«Ֆրութֆուլ Արմենիան» կձգտի ստանալ դրանք եւ արտահանել
«Ֆրութֆուլ Արմենիա» կազմակերպությունը, լինելով շահույթ չհետապնդող կառույց, նպատակ ունի Հայաստանում էկոլոգիական կամ ինչպես ընդունված է ասելՙ օրգանական գյուղմթերքներ աճեցնել եւ խթանել գյուղատնտեսության զարգացումը, հայկական գյուղմթերքների սպառումը ներքին եւ արտաքին շուկաներում: Այդ նպատակով երեկ Երեւանում հրավիրվել էր միջազգային կոնֆերանսՙ նվիրված էկոլոգիական հողագործության եւ էկոլոգիական սննդի արտադրության խնդիրներին: Մինչ կոնֆերանսի սկսվելը, կազմակերպության ներկայացուցիչները լրագրողներին պատմեցին իրենց ծրագրերի մասին: Այս կազմակերպության հիմնադիրը արգենտինահայ հայտնի գործարար եւ «Զվարթնոց» օդանավակայանի վարձակալ Էդուարդո Էռնեքյանն է, որը մեկ տարի առաջ հայտնել էր Հայաստանում նաեւ գյուղատնտեսական բիզնես սկսելու մասին:
Բացելով մամուլի ասուլիսը, «Ֆրութֆուլ Արմենիայի» գործադիր տնօրեն Մարկ Ալիստար Բեղյանն ընդգծեց տնտեսության այս ճյուղի կարեւորությունը Հայաստանի համար եւ այն փաստը, որ այստեղ է ընդգրկված բնակչության մոտ 45 տոկոսը: Նա նշեց, թե իրենց նպատակն է, որ անցում կատարվի գյուղմթերքների ստացման ավանդական ձեւերից դեպի օրգանականը: Այդ առումով «Ֆրութֆուլ Արմենիան» պետք է խաղա կատալիզատորի դեր, ստեղծի օրգանական մթերքների տեղական շուկա եւ փորձի ստացված արտադրանքն սպառել ներքին ու արտաքին շուկաներում:
Ընկերության բիզնես ծրագրերի տնօրեն Աննա Քրիստինա Շիրինյանը նշեց, որ այս ծրագիրը հնարավորություն է ստեղծում արտաքին շուկայում ցույց տալու, թե ինչ հնարավորություններ ունի Հայաստանն այս ոլորտում: Մարկետինգի բաժնի պետ Պատրիցա Էռնեքյանը ծրագիրը կարեւորեց որպես ագրոբիզնեսի զարգացմանը նպաստող գործոն:
Սակայն «Ֆրութֆուլ Արմենիայի» գործունեության մասին առավել հանգամանորեն ներկայացրեց եւ լրագրողների հարցերին պատասխանեց «Տիեռաս դի Արմենիա» կազմակերպության (որը Հայաստանում գյուղմթերքների արտադրության նպատակով վարձակալել է 2300 հա հող) գործադիր տնօրեն Դանիել Ալբերտո Տարդիտոն: Նա հայտնեց, որ իրենք իրականացնում են Հայաստանում ամենախոշոր գյուղատնտեսական ծրագիրը, որի նպատակն է էկոլոգիական մաքուր սննդամթերք ստանալը: Նա նշեց, որ այդ հասկացության մեջ մտնում են բոլոր տեսակի գյուղմթերքներըՙ միրգը, բանջարեղենը, կաթը, միսը, գինին, կոնյակը եւ այլն: Դանիել Տարդիտոն կարեւորեց Հայաստանի մաքուր երկիր լինելը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծում մաքուր մթերքների ստացման համար: Ներկայումս վարձակալած տարածքներում ոռոգման համակարգի ստեղծման աշխատանքներ են կատարվում: Նախատեսվում է գործածել կաթիլային ոռոգման գաղափարը, որը նաեւ ջրի խնայողության հնարավորություն է ստեղծում: Ներկայումս այստեղ աշխատում են 75 մարդ, որոնց թիվը հետագայում կհասնի 300-ի:
«Ազգի» այն հարցին, թե, ի վերջո, էկոլոգիական կամ օրգանական մթերքներ ստանալու համար թունաքիմիկատների փոխարեն ի՞նչ միջոցներ են օգտագործվելու, Դանիել Ալբերտո Տարդիտոնդ պատասխանեց, որ Հայաստանում միջատների եւ հիվանդությունների ազդեցությունը ավելի քիչ է գյուղմթերքների վրա, քան այլ երկրներում: Դրան նպաստում է նաեւ մեր երկրի ցուրտ ձմեռը, որը կտրում է միջատների բազմացման շրջանը եւ ապահովում մաքուր մթերք: Նախատեսված է սահմանել խիստ ֆիտոսանիտարական միջոցներ, որպեսզի նմանատիպ միջատները ներմուծվող ծաղիկների, կենդանիների եւ մրգերի հետ չմտնեն Հայաստան: Բացի այդ, գոյություն ունեն միջատներին վանող, այսպես կոչվող այլընտրանքային նյութեր, որոնք քիմիական չեն: Հենց դրանք էլ օգտագործվելու են մաքուր մթերքներ ստանալու համար:
Ներկաներին տեղեկացվեց նաեւ, որ կոնֆերանսին մասնակցելու են 450 մարդ 16 երկրներից, որոնց թվում գերակշռում են ֆերմերները, գյուղմթերքներ վերամշակողները, մասնագիտացված գիտական կառույցների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնի մասնագետներ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ