Ազգային մեծերին հետեւելը, նրանց հիշատակը թարմ պահելն ամեն ժողովրդի կենսունակության նախապայմաններից է: Այս ճշմարտությամբ է առաջնորդվում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հրաչյա Աճառյան» համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Խաչիկ Բադիկյանը, որի «Հրաչյա Աճառյան, մարդը եւ գիտնականը» մենագրություն-էսսեն լույս տեսավ բոլորովին վերջերս, «Հրաչյա Աճառյան» համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ եւ նույն բուհի հովանավորությամբ:
Պատահական չէ, որ այս գիրքը հեղինակել է Խաչիկ Բադիկյանը: Նա մտավորական է, որն ունի ազգային մեծությունների իր սեփական պանթեոնը, որում նվիրական անուններ են Կոմիտասն ու Հրաչյա Աճառյանը: Նախքան իր ծավալուն մենագրությունը շարադրելը (գիրքը 420 էջ է եւ շատ որակով հրատարակել է «Զանգակ-97» հրատարակչությունը) գիտնականը երկար տարիներ հետազոտել է Հր. Աճառյանի երկերը, ուսումնասիրել կյանքը, կարդացել գիտնականի մասին գրված վիթխարի գրականությունը: Գրքում կան Հրաչյա Աճառյանի կյանքը լուսաբանող բազմապիսի լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա ծնողներին, հայրական ընտանիքը, ոդիսականներ ունեցող անհանգիստ կյանքի տարիներըՙ մանկություն-պատանեկությունից մինչեւ կյանքի վերջին օրերը: Գրքում լայնորեն օգտագործված է մեծանուն լեզվաբանի «Կյանքիս հուշերից» կենսագրական երկը: Սա ճիշտ մոտեցում է եւ դրանով է բացատրված գրքի առաջին մասի «Աճառյան մարդը» հատվածի հափշտակող ընթերցանությունը: Գրքի ընթերցողն իմանում է, որ համաշխարհային հռչակի տեր հայագետ-լեզվաբանն ուսանողական տարիներին Փարիզում ստիպված է եղել հանապազօրյա համեստագույն ապրուստը հոգալու համար աշխատել լրագրավաճառ, բոված գետնանուշ վաճառող, վագոններ լվացող, իսկ հանուն բարեգործության հնավաճառին քսան ֆրանկով վաճառել է իր անկողինը, երկար ժամանակ քնել խցի քարե հատակինՙ որպես բարձ գործածելով գրքերը: Գրքում ներկայացված է Աճառյանի կյանքը Փարիզում, Ստրասբուրգում, Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Նոր Նախիջեւանում, Թեհրանում, Թավրիզում եւ, իհարկե, կյանքի հասուն տարիները Խորհրդային Հայաստանում, ուր, ի թիվս շատերի, չարաբաստիկ ռեժիմի հետեւանքով նա բռնադատվում է, սակայն ճակատագրի բերումով փրկվում: Գիրքը լիովին պատկերացում է տալիս, թե ինչ տիտանական աշխատասիրություն է ունեցել Հրաչյա Աճառյանը, որը լինելով մեծանուն հայագետ Անտուան Մեյեի սանը, չի զիջել նրան եւ ստեղծել է գիտական բազմակողմանի հետաքրքրություններ ընդգրկող հետազոտությունների գանձարան: Գրքում երեւան են բերված լեզվաբանի «Արմատական բառարանի», «Անձնանունների բառարանի», ձեռագրացուցակների, տարբեր բառարանների, հայ գրականության պատմության, հայ հին գրականության, թարգմանությունների, մատենագիտությունների, հայ ժողովրդի պատմության եւ այլ բնագավառներին վերաբերող գրքերի ստեղծման հանգամանքները: Առանձին բաժին է հատկացված Հրաչյա Աճառյանի նամականուն: Խաչիկ Բադիկյանն իրավացիորեն առանձնացրել է հայ լեզվաբանության այն բնագավառները, որոնցում ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը եղել է հիմնադիր: Դրանց մեջ առաջինը պատմահամեմատական քերականության բնագավառն էՙ «Լիակատար քերականություն հայոց լեզվի» (համեմատությամբ 562 լեզուների) եւ ապա հայերենի փորձառական հնչյունաբանությունը:
Հրաչյա Աճառյանն այն հայագետն է, որի գրքերը, հետազոտությունները լույս էին տեսնում Փարիզում, Վիեննայում, Վենետիկում, աշխարհի տարբեր քաղաքներում, իրենց գիտական նորարարությամբ հիացմունք պատճառելով նշանավոր այնպիսի հայագետի, ինչպիսին Հյուբշմանն էր: Աճառյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնք թվարկված են այս գրքում:
Մենագրության վերջում կան գիտական ցանկեր, որոնք ներկայացնում են Հրաչյա Աճառյանի կյանքի տարեգրությունը, տարբեր մարդկանց բնութագրումները գիտնականին եւ գրքի համար օգտագործված գրականության ցանկը:
Խաչիկ Բադիկյանի «Հրաչյա Աճառյան մարդը եւ գիտնականը» աշխատասիրությունը լիարժեք պատկերացում է տալիս ընթերցողին հայ մեծանուն լեզվաբանի մասինՙ նրա լուսավոր կերպարն ընդմիշտ հիշողության մեջ պահելու ցանկալի հնարավորությամբ:
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ