Բուզանդի փողոցի եւս մի ընտանիք որոշել է դիմել Եվրոդատարան
Մինչ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանը երեկ լրագրողներին բացատրում էր, թե «մեկ պատուհանի» սկզբունքով քանի քաղաքացու քանի պատասխան է տրվել, քաղաքապետարանի պատուհանների տակ «Զա-խար-յան, պա-տաս-խան» վանկարկելով իրենց պահանջներն էին հիշեցնում Հյուսիսային պողոտայի, Բուզանդի եւ Կողբացու փողոցների բնակիչները: «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ իշխանություններն իմունիտետ են ձեռք բերել մեր խնդիրների հանդեպ, բայց շարունակելու ենք պայքարել, որպեսզի մեզ ջնջոցի տեղ չդնեն», ասաց բողոքավորներից մեկը` Սաթենիկ Դավթյանը` Բուզանդի թիվ 11 շենքից: Իսկ Եզնիկ Կողբացու թիվ 28 տան բնակչուհի Լաուրա Շաբոյանը պատմում էր, որ իրենց տնից վտարեցին պետական ծրագիր իրականացնելու անվան տակ: «Մեր տարածքը ծախել են պարսկահայ անհայտ մարդու` ինչ որ Սերոժի: Իբրեւ փոխհատուցում շատ չնչին գումար են խոստանում: Իրենք քառ. մետրը ծախում են 2000 դոլարով, մեզ տալիս են 300-ով: 240 քառ. մետրի համար 56 հազար են տալիս, բայց ես ոչ մի կոպեկ չեմ վերցրել, որովհետեւ 9 հոգի ենք, 3 ընտանիք: Այդ գումարով քանի՞ սենյակ կարող ենք գնել»:
Սաթենիկ Դավթյանը շարունակում է. «Արդեն 6-րդ ամիսն է վտարվել եւ վարձով ենք ապրում: 115 քառ. մ հողային եւ 126 քառ. մ բնակտարածքից մեզ վտարեցին` մերժելով մեր սեփականության իրավունքը: Ամեն անձին 2000 դոլար առաջարկեցին, ոչ ստորագրեցինք, ոչ վերցրեցինք»:
Բուզանդի փողոցի բնակիչներից մի քանիսն արդեն դիմել են Եվրոդատարան, ինչը լուրջ խնդիրներ առաջացրեց նաեւ նրանց շահերը պաշտպանող փաստաբանի համար: Սաթենիկ Դավթյանն ասում է, որ իրենց ընտանիքը եւս որոշել է դիմել Եվրոդատարան, եւ եթե ձգձգել են մինչ հիմա, ապա միայն նրա համար, որ հավատացել են, թե կառավարությունն իրենց կօգնի: «Սա քաղաքական երկրաշարժի նման մի բան է: Եթե արտասահմանցին, թեկուզ եւ հայ, պիտի գա, ապրի իմ երկրում ինձ իմ տնից շպրտելու տարբերակով, թե «դու էլիտար շենքի արժանի անձնավորություն չես», շատ վիրավորական է: Չէ՞ որ նա իմ տեղն է խլում: Ես նաեւ հաշմանդամ թոռնիկ ունեմ: Եթե իմ խնդիրը չլուծվի, պատրաստ եմ դիմել ծայրահեղ տարբերակի` նա, ով կգա իմ տարածքում կապրի, հնարավոր է, որ ես իմ հաշիվը նրա հետ մաքրեմ»:
Իհարկե, այն գումարներով, որ առաջարկվում են տները կորցրած բնակիչներին, ցանկության դեպքում Երեւանի ոչ էլիտար թաղամասերում կարելի է բնակարան գնել եւ վարձով կամ բարեկամի տանը չապրել: Բայց էլիտար տարածքների բնակիչները չեն ուզում իրենց կարգավիճակը հենց այնպես նվիրաբերել հայրենի իշխանություններին, մանավանդ որ դրանք այսօր ամենագայթակղիչ պատառն են նորահարուստների ու էլիտարության կաստայի մեջ պատահաբար կամ ակամա հայտնվածների համար, եւ ամենաթանկ վաճառվող ապրանքը:
Կ. Դ.