Այսօր Գյումրիում դեռ 4300 ընտանիք երկրաշարժից անօթեւան է: Այս մասին շաբաթ օրը հայտարարեց ՏԻՄ անցած ընտրությունների արդյունքներով քաղաքապետ վերընտրված Վարդան Ղուկասյանը նոր ժամկետով իր պաշտոնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում: Քաղաքապետը հավաստիացրեց, որ իրենք ամեն ինչ կանեն այդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն ապահովելու համար:
2003 թ. հիմնականում «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված լայնածավալ շինարարությունից հետո հանրապետության իշխանությունները Գյումրիում այլեւս պետական բնակարանաշինական որեւէ ծրագիր իրականացնելու մտադրություն հանդես չեն բերում եւ գուցե այդ պատճառով հանրությանը հայտնում են քաղաքի անօթեւան ընտանիքների անհամեմատ փոքր թիվ: «Եթե Գյումրիում ունենք ազատ բնակարաններ, ինչո՞ւ նորերը կառուցենք», լրագրողների հարցին ի պատասխան ասաց քաղաքապետի պաշտոնակալության արարողությանը մասնակցող ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, որպես խնդրի առաջարկված լուծում նշելով բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) այս տարվանից գործողության մեջ դրված պետական ծրագիրը: Այս վերջինի մասին, դատելով արձագանքներից, առայժմ կարելի է ասել, որ վկայագրերի սահմանված անվանական արժեքները խիստ ցածր են եւ ոչ մի կապ չունեն քաղաքում բնակարանների իրական շուկայական արժեքների հետ:
Գ. Մ.