«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2005-11-16 | #209, 2005-11-17 | #210, 2005-11-18


ՉԿԵՂԾԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Սա ավելի կարեւոր է, քան «այո»-ն կամ «ոչ»-ը

1995 թ.-ից Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական բոլոր ընտրությունները այս կամ այն չափով կեղծվել են: Միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին` ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության եզրակացություններում, դրանք չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: Հարեւան Ադրբեջանում ընտրությունները կեղծվում են 1993-ից: Բացառություն չէին նաեւ նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունները. Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների նախնական գնահատականներով` դրանք հետքայլ էին Ադրբեջանում ժողովրդավարության հաստատման ճանապարհին:

Երեւանի իշխանությունները երբեմն վիրավորվում են, երբ եվրոպացիները հավասարության նշան են դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` երկուսին էլ համարելով ոչ ժողովրդավարական պետություններ, որտեղ կեղծվում են ընտրությունները, ոտնահարվում մարդու իրավունքները, օրենքի իշխանության փոխարեն տիրում է իշխանական կամայականությունը: Նոյեմբերի 27-ին Հայաստանի իշխանություններին եւս մեկ հնարավորություն է տրվում ապացուցելու, որ ժողովրդավարության հարցում մենք այնուամենայնիվ Ադրբեջան չենք կամ (Աստված չանի) Ադրբեջանից գրեթե չենք տարբերվում:

Հայաստանի գործող իշխանություններն անսահման շահագրգռված են սահմանադրական փոփոխությունների դրական ելքով: Ոչ պակաս շահագրգիռ են նաեւ մեր տարածաշրջանում կենսական շահեր հետապնդող համաշխարհային ուժային կենտրոնները: Այսպես, Երեւանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսը մեր երկրի քաղաքացիներին ակնհայտ չի ասում «այո» կամ «ոչ» քվեարկել, բայց ակնարկում է, որ նոր սահմանադրությունը նախապայմաններ կստեղծի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, երկրի տնտեսական զարգացման համար: Սահմանադրության փոփոխությունների «այո»-ին կողմ են նաեւ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, Եվրոխորհուրդը:

Սրանք շատ կարեւոր գործոններ են, սակայն հաշվի առնելով այս օրերին տարվող պետական քարոզչությունը, տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները վստահ չեն փոփոխությունների «այո» ելքով: Ավելի քան 800 հազար «այո» ապահովելը դյուրին գործ չէ, հատկապես երբ գործող իշխանությունները, մեղմ ասած, հանրապետության բնակչության զգալի հատվածի վստահությունը չեն վայելում: Այս պայմաններում իշխանությունները շեշտը դնում են ընտրողներին քվեարկության տեղամասեր բերելու խնդրի վրա: Այսինքն` որքան մեծ լինի մասնակցությունը, այնքան հավանական կլինի հանրաքվեի դրական ելքը:

1995 թվականին ընդունված եւ առ այսօր գործող սահմանադրությունն ընդունվել է կեղծիքներով: Գոնե այս պատճառով մեր երկրին պետք է նոր սահմանադրություն, պայմանով, անշուշտ, որ նոյեմբերի 27-ին էլ դրանք չկեղծվեն: Ավելի ընդունելի է ազատ, արդար եւ թափանցիկ քվեարկությունը, անգամ եթե բնակչությունը «ոչ» ասի, քան կեղծիքներով պարտադրված «այո»-ն: Հաշվի առնելով Մ. Նահանգների եւ եվրոպական կազմակերպությունների դիրքորոշումը, միգուցե, անգամ կեղծիքների դեպքում, միջազգային հանրությունը հանրաքվեն որակի ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող:

Մինչդեռ մեր երկրին, քաղաքացիներին արդար ընտրություն է պետք: Վերջին տասը տարիներին Հայաստանում արդար ընտրություններ չեն եղել: Նոյեմբերի 27-ին հանրաքվեն լավ առիթ է գործող իշխանությունների համար` շարքային քաղաքացիներին ապացուցելու, որ իրենք ընդունակ են գոնե մեկ անգամ անցկացնել ազատ, արդար ընտրություն եւ ինչ-որ տեղ վերականգնել հավատն ընտրության նկատմամբ: Հակառակ դեպքում կեղծվելու են նաեւ 2007 թ. խորհրդարանական, 2008 թ. նախագահական եւ հաջորդ տարիների ընտրությունները, այսինքն` կեղծիքը վերջնականապես դառնալու է մեր քաղաքական մշակույթի կարեւորագույն առանձնահատկությունը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4