«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ՍԻԳԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶՈՀԱԲԵՐՎԵԼ

Աչքակապություն որսարգելքի անվան տակ

Երեւան-Սեւան ավտոմայրուղու մի քանի հատվածներում լճից նոր բռնած թարմ սիգ են վաճառում` առանց վախի, անկաշկանդ: Երբ ձկնորս-վաճառողին հիշեցրի որսարգելքի մասին, իր կարծիքով հնարամիտ պատասխան տվեց. «Արդյունագործական որսն է արգելված, մենք սիրողական որս ենք անում»:

Մայրուղու վրա մի քանի տեղ հանդիպեցինք ոստիկանների, որոնք, անշուշտ, չէին «նկատում» որսագողերին:

Որսարգելքը ոչինչ չի փոխել սիգի ճակատագրում: Պարզապես Սեւանից Երեւան ճանապարհին ձկան արժեքը փոխվել է: Մեկ սիգը մայրաքաղաքում վաճառվում է 300-400 դրամով: Սեւանում արժե 150 դրամ:

Բնապահպանության նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով այս տարվա մեջ երկրորդ անգամ սիգի որսի արգելք դրվեց: Նորադուզցիները որսարգելքը համարյա քաղաքական սկանդալի վերածեցին: Նրանք ձկնորսությամբ զբաղվող մյուս համայնքների հետ փակեցին ճանապարհները, վերջնագիր ներկայացնելով սեփական պետությանըՙ եկեք տեսնենք, ոնց եք փակում: Մարզպետից, ոստիկանապետից, նախարարության ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը ստիպված էր հանդիպել ու բանակցել առափնյա Սեւանի ձկնորսների ու գյուղապետների հետՙ խոստանալ որսարգելքի ժամանակահատվածը տեղափոխել նոյեմբերի 20-ից հետո, երբ սկսվում է ձվադրման շրջանը: Սեւանում այս պահին էլ առատ է մանրաձուկը, որ մի քանի անգամ գերազանցում է արդյունագործական, այսինքնՙ որսի համար թույլատրելի հասակի հասած ձկան քանակին: Որսարգելքը հանելն անմտություն էր: Գյուղացիները շարունակեցին եւ այսօր էլ շարունակում են կարիքները հոգալ սիգի հաշվին: Օրերս ուղղաթիռով Ղարաբաղ թռած ծանոթներիցս մեկը պատմեց, որ լճի վրա շուրջ 3 տասնյակ ձկնորսական նավակներ է հաշվել:

Որսարգելքը միայն մի փոքրիկ ուղղում է մտցրել ձկնագողերի գործողություններում: Առաջվա նման որսացանցերի տեղը պլաստմասսայե շշերով չեն նշում, այլ դրանք սուզում են լճի մեջՙ «նշանադրման» իրենց հայտնի սկզբունքները կիրառելով: Այնուամենայնիվ, որսարգելքի առաջին փուլում սիգը կարողացավ մանրաձկից հասնել հասուն տարիքի: Այժմ ապօրինի վաճառքի ներկայացված ձկները բավական խոշոր չափերի են, այնպես, ինչպես մի քանի տարի առաջ: Ըստ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանի, սեպտեմբերից մինչ օրս Սեւանի առափնյա շրջաններից ու ավտոճանապարհներից, հանրապետության շուկաներից եւ մեծածախ առեւտրի կետերից հաջողվել է առգրավել 3088 սիգ եւ հանձնել համապատասխան տարածքների ծերանոցներին ու մանկատներին:

Սիգը հասնում է հանրապետության գրեթե բոլոր մարզերը, հասնում է Բագրատաշեն, այստեղից Վրաստանի շուկաները, բայց թե ինչ քանակովՙ հայտնի չէ: Ոչ միայն գյուղացիների ապրուստի միջոց, այլեւ կլանային մեծ ու փոքր խմբերի բիզնես դարձած որսը բավական ամուր ցանց է հյուսել: Մշտապես միջոցների ու վառելանյութի կարիք զգացող, համեստ աշխատավարձերով տեսուչներն արդեն տասնամյակ ու կես եւ այսօր էլ շարունակում են ապարդյուն սրեր ճոճել որսագողերի դեմ: Տեսչությունը համատեղ միջոցառումների ծրագիր է իրականացնում Գեղարքունիքի մարզպետարանի եւ ոստիկանության հետ: Շարժական ու անշարժ պահակակետեր են ստեղծվում առափնյա գյուղերում, ստուգայցեր են կազմակերպվում, ձկնորսներ են տուգանվում: Պետի տեղակալը խոստովանում է, որ «հասկանալի պատճառով, այնուամենայնիվ, արդյունավետ չեն իրենց գործողությունները»: Ո՛չ Նորադուզի, ո՛չ Ծովագյուղի բնակիչների դեմը միշտ չէ, որ կարողանում են առնել: «Ճիշտը համալիր արգելքն է, ամեն տեղ փակելըՙ ե՛ւ լճում, ե՛ւ լճափին, ե՛ւ սիգի «ճամփորդության» ընթացքում»: Նման կտրուկ քայլի պետությունն, այնուամենայնիվ, չի համարձակվի դիմել: Խնդիրը բումերանգի գործողության սուր եզրեր ունի:

Իգոր Սարգսյանի հաշվարկներովՙ 2001 թ. սկսած առափնյա Սեւանի բնակչության մոտ 60 հազարն «անմիջականորեն ձկան շնորհիվ է ընտանիքը կերակրում»: Ավելինՙ նրանք «աշխատատեղ» են առաջարկում նաեւ քաղաքաբնակինՙ ձուկը վաճառելով ու վերավաճառելով: Պետությունն առայժմ այլընտրանքային աշխատատեղեր չի առաջարկում նրանց: Իսկ որ դա սիգի համար փրկություն կլինի, վկայություն է Սեւան-Դիլիջան թունելի շինարարությունը: Երբ այն սկսվեց, 100-150 ձկնորս լճից դուրս եկավ: Այս պահին, երբ արդյունաբերական ձեռնարկությունների գործարկումն անորոշ է, կարելի է խթանել Սեւանի ավազանի բնական պոտենցիալը: Տուրիզմը զարգացման մեծ ներուժ է առափնյա բնակավայրերի համար եւ աշխատատեղերի հեռանկար:

Եթե պետությունն իսկապես մտադրվի արգելել ձկան որսը, ամենայն հավանականությամբ բնակչության արտահոսք կսկսվի դեպի Երեւան եւ դրսի աշխարհ: Վարդենիսից մինչեւ Կրասնոսելսկ մոտ 80 կմ սահմանամերձ տարածք է, եւ անպայման անվտանգության խնդիր է ծագելու: Ահա ինչու պետությունը շարունակում է «կիսամիջոցային» պայքար մղել սիգի որսով ապրող համայնքների դեմ: Մյուս կողմիցՙ որսն անզուսպ շարունակվելու դեպքում սիգն ի վերջո ոչնչանալու էՙ իրենից առաջ նույն բախտին արժանացած իշխանի նման: Եթե սիգը չլինի, աշխատատեղ էլ չլինի, բնակչությունը դարձյալ կլքի իր բնակավայրը:

Թե ի՞նչ քանակի սիգ կա լճում, ոչ ոք ճշգրիտ չի կարող ասել: Հենց թեկուզ այն պատճառով, որ 4 տարվա ընդմիջումից հետո անցած տարի նոր միայն ձկնապաշարների հետազոտման համար 4 մլն դրամ հատկացվեց: Այսինքնՙ համեմատական վերլուծությունների եւ ձկան պաշարների աճի կամ նվազման միտումները բացահայտելը բացառվում է: Ձկնաբանները տարեսկզբին 250 տոննայի չափով արդյունագործական որսի թույլտվություն ներկայացրին: Դա նշանակում է, որ որսի թույլատրելի չափաքանակը մի քանի անգամ նվազել է: Մյուս տագնապեցնող տվյալըՙ անցած ձվադրման շրջանում գիտնականները ձվադրման գնացող վտառների խիստ պասսիվ վիճակ արձանագրեցին: Ձվադրող վտառների թիվը շատ քիչ էր:

Սիգի բուռն դուրսմղումը ջրից Սեւանի առանց այդ էլ խախտված բիոհավասարակշռության լրացուցիչ խաթարման պատճառ է դառնալու: Ձկան կերային նիշը չի օգտագործվում, օրգանական նյութերը նեխում են ջրում: Գիտնականների հավաստմամբ, 90-ական թթ. առ այսօր լճի թափանցելիությունը 7 անգամ նվազել էՙ 16-ից հասնելով 2 մետրի:

Որսարգելք սահմանելով եւ կտրուկ միջոցների չդիմելով, պետությունը պարզապես երկարաձգում է սիգի վախճանը: Ձուկը շարունակում է զոհաբերվել սոցիալական կարիքներին:

Սեպտեմբերյան անհաջող բանակցություններից հետո, այս անգամ արդեն բնապահպանության նախարարի գլխավորությամբ, նույն ներկայացուցչական պատվիրակությունը գյուղացիների ու գյուղապետների հետ բանակցությունների երկրորդ փորձն է անելու: Թե համբերե՜ք, մի քիչ էլ սպասե՜ք, վաղն ավելի վատ կարող է լինել: Որսարգելքի եւ որսագողության, թերըմբռնման ու գերըմբռնման կոչերի նույն սցենարը սիգին ապավինած գյուղացունՙ արդեն 10,5 տարի:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4