Չի օգնում ո՛չ օրենքը, ո՛չ խիղճը
Երկրաշարժից հետո
«2 տուն եմ ունեցել, երկրաշարժից երկուսն էլ կորցրել եմ, հիմա կառչել եմ այս փոքր սենյակից եւ Աստված եմ կանչում, որ չհանեն, դուրս չշպրտեն: Ի՞նչ անենք, մարդ ենք, մի ծվար կամ մի պուճախ ենք ուզում, որ թողնեն ապրենք», վրդովված պատմում է «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքի բնակիչ Մարիյկա Մարտիրոսյանը, որը 1988 թ. երկրաշարժից հետո հանգրվանել է հյուրանոցի հանրակացարանային մասնաշենքում: «Ես 75 տարեկան մարդ եմ, երկրաշարժից հետո, որի ժամանակ կորցրել եմ գույքս, տունս, հարազատներիս ու փախեփախ կյանքս հասցրել եմ Երեւան, մինչեւ այսօր ապրում եմ հանրակացարանի տված ծածկոցով: Էս վիճակում ապրում ենք ու դեռ ուզում են այստեղից էլ հանեն: Ես ասել եմ, թող փորձեն իմ դռանը մոտենան, ես պատասխանատու չեմ ոչ մի բանի համար եւ ոչինչ չունեմ կորցնելու` տարիքս առած մարդ եմ», հուսահատված պատմում է Անդրանիկ պապիկը (Զեյթունցյան), որը շատ մարտական է տրամադրված:
Այսպիսի ճակատագրերով 16 հաշմանդամ, ծեր գյումրեցի ընտանիքներ 88 թ. աղետալի երկրաշարժից հետո ծվարել են «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում: (Երկրաշարժից հետո հյուրանոցի այդ շենքում շատ ընտանիքներ են ապրել, 16 ընտանիքները մասնաշենքի բնակիչների այժմյան քանակն է): Նրանց մեջ այսօր կան երիտասարդ ընտանիքներ, որոնք ունեն երեխաներ եւ հղի կանայք: Նրանք հաշմանդամության պատճառով հիմնականում ի վիճակի չեն աշխատելու եւ մի կերպ ապրում են թոշակներով:
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում
Հյուրանոցի երկրորդ մասնաշենքը դեռ շահագործման չէր հանձնվել, երբ երկրաշարժից մազապուրծ գյումրեցիները հանգրվանեցին այնտեղ: Բնակիչների խոսքերով, 1989 թ.-ից նույն մասնաշենքում իրենց հարեւանում են Բաքվի փախստականները: Բնակիչների վկայությամբ. «Ի տարբերություն մեզ, Բաքվի փախստականները հարուստ էին. գույքով, կահույքով, ապրուստով եկան, տեղավորվեցին այս շենքում»: Նրանց պատմելով, 1996թ. հյուրանոցի տնօրենությունն իրենցից պահանջում էր ամսական 10.000 դրամ, իսկ բաքվեցիներից 700 դրամ ամսավճար մուծել` պատճառաբանելով, թե բնակիչներն այլեւս չեն պատկանում աղետի գոտուն: Տկն Մարիյկայի խոսքերով, իրենք դիմել են այն ժամանակվա փախստականների հարցերով վարչության պետ Արայիկ Հարությունյանին, եւ որոշ ժամանակ վիճակը հանդարտվել է: Նույն բանը, ավելի մեծ գումարներով, բնակիչներից պահանջվել է 2000 թ.: Այս անգամ էլ «նախագահական ընտրություններն են փրկում»: Բնակչի խոսքերով, նրանց այդքան պահանջներ են ներկայացրել, բայց մի կոպեկ չեն ստացել. «Մենք մենակ մեր լույսի փողն ենք մուծել»:
Նրանց պատմելով, 2003 թ. հյուրանոցի տնօրենությունը բաքվեցի փախստականներին կանչել է եւ յուրաքանչյուրին հեռանալու համար առաջարկել է 5000 դոլար, բայց նրանք չեն համաձայնել: Որոշ ժամանակ անց բնակիչներին հայտնում են, որ տարածքը վաճառել են «Գինեքար» ՍՊԸ-ին եւ պետք է ազատել: Գյումրեցիները հավաստիացնում են, որ բաքվեցիներին ըստ ընտանիքի անձանց քանակի տվել են 8750 եւ 12.500-ական դոլար: Նրանք էլ վերցնում են գումարը եւ հեռանում, իսկ գյումրեցիները մնում են հյուրանոցում: Այս անարդար քայլից հետո գյումրեցիներից 2005 թ. գարնանից դատարանով պահանջում են հեռանալ հյուրանոցից:
Գյումրեցիներն անհասկանալի դրության մեջ են
«Գինեքար» ՍՊԸ-ի տնօրեն Երվանդ Հախվերդյանը «Ազգին» հայտնեց, որ իրենք հյուրանոցի գնման բոլոր խնդիրները լուծել են հյուրանոցի տնօրենության հետ, եւ նրանք են պարտավոր բավարարել բնակիչների պահանջը: Տնօրենը հավելեց նաեւ, որ տուրիզմի վարչությունը բնակիչներին տներով ապահովելու պարտավորություն է վերցրել: Գրեթե այս նույն պատասխանն էին ստացել նաեւ մյուս լրատվամիջոցները: Անդրանիկ պապիկն ասաց, որ, օրինակ, «Շանթ» հեռուստաընկերության թղթակցին ընկերությունից հայտնել են, որ իրենց վճարած գումարներով ոչ միայն բնակիչներին կարելի էր տներով ապահովել, այլեւ այդ գումարներով նրանք անգամ հյուրանոցի պարտքերն են վճարել:
Ինչպես մյուս լրատվամիջոցներին, այնպես էլ մեզ չհաջողվեց կապվել հյուրանոցի տնօրենության հետ: «Դատարանով մեզ ոչինչ չկարողացան ստիպել, մեր ներկայացրած փաստաթղթերը ոչ ոքի չեն հետաքրքրում, բոլորս մերժվել ենք առաջին ատյանի դատարանում եւ հիմա դրանք մյուս ատյաններում են: Շատերը չեն էլ գնում դատարան: Հիմա էլ բան չեն ասում մեզ, երեւի հանրաքվեի պատճառով», հուսահատված պատմում էր տկն Մարիյկան: Չհասկանալով, թե իրենց գումարները որտեղ են խցանվել, նա նշեց. «Մենք ուզում ենք, որ գան, հետազոտեն, տեսնեն ինչն ինչոց է եւ ով է մեղավոր»: Անդրանիկ պապիկն էլ հավելեց. «Մեզ ուզում են հետ ուղարկել Գյումրի, բայց քաղաքապետն էլ այնտեղից է նամակ գրել, որ առաջիկա 2 տարում չի կարող Գյումրիում մեզ բնակարաններով ապահովել: Համ էլ Գյումրիում մի բնակարանի համար 5 հոգու վկայական են տվել եւ հիմա չգիտեն, թե տունն ումն է»:
Գյումրեցիներն առաջարկում են փոխզիջման 3 տարբերակ
Անդրանիկ պապիկը ասաց, որ իրենք այլեւս չգիտեն ինչ անեն եւ 3 փոխզիջման տարբերակ ունեն: «Կամ թո՛ղ արվարձաններում մեզ համար տուն առնեն, կա՛մ բաքվեցիների նման փոխհատուցում տան, կա՛մ էլ փող տան` երկրից գնանք»: Իսկ տկն Մարտիրոսյանն էլ կարծում է, որ իրենք ոչ մի կերպ չեն կարող հարցը լուծել, անգամ դատական ճանապարհով. «Մենք անհուսալի վիճակում ենք, անգամ իրավական մարմինները չեն ցանկանա մեզ պաշտպանել»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ