«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2005-11-12 | #207, 2005-11-15 | #208, 2005-11-16


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀՌՉԱԿՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Իսկ Ադրբեջանը կոնկրետ քայլեր է կատարում այդ ուղղությամբ

Մինչ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հայտարարում է երկրի զարգացման առաջնահերթությունՙ ոչինչ չանելով այդ ուղղությամբ, հարեւան Ադրբեջանը, մի կողմ թողած նավթային եւ մյուս առաջնահերթությունները, այդ ոլորտը կտրուկ զարգացնելու կոնկրետ քայլեր է կատարում:

Մասնավորապես վերջերս Ադրբեջանի կապի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը հրաման է ստորագրել, որ մոտակա տարվա ընթացքում երկրի տարածաշրջաններում ինտերնետ ծառայությունների մատուցման համար անվճար տրամադրվեն միջքաղաքային հեռախոսային կապերը: Նախարարի հրամանում նշվում է, որ նման մոտեցում է որդեգրվում «տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրականացումն ապահովելու նպատակով:

Ավելի կոնկրետՙ ինտերնետ պրովայդերներին նման հնարավորություն ընձեռելով, իրական հնարավորություն է ստեղծվում տարածաշրջաններում որոշակի զարգացում ապահովելու համար: Ընդ որում, նախարարի հրամանը սրանով չի սահմանափակվում: Նախարարական մակարդակով «Ազտելեկոմ» ընկերությանը հանձնարարվել է Ադրբեջանի տարածքում գործող ինտերնետ պրովայդերների համար ստեղծել միջքաղաքային հեռախոսային կապուղիներից անվճար օգտվելու պայմաններՙ ինտերնետ ծառայություններ մատուցելու համար:

Հետաքրքրական է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, թերեւս պայմանավորված զուտ օբյեկտիվ պատճառներով, շրջաններում ինտերնետ ծառայությունների մատակարարման համար տրամադրվող կապուղիների գներն ավելի բարձր են, քան մայրաքաղաքում: Այս պատճառով շրջաններում աշխատելու ամենամեծ ցանկության դեպքում անգամ մասնավոր ընկերություններ հանդիսացող ինտերնետ պրովայդերները չէին կարող իրենց թույլ տալ գործունեություն ծավալել շրջաններումՙ հաշվի առնելով կապուղիների բարձր գինը եւ բնակչության վճարունակության ցածր մակարդակը:

Հայաստանի համար եւս արդիական է, որ ինտերնետ պրովայդերները չեն կարող ներդրումներ կատարել շրջաններում, երբ հնարավոր չէ ակնկալել որեւէ եկամուտ: Բացի այդ, Հայաստանում «Արմենտելի» կողմից նման կապուղիների գոյություն ապահովված է երկրի ոչ ամբողջ տարածքում, շրջաններում հատկապես թանկ է:

Այն, որ Ադրբեջանը պետական մակարդակով փորձում է հոգածություն ցուցաբերել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացման եւ տարածման նկատմամբ, կարեւորություն ունի թեկուզ այնքանով, որ Ադրբեջանի շրջանները եւս կարող են ընդգրկվել վիրտուալ իրականության մեջ տեղի ունեցող հակազդեցություններումՙ զգալի կշիռ ավելացնելով ադրբեջանամետ կարծիքների թվաքանակին:

Մինչդեռ Հայաստանը, որ իր զարգացման առաջնահերթություններից մեկը հռչակել է հենց ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը, պարզվում է, որ պետական մակարդակով նման միջոցառումների անընդունակ է: Եվ եթե գումարենք նաեւ «Արմենտելի» պատճառով եւ այդ ընկերությանն առնչվող բոլոր խնդիրների անիմաստ բարդությունը, չհիմնավորված դանդաղկոտությունն ու բացակայությունը, ապա ինֆորմացիոն տեխնոլոգիաներ ասվածը Հայաստանի դեպքում մնում է զուտ պղպջակային հասկացություն եւ իրողություն:

Ավելինՙ մինչեւ այսօր էլ ինտերնետ պրովայդերները ինտերնետ ծառայություն մատուցելու համար արմենտելյան կապուղիների պատճառով չեն կարող խոսել ոչ միայն զարգացումից, այլեւ կայուն իրավիճակից: Մենք դեռ ունենք ինտերնետ ծառայության ցածր որակ, ոչ մեծ արագություն, բարձր սակագներ: Եվ ինչպես Ադրբեջանում ինտերնետ պրովայդերները չէին ցանկանում ծառայություններ մատուցել շրջաններում, այնպես էլ Հայաստանում նույնՙ բնակչության ցածր վճարունակության եւ կապուղիների սակագների թանկության պատճառով ինտերնետը մարզերում մնում է «հաճույքների» ցանկում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4