«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2005-11-12 | #207, 2005-11-15 | #208, 2005-11-16


ՍՏԵՊԱՇԻՆԸ ԴԺԳՈՀ Է ՌՈՒՍՆԵՐԻՑ ԵՎ... ՀԱՅԵՐԻՑ

Բանի նման չէ «Մարսի» 1 տոկոս ծանրաբեռնվածությունը

ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի եւ ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի երեկ խորհրդարանում կայացած ասուլիսին նախորդել է կոլեգիայի համատեղ նիստ: Քննարկվել է «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին անցած ձեռնարկությունների ներկայիս ծանրաբեռնվածությունը: Դժգոհությունը երկուստեք է: Ստեպաշինի ներկայացմամբ դրանց անբավարար ծանրաբեռնվածությունը փաստվել է նիստում, իսկ խնդիրները երկու կողմերին են առնչվում: «Մարս» գործարանի առնչությամբ որոշվել է երկու երկրների կառավարություններին հասցեագրված հաշվետվություն ներկայացնել: Ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի հոկտեմբերին Երեւանում կայացած աշխատանքի ընթացքում որոշվել է Ռուսաստանին անցած ձեռնարկությունների ծանրաբեռնվածության խնդիրները կարգավորել դեկտեմբերի 15-ին եւ գործը տեղաշարժել մեռյալ կետից: Այս մասին խոսելով Ստեպաշինն ընդգծեց. «Իրոք բանի նման չէ, որ «Մարսն» այսօր ընդամենը 1 տոկոսով է ծանրաբեռնված: Մենք հետեւելու ենք կատարվող աշխատանքներին: Տարի անց մենք վերահսկիչ պալատներով տեղեկատվություն կփոխանակենքՙ պարզելու կատարածը»: Համատեղ միջոցառումների պրակտիկան շարունակվելու է, բնականաբար երկու երկրների կառավարություններին աշխատանքի ծրագիրը ներկայացնելուց հետո: Նախնական պայմանավորվածության համաձայն, ուսումնասիրության առարկան կարող է լինել գազի ոլորտը: Գագիկ Ոսկանյանի տեղեկացմամբՙ նիստի եզրակացությունում նշվել է, որ 2003-ին գույքը ստանալուց հետո ոչինչ չի արվել եւ չեն իրականացվում միջպետ ական հանձնաժողովի որոշումները: Այս մասին, ինչպես վստահեցրեցին երկու բանախոսներն էլ, տեղեկացվելու են երկու երկրների կառավարությունները:

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կառավարության կազմում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները, Ստեպաշինը համոզմունք հայտնեց, որ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի այսուհետեւ ՌԴ փոխվարչապետներից մեկը լինելը «թույլ կտա ավելի համակարգված լուծել ռազմական պատվերին առնչվող հարցերը, ուղղակի համոզված եմ, որ դա դրականորեն կանդրադառնա նաեւ Հայաստանի սպառազինության ներուժի գործարկմանն առնչվող հարցերի եւ մեր ընդհանուր խնդիրների լուծման վրա»: Սակայն սա չի նշանակում, թե Ռուսաստանին անցած ձեռնարկությունները միայն ռազմական պատվեր են իրականացնելու:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4