներքին կարգապահությունը, կրոնական եւ ուսումնական պարտականությունների կատարումը: Վարժարանի ուսուցչական կազմը գումարում է հերթական ժողովներ վերաքննելու ժառանգավորների դաստիարակչական առաջադիմությունն ու բարոյական վարքը, ըստ Ճեմարանի կրթական պահանջների: Հաղորդագրությունը ոչինչ չի ասում Ժառանգավորացի տեսուչ` Պարետ վարդապետի կարգավիճակի մասին:
Ռ. Պ.