«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ

Քաթարում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս եկան 69 կգ քաշայիններ Արմեն Ղազարյանն ու Արթուր Դանիելյանը: Մեր մարզիկներին չհաջողվեց մեդալ նվաճել: Ավելի հաջողն Արմեն Ղազարյանի ելույթն էր, որը երկամարտում զբաղեցրեց 4-րդ տեղը: Պոկում վարժությունն Արմենը սկսեց 137 կգ-ովՙ հաջողությամբ «սանձելով» ծանրաձողը: Երկրորդ մոտեցման ժամանակ նա պատվիրել էր 142 կգ, որը միայն երրորդ փորձից բարձրացրեց: Այսպիսով, առաջին վարժությունից հետո Ղազարյանը 142 կգ արդյունքով 6-րդ տեղում էր:

Հրում վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից միայն մեկում կարողացավ բարձրացնել 176 կգ ծանրությունը: Եթե նրան հաջողվեր հրել 181կգ-անոց ծանրաձողը, ապա կդառնար բրոնզե մրցանակակիր այդ վարժությունում: Այսպիսով, երկամարտի 318 կգ արդյունքով Արմեն Ղազարյանը գրավեց 4-րդ տեղըՙ 6 կգ-ով զիջելով բրոնզե մեդալ նվաճած ֆրանսիացի Վենսելա Դաբայային:

Մեր մյուս ծանրորդըՙ Արթուր Դանիելյանը գրավեց 7-րդ տեղը: Նա առաջին մոտեցմամբ բարձրացրեց 132 կգ ծանրությունը, ապա միայն երկրորդ փորձից կարողացավ հաղթահարել 137 կգ-ը: Այս արդյունքը պոկում վարժությունում 8-րդն էր: Հրում վարժությունում Արթուրն առաջին մոտեցմամբ հաղթահարեց 172 կգ ծանրությունը, սակայն հաջորդ երկու փորձերըՙ բարձրացնելու 180 կգ-անոց ծանրաձողը, անհաջողությամբ պսակվեցին: Երկամարտի 309 կգ (137+172) արդյունքով Արթուր Դանիելյանը գրավեց 7-րդ տեղը:

Իսկ չեմպիոնի տիտղոսին կրկին արժանացավ չին ծանրորդը: Շի Չժիյունը երկամարտի 350 կգ (160+190) արդյունքով արժանացավ ոսկե մեդալի: Արծաթե մրցանակակիր դարձավ կորեացի Լի Բե Յանգըՙ 337 կգ (152+185): Բրոնզե մրցանակակիր ֆրանսիացի Վենսելա Դաբայայի արդյունքն է 324 կգ (145+179):

Չին ծանրորդներն ու մարզուհիները հիանալի են հանդես գալիս Դոհայում: Քաշային մյուս կարգում (77 կգ) կրկին ուժեղագույն ճանաչվեց Չինաստանի ներկայացուցիչը: Երկամարտի 361 կգ (165+196) արդյունքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լի Խունլին: Նա 8 կգ-ով գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած ռումինացի Սեբաստիան Դոգարիուինՙ 353 կգ (163+190): Բրոնզե մեդալը նվաճեց քաթարցի Սուֆյան Աբասըՙ 351 կգ (160+191):

Քաշային այս կարգում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հովհաննես Ամրեյանն անհաջողության մատնվեց: Պոկում վարժությունում նա չկարողացավ բարձրացնել պատվիրած 155 կգ ծանրությունը եւ 0 ստացավ: Նույն բախտին արժանացավ նաեւ հրում վարժությունումՙ չկարողանալով իրեն ենթարկել 185 կգ-անոց ծանրաձողը:

Կանանց մրցապայքարում Ռուսաստանի հավաքականին առաջին ոսկե մեդալը պարգեւեց 18-ամյա Զարեմա Կասաեւան (69 կգ): Աթենքի օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիրը հրում վարժությունում բարձրացրեց 157 կգ ծանրություն եւ 4 կգ-ով բարելավեց չին մարզուհի Լյու Չունխունի համաշխարհային նախկին նվաճումը: Երկամարտում ցույց տալով 275 կգ արդյունք, նա կրկնեց նույն չին ծանրորդուհու համաշխարհային ռեկորդը: Ռուսաստանցի մեկ այլ մարզուհիՙ Օլգա Կիսելյովան, երկամարտի 250 կգ (110-140) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ արծաթե պարգեւին արժանացավ չին մարզուհի Լյու Խայսյանՙ 274 կգ (120+154):

Լյու Չունխունը Քաթարում հանդես եկավ մինչեւ 75 կգ քաշային կարգում: Այստեղ եւս նա իր հավասարը չունեցավՙ երկամարտի 285 կգ (126+159) արդյունքով արժանանալով ոսկե մեդալին: Նա 7 կգ-ով գերազանցեց հրում վարժության աշխարհի ռեկորդը, որը սահմանել էր իր հայրենակցուհի Սուն Ժույպինը 2002 թ. ասիական խաղերում: Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, ռուսաստանցի Նատալյա Զաբոլոտնոյան Քաթարում եւս ճանաչվեց 2-րդըՙ 285 կգ (130+155): Նա պոկում վարժությունում աշխարհի 2 ռեկորդ սահմանեցՙ հաջորդաբար ցույց տալով 127 եւ 130 կգ արդյունք: Հրում վարժությունում էլ նրա արդյունքը (155 կգ) աշխարհի նոր ռեկորդ էր: Սակայն երրորդ մոտեցմամբ Չունխունը հրեց 159 կգ եւ դարձավ աշխարհի ռեկորդակրուհի: Բրոնզե մեդալը նվաճեց 18-ամյա Սվետլանա Պոդոբեդովանՙ 279 կգ (124+155):

Համաշխարհային չորս ռեկորդ սահմանվեց մինչեւ 63 կգ քաշային կարգում: Դրանցից մեկի հեղինակը ռուսաստանցի Սվետլանա Շիմկովան էր, որը հրեց 139 կգ: Սակայն այդ ցուցանիշը շուտով գերազանցվեց թաիլանդցի Պավինա Տոնգսուկի կողմից (140 կգ): Վերջինս եւս երկու ռեկորդ սահմանեց պոկում (116 կգ) վարժությունում եւ երկամարտում (256 կգ):

Աշոտ Հայրապետյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4