Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի 74-րդ առաջնությունը: Ուժեղագույն ծանրորդների մրցավեճին մասնակցած Հայաստանի վեց պատվիրակներից եւ ոչ մեկին չհաջողվեց դառնալ մրցանակակիր:
Սպասելիքները չարդարացրեց նաեւ հավաքականի գլխավոր հույսըՙ Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու աշխարհի նախկին ռեկորդակիր, գերծանր քաշային Աշոտ Դանիելյանը: Մրցումների ավարտական օրն աշխարհի ուժեղագույն ծանրորդի կոչումը վիճարկեցին 16 գերծանրքաշայիններ: Պոկում վարժությունում Աշոտ Դանիելյանը 196 կգ արդյունքով 5-րդն էր: Հրում վարժության առաջին մոտեցմամբ Աշոտը բարձրացրեց 232 կգ-անոց ծանրաձողը, իսկ ահա հաջորդ փորձն (241 կգ) անհաջողության մատնվեց: Ինչպես երեւում է, Աշոտը վնասվածք էր ստացել: Համենայն դեպս, նա հրաժարվեց 3-րդ փորձից եւ մրցումներն ավարտեց 6-րդ տեղումՙ երկամարտի 428 կգ (196+232) արդյունքով: Նման ցուցանիշ ուներ նաեւ եգիպտացի Մոհամեդ Էհսանը, որն անձնական ավելի ցածր քաշի շնորհիվ գերազանցեց Դանիելյանին ու գրավեց 5-րդ տեղը:
Ինչպես եւ անցյալ տարի, աշխարհի չեմպիոն հռչակվեց իրանցի դյուցազն Հուսեյն Ռեզա-զադեն: Նա ընդամենը 2 փորձից ապահովեց չեմպիոնի ոսկե մեդալըՙ ուժեղագույն ճանաչվելով երկամարտի 461 կգ արդյունքով (210+251): Իրանցի ծանրորդը փորձեց գերազանցել իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը, սակայն 263 կգ ծանրաձողը բարձրացնելու նրա երկու փորձերն էլ անհաջողության մատնվեցին: Դա իրանցի մարզիկին այնքան էլ չտխրեցրեց, քանի որ գլխավոր խնդիրըՙ աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը հիանալի էր կատարել:
Արծաթե մեդալը երկամարտի 457 կգ (211+246) արդյունքով նվաճեց ռուսաստանցի Եվգենի Չիրիշեւը, իսկ բրոնզե մեդալին արժանացավ քաթարցի Յաբեր Սալեմըՙ 446 կգ (201+245):
Մինչեւ 105 կգ ծանրորդների մրցավեճն ավարտվեց ռուսաստանցի Դմիտրի Կլոկովի հաղթանակով: Չեմպիոնի կոչման համար հիմնական մրցապայքարը ծավալվեց Կլոկովի եւ մոլդովացի Ալեքսանդր Բրատանի միջեւ: Պոկում վարժությունում նրանց միջեւ համառ մրցապայքար սկսվեց: Բրատանը սկսեց 185 կգ-ից, Կլոկովը նրանից մեկ կգ ավելի բարձրացրեց: Երկրորդ մոտեցման համար երկուսն էլ պատվիրեցին 190 կգ: Եթե Կլոկովը ծանրաձողը հաջողությամբ բարձրացրեց, ապա Բրատանը միայն 3-րդ փորձից իրեն ենթարկեց գործիքը: Իսկ ռուս ծանրորդը 3-րդ մոտեցմամբ հաջողությամբ հաղթահարեց նաեւ 192 կգ ծանրությունը եւ այս մրցաձեւում արժանացավ փոքր ոսկե մեդալի: 3-րդ ցուցանիշը ցույց տվեց սլովակ Մարտին Տեսովիչը:
Հրում վարժությունը Կլոկովը սկսեց 222 կգ-ովՙ հաջողությամբ հաղթահարելով ծանրությունը: Բրատանը նախ բարձրացրեց 220, ապա 223 կգ: Երրորդ մոտեցմամբ նա փորձեց բարձրացնել 229 կգ: Այդ պահին Կլոկովը ստանձնել էր առաջատարի դերը, քանի որ 2-րդ փորձից բարձրացրել էր 227 կգ-անոց ծանրաձողը: Մոլդովացի ծանրորդին չհաջողվեց գլխավերեւում պահել ծանրաձողը: Այսպիսով, Կլոկովը հռչակվեց աշխարհի չեմպիոնՙ հրաժարվելով 3-րդ մոտեցումից:
Վերջերս ռուսաստանցի ծանրորդը հաղթող էր ճանաչվել «Առնոլդ» անվանումը կրող մրցաշարում եւ գլխավոր մրցանակը ստացել էր Առնոլդ Շվարցենեգերից: Ուստի Կլոկովին այժմ կատակով Շվարցենեգեր են անվանում:
Արծաթե մեդալ նվաճեց մոլդովացի ծանրորդ Ալեքսանդր Բրատանը: Նա երկամարտում ցույց տվեց 413 կգ (190+223) արդյունք: Բրոնզե մեդալը նվաճեց Մարտին Տեսովիչը Սլովակիայիցՙ 412 կգ (187+225):
23-ամյա Կլոկովը միջազգային մրցաշարերում նորամուտը նշել է Կիեւում կայացած 2004 թ. Եվրոպայի առաջնությունում, որտեղ արժանացավ արծաթե մեդալի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ