«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾՙ ՉՆՉԻՆ ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆԵՐՈՎ ԵՎ ՄԻ ՔԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՇԵՆՔԵՐՈՎ

Հասարակական 5 քննարկումների բովով անցած Երեւանի գլխավոր հատակագիծն այսօր կհասնի կառավարություն եւ անկասկած կարժանանա հավանության, քանի որ հատակագիծը մշակողները ամեն ինչ արել են կառավարության որոշումներից ելնելով: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, որ ներկա է եղել բոլոր քննարկումներին, նաեւ Թեքեյան կենտրոնում շաբաթ տեղի ունեցած Երեւանի գլխավոր հատակագծի եւ դրա ռազմավարական էկոլոգիական գնահատման հասարակական քննարկմանը, կարծում է, որ վերջին քննարկումը ոչնչով չէր տարբերվում նախորդներիցՙ հերթական խաբկանքին միայն ավելացավ այն, որ նոր հատակագիծն իբր բարելավված տարբերակն է:

Նրա գնահատմամբ, նմանատիպ քննարկումները ձեւական են ու վտանգավոր, որովհետեւ դրանք արվում են ընդամենը արձանագրություն կազմելու համար եւ չեն արդարացնում կոնկրետ հարցադրումներ ունեցող մարդկանց ակնկալիքները: «Ինձ ամենից շատ հուզում է այն հարցը, որ փաստորեն վերջնականապես ոչնչացվում են Երեւանի կենտրոնի, համայնքային եւ մերձքաղաքային հողերը: Գյուղատնտեսական նշանակության 4516 հա հողերը մնում են քաղաքապետարանի հայեցողության տակ, ընդ որում, 1234 հա անտառային հողերից պահպանվում է միայն 600 հա: Օրինակ, Նորքի սարալանջի մի հատվածի 114 հա - ից 57 հա դրվել է անտառվերականգնման ծրագրում, իսկ մնացածը բաժանվել մեծահարուստներին եւ պետական պաշտոնյաներին: Նույն ձեւով կառուցապատման են տրված Հաղթանակ զբոսայգուն հարող անտառատարածքները, որոնցից մեկը կոչվում է Կանադական թաղամաս:

Ամենազայրացուցիչն այն է, որ վերջին քննարկմանը փորձեցին համոզել, թե այս հատակագծով կանաչ տարածքներն իբր կրկնակի եւ եռակի ավելանալու են: Հարց է առաջանումՙ եթե եղած կանաչ տարածքները ենթակա են կառուցապատման, ինչի՞ հաշվին են դրանք ավելանալու: Դալմայի այգիների 533 հա տարածքը, որ հարակից այգիներով կազմում է 780 հա, պահպանվում է միայն կենտրոնական մասի 256 հա, իսկ մնացածը վաճառքի է դրված: Այնտեղ կառուցվելու են բազմաթիվ շինություններՙ ժամացույցի գործարան, ռուսական եկեղեցի եւ այլն: Փաստաթղթում ներկայացված տվյալները կարելի է համարել գիտական կեղծիք, քանի որ դրանց ֆոնայինը հատակագծում նշվել էՙ 0, այսինքնՙ ամայի տարածք: Նույն ձեւով են նշված նաեւ քաղաքամերձ գյուղատնտեսական նշանակության 4516 հա հողերը, պտղատու այգիներըՙ 282,5 հա, խաղողի այգիներըՙ 396 հա եւ այլ հողերըՙ 922 հա»:

Սանասարյանին անհայտ ուսումնասիրություններով Դալմայի այգիների մոտ 800 հա տարածքը, որ միաձուլվում է Հրազդանի կիրճին, համարվել է աղտոտված եւ մշակման համար ոչ պիտանի: Կառավարության ծրագրով կենտրոնական 256 հա տարածքում պետք է աճեցվի էկոլոգիապես մաքուր գյուղմթերք: «Ես պարզել եմ, որ հողի աղտոտվածության մասին հիմնավորումներն անհիմն են, դրանից անտեղյակ են նույնիսկ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, իրականում ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել: Այս ձեւով բոլորին մոլորեցնում են, եւ ունենում ենք կեղծիքով ստեղծված Երեւանի գլխավոր հատակագիծ: Այն բոլոր տարածքները, որ իբր պիտի վերածվեն կանաչ գոտիների, հիմնականում կամ վարձակալության են տրված, կամ սեփականաշնորհված են»:

Նրա համոզմամբ, Երեւանի գլխավոր հատակագծի վրա աշխատող մասնագետներն ընդամենը կատարածուներ են, որոնք իրենց ձեռքի տակ չունեն գլխավոր գերատեսչությունների եզրակացությունները. «Շատ շուտով հատակագիծը կառավարությունում կներկայացվի որպես աշխարհի լավագույն հատակագիծ, որին կողմ են հասարակական բոլոր կազմակերպությունները, նաեւ երեւանցիները: Այդ քննարկումները չի կարելի հասարակական անվանել, քանի որ հատակագիծը համարվել է գաղտնի փաստաթուղթ, ոչ մեկին որեւէ ուսումնասիրություն չի տրամադրվել: Հատակագիծը նույն ձեւով կմտնի Ազգային ժողով, որից հետո կներկայացվի հանրապետության նախագահին, որը դրա գլխավոր ջատագովներից է: Ակնհայտ է, որ այս ամենը գալիս է վերին ատյանից: Անկեղծ ասած, ես բուռն քննարկում չէի ակնկալում, բայց հավատում էի, թե կգան մարդիկ, որոնք լավ գիտեն, որ քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատվելուց հետո այլեւս ոչինչ հնարավոր չէ անել: Բայց հասկանում եմ, որ հասարակությունն արդեն հոգնել է անօգուտ քննարկումներից», ասում է նա:

Կանաչ տարածքներից բացի հատակագծում մտահոգիչ է նաեւ պատմամշակութային հուշարձանների հարցը, քանի որ 1990 թվականին ստեղծված հիմնավորման նախագիծը 2000 թվականին չեղյալ հայտարարվելուց հետո այլեւս չի վերականգնվել: Հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի ասելով, այդ նախագծում ոչ միայն բացահայտված էին Երեւանի պատմամշակութային բոլոր հուշարձանները, այլեւ ներկայացված էին դրանց պահպանական ու կառուցապատման կարգավորման գոտիները: «Երեւանի համար դա ծրագրային մի փաստաթուղթ էր, որը թույլ չէր տալիս որեւէ հուշարձան ոչնչացնել առանց մասնագիտական եզրակացությունները հաշվի առնելու: Քաղաքապետարանի որոշմամբ 2000 թվականին այդ նախագիծը ուժը կորցրած ճանաչվեց, եւ սկսվեց օպերայի շրջակայքի կառուցապատումը: Բնականաբար նախագծից դուրս մնաց ավելի քան 970 հուշարձան շենք, չեղյալ համարվեցին նաեւ հուշարձանների պահպանման եւ կառուցապատման կարգավորման գոտիներն ու դրանց օգտագործման ռեժիմը:

Այդ որոշման սնանկությունը հասկանալու համար մի պահ պատկերացրեք, որ այդ տարիներին Երեւանի գլխավոր հատակագիծը ուժը կորցրած ճանաչվեր, եւ մի քանի տարի հետո պահանջ դրվեր ստեղծելու նորը: Դա առնվազն ծիծաղելի կլիներ: Մենք հենց այդ վիճակում ենք»:

Այդ նախագծի բացակայության պայմաններում գործակալությունը մի քանի տարում մշակեց եւ 2004 թվականին կազմեց Երեւան քաղաքի հուշարձանների նոր ցուցակը: Մինչ այդ կառուցապատողները հասցրեցին քանդել հուշարձանի կարգավիճակ ունեցող բազմաթիվ շենքեր: Այվազյանը նկատում է, որ հատակագիծը մշակող «Երեւաննախագիծ» ինստիտուտը թեպետ ամրագրել է նոր ցուցակում եղած հուշարձանները, սակայն հստակ չեն պահպանման ու կառուցապատման կարգավորման գոտիներն ու ռեժիմները:

«Հիմնավորման նախագիծ չունենալը հանգեցրեց նրան, որ այսօր քանդում ենք քաղաքի պատմությունն ու կառուցում մի ուրիշ քաղաք: Ոմանց համար հուշարձանը աղյուսի կտոր է, մինչդեռ այն պատմամշակութային արժեք է, որովհետեւ բացի մշակութային լինելուց անմիջականորեն կապված է պատմության հետ: Հեղափոխական մոտեցմամբ ոչնչացվում է քաղաքի 18-19-րդ դարի պատմական շերտը, մինչդեռ պետք էր պահել, գիտակցելով, որ քաղաքի պատմությունն ու ճարտարապետությունը միաձուլված են: Այսօրվա դրությամբ ստեղծվել է մի վիճակ, որ կանաչ գոտիների եւ հուշարձան շենքերի պահպանության հարցերում հասել ենք ծայրահեղության եւ արդեն իսկ զգում ենք դրա վնասակար հետեւանքները: Ոչ մեկս դեմ չէ քաղաքի կառուցապատմանը, խնդիրը միայն դրա իրականացման ձեւն է», նշում է Կարո Այվազյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4