Թռչնաֆաբրիկաների սեփականատերերը ռիսկի են ենթարկում իրենց գումարները, իսկ մենք բոլորսՙ մեր կյանքը
Թռչնագրիպի տարածման վտանգի մասին խոսելով, թռչնաբուծական ֆաբրիկաների ղեկավարները մեր թերթում վերջերս կարծիք էին հայտնել, որ Հայաստանում եւ մասնավորապես իրենց ղեկավարած թռչնաֆաբրիկաներում այդ վտանգը գոյություն չունի, եւ որ թռչնագրիպի մասին տարածվող լուրերը խիստ չափազանցված են: Տպավորությունն այնպիսին էր, որ նրանք անհանգստացած էին ոչ այնքան այդ հիվանդության տարածման հնարավորությունից, որքան այն կորուստներից, որոնք կրում են հավի եւ ձվի պահանջարկի անկման պատճառով: Համաձայն նրանց հայտնած տեղեկությունների, հավի եւ ձվի իրացման ծավալները Հայաստանում նվազել են 35-40 տոկոսով:
Որքանո՞վ են այս հայտարարությունները մոտ իրականությանըՙ միայն դրանց հեղինակներին է հայտնի: Համենայն դեպս նրանցից ոչ ոք արտադրանքի նվազման քանակային եւ գումարային տվյալների մասին չի նշել: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ:
Բնականաբար, թռչնագրիպի տարածման աշխարհագրության ընդլայնումը եւ այդ հիվանդությամբ հիվանդացած մարդկանց բարձր մահացության դեպքերը տագնապ են ստեղծել նաեւ Հայաստանում, ինչի հետեւանքով թռչնամսի եւ ձվի սպառումը հաստատապես նվազել է:
Սակայն որքա՞ն են դրանք նվազելՙ հասարակ մահկանացուներս երբեք չենք իմանա, քանի որ երբեք չենք իմանում, թե որքան են թռչնամսի եւ ձվի արտադրության եւ սպառման իրական ծավալները: Եթե այս ոլորտի գործարարները հայտնեն իրենց կորուստների գումարային կամ քանակական տվյալները, ապա ակամա կբացահայտեն մինչ այդ եղած արտադրության եւ սպառման իրական ծավալները: Եթե կորուստներն, ըստ այդ տվյալների լինեն այնքան, ինչքան ներկայացվի, ապա ակնհայտ կդառնա, որ արտադրության եւ իրացման ծավալներն էլ անհամեմատ մեծ են, քան ցույց են տրված եղել մինչ այդ եւ, համապատասխանաբար, հարկային պարտավորություններն էլ կատարվել են շատ ավելի փոքր չափերով, քան պետք է կատարվեին: Այդ պատճառով էլ կորուստների չափի մասին թվային տվյալներ ընկերությունները չեն նշում:
Հարկ է նաեւ նշել, որ այս ոլորտում գործող երկու-երեք ընկերությունները, զբաղեցնելով ամբողջ շուկան, գործում են փոխադարձաբար համաձայնեցված, այսինքն հակամրցակցային համաձայնությամբ կայացրած գներով, ինչը, բացառությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, որեւէ մեկի կասկածը չի հարուցում: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ չնայած հավի մսի եւ ձվի պահանջարկն ընկնում է, թռչնաֆաբրիկաները չեն իջեցնում դրանց գները: Ամբողջ աշխարհում գործող շուկայական տրամաբանության համաձայն, եթե որեւէ ապրանքի պահանջարկը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով ընկնում է, արտադրողներն ու վաճառողները անմիջապես դիմում են զեղչերի կիրառման քաղաքականությանը: Դա հնարավորություն է տալիս նման վիճակից դուրս գալ գոնե նվազագույն կորուստներով:
Հայաստանում, ինչպես տեսնում ենք թռչնաֆաբրիկաների օրինակով, այս օրենքը չի գործում: Տեղական արտադրության հավի մսի 1 կգ-ը շարունակում է մնալ 1250-1350 դրամի եւ 1 ձվի գինը 50-60 դրամի սահմաններում, եւ դրանց իջեցման որեւէ նշան չի էլ նշմարվում: Չմոռանանք, որ այդ նույն ժամանակ Բրազիլիայից ներմուծված հավի մսի 1 կգ-ն արժե ընդամենը 1000-1050 դրամ: Տրամաբանության տարրական կանոններով, եթե այս ձեռնարկությունների միջեւ մրցակցություն լիներ, ապա մեկը մյուսի հետեւից կշտապեին իջեցնել ձվի ու թռչնի գները, որպեսզի մրցակիցը ավելի արագ դա չանի, իսկ իր ապրանքը չմնա չիրացվածՙ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Եթե դա տեղի չի ունենում, նշանակում է, որ մրցակցությունը բացակայում է, եւ այստեղ ակնհայտորեն չհիմնավորված եւ հակամրցակցային գներ են: Սա գուցե անուղղակիորեն, բայց հաստատում է այն հանգամանքը, որ հակամրցակցային համաձայնություն կա:
Եվ վերջին հանգամանքը, որի մասին կցանկանայինք նշել: Հայաստանի թռչնաֆաբրիկաների ներկայացուցիչները ավելի շատ մտահոգված են իրենց կորուստներով, քան թե մարդկանց վրա թռչնագրիպի հնարավոր ազդեցությամբ: Նրանք բնակչությանը հավաստիացնելու փոխարեն, որ իրենք ամեն անհրաժեշտ միջոցառումներն անում են, որպեսզի իրենց թռչունները չվարակվեն այդ հիվանդությամբ, դրա վտանգը մտացածին եւ անհավանական են համարում, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհն է ահաբեկված վերոնշյալ վարակից, եւ ընդգծում են իրենց կրած կորուստները: Ի վերջո, Աստված մի արասցե, եթե այդ հիվանդությունը մուտք գործեց նաեւ Հայաստան, ապա թռչնաֆաբրիկաների սեփականատերերը ռիսկի են ենթարկելու միայն իրենց միջոցների մի մասը, իսկ սպառողներըՙ իրենց կյանքը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ