Ամեն ինչ կախված է վերին ատյանների հրահանգներից
Քաղաքական ու տնտեսական կացութաձեւի փոփոխությամբ բացատրվող գիտության խեղճացումը վերջին տարիներին էականորեն տկարացրեց մեր գիտական ներուժըՙ երկրից տանելով երիտասարդ մասնագետների ու նվազեցնելով գիտության դերն ու հեղինակությունը: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ստեղծած հանձնաժողովի մշակած գիտության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու հայեցակարգը դեկտեմբերին կհաստատվի կառավարությունում, որից հետո Հայաստանի գիտական օջախներում կոնկրետ առաջարկների հիման վրա կկատարվեն որոշակի փոփոխություններ: Ենթադրելի է, որ դրանք կուղեկցվեն նաեւ դժգոհություններով ու բողոքներով, մտահոգություններ են նկատվում հատկապես ակադեմիայի բնական գիտությունների ինստիտուտներում: Ակադեմիայի փոխնախագահ Էդուդարդ Ղազարյանը բնական է համարում առկա մտահոգությունները, քանի որ այլ ոլորտներում կատարված բարեփոխումներն ուղեկցվել են չարաբաստիկ օպտիմալացմամբ:
«Մեր առաջարկներով այդպիսի վտանգ չկա, այլ հարց է, եթե այդպիսի խնդիր առաջանա վերին ատյանների թելադրանքով: Իհարկե, մտածում ենք որոշ գիտական ստորաբաժանումներ միավորելու մասին, սակայն դա պետք է բխի ներքին տրամաբանությունից ու գիտական ծրագրի արդյունավետությունից, այլ ոչ առանց հիմնավորումների ու մեխանիկական մոտեցմամբ: Այս պահին ուսումնասիրում ենք ակադեմիայի համակարգը, դիտարկում ամբողջական պատկերն ու մտածում գիտական օջախների արդյունավետության բարձրացման եւ այլ հարցերի մասին: Ակադեմիայի ներքին համակարգի կողքին կա նաեւ արտագերատեսչական խնդիր: Օրինակ, առեւտրի եւ տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարություններն ունեն գիտական հիմնարկների մի ամբողջ ցանց, տարբեր կառույցներում կա տնտեսագիտության 4 ինստիտուտ: Որքան էլ տարօրինակ է, հիմնարար գիտությամբ զբաղվող Երեւանի ֆիզիկայի ինստիտուտն առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կազմում է, մինչդեռ պետք է լիներ ակադեմիայի կազմում:
Ամեն դեպքում օպտիմալացման վտանգ կա, եթե գիտության տվյալ ճյուղով զբաղվում է ոչ թե մեկ, այլ մի քանի ինստիտուտ, սակայն մեր նպատակը գիտակրթական ու գիտաարտադրական միավորումներ ու խոշոր կենտրոններ ստեղծելն է, ինչը բնավ չի նշանակում ինստիտուտներ փակել կամ միացնել», ասում է նա:
Բարեփոխումներից դժգոհող կենսաբաններն իրենց առաջարկներն արդեն ներկայացրել են հանձնաժողովին, դրանց ճնշող մասը, ըստ Ղազարյանի, իմաստային առումով ընդգրկված է եղել հայեցակարգում, հաշվի են առնվել միայն մի քանի նոր առաջարկները: Նա անհիմն է համարում կենսաբանների այն մտահոգությունը, թե մշակված փաստաթուղթը կառավարությունում հաստատվելուց հետո Հայաստանում գիտությունը կվերանա:
Ակադեմիայի նախագահությանն ամենից անհանգստացնող խնդիրըՙ ակադեմիայի լուծարման վտանգն այլեւս վերացած է, ակնհայտ է այն որպես կառույց պահելու պետական շահագրգռությունը. «Ակադեմիա ասելով մենք նկատի չունենք նախագահության շենքը, այլ գիտական ինստիտուտներն ու գիտական ամբողջ հանրույթը: Լուծարման վտանգ կարծես այլեւս չի սպառնում, հիմնական պահանջը ժամանակակից գիտության հետ համաքայլ ընթանալն է»:
Բարեփոխումների հայեցակարգը մշակելիս հանձնաժողովը ուղղորդվել է Ռուսաստանում ընթացող գիտության բարեփոխումներով, նկատի ունենալով, որ խորհրդային շրջանում հայաստանյան գիտությունը զարգացել էր նույն համակարգով եւ ներկայումս ծագած հիմնախնդիրները գրեթե նույնն են: Ռուսաստանն, իհարկե, որոշ հարցերում շատ է առաջ անցել, օրինակ, 2007 թվականից գիտնականի միջին աշխատավարձը կկազմի 1000 դոլար: Դա արվել է գիտնականների 20 տոկոսին կրճատելու հաշվին, միաժամանակ լուծվել է նաեւ կրճատված գիտնականների հարցը, իսկ դրամաշնորհային ծրագրերից սնվողները ժամանակավորապես զրկվել են պետական աշխատավարձից: Էդուարդ Ղազարյանը նշում է, որ մեզանում գիտնականների կրճատումներ չեն լինի, քանի որ վերջին տարիներին նրանց թիվն արդեն իսկ 2 անգամ կրճատվել է: «Այդ քայլին արժե գնալ միայն այն դեպքում, եթե պետությունն իր վրա վերցնի գիտնականի սոցիալական եւ աշխատանքային պայմանների շոշափելի բարելավումըՙ միջին աշխատավարձը դարձնելով 500 դոլար, այլ ոչ թե 50 հազար դրամ:
Գիտության դերի վերագնահատման պետական հատուկ քաղաքականության անհրաժեշտության մասին խոսելիս Էդուարդ Ղազարյանը կարեւոր է համարում հիմնարար գիտությանն աջակցելն ու անհրաժեշտ մակարդակի վրա պահելը: Նրա համոզմամբ, վերջին տարիներին գիտության վարկն ընկնելու մեղքը պետք է բարդել ոչ այնքան գիտնականների, որքան պետության վրա, քանի որ վերջինս պարտավոր է գնահատել գիտության դերն ու նշանակությունը երկրի անվտանգության, տնտեսության ու մշակույթի պահպանման ու զարգացման համար: «Վերջին շրջանում կարծիք էր ստեղծվել, թե այսքան փոքր պետությանը խոշոր գիտություն պետք չէ: Գիտության ոլորտի աշխատողները մի տեսակ բեռ էին դարձել հասարակության համար: Մինչդեռ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ գիտությանը հատկացված ծախսերը որոշ ժամանակ անց տասնապատիկ վերադարձվում են: Այնպես որ, այդ տեսակետը պետք է ուղղակի արմատախիլ անել եւ վերականգնել հայկական գիտության փայլուն ավանդույթները: Ներկայումս մեր առջեւ ծանր խնդիրներ են դրվում, սակայն Հայաստանն այլ ճանապարհ չունի, առանց նոր գիտելիքների վրա խարսխված տնտեսության չի կարող դասվել քաղաքակիրթ երկրների շարքը»:
Նա հույս ունի, որ հայեցակարգը կառավարությունում հաստատվելուց հետո բարեփոխումների անվան տակ ակադեմիայի ինստիտուտների շենքերին տիրելու փորձեր չեն արվի, քանի որ գիտության օրենքում ամրագրված է, որ դրանք օտարման ենթակա չեն: Այնուամենայնիվ, հայեցակարգը մշակողները անհրաժեշտ են գտել մեկ անգամ եւս շեշտել այն փաստը, որ պետության սեփականություն համարվող ակադեմիայի ինստիտուտների շենքերը տրված են անհատույց անժամկետ օգտագործման, եւ դրանք տնօրինելու իրավունք ունի միայն ակադեմիայի նախագահությունը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ