«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2005-11-16 | #209, 2005-11-17 | #210, 2005-11-18


ՔԱՆԻ՞ ԿՅԱՆՔ ԿՊԱՀԱՆՋՎԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՄՈՒՏՔԻ ՄՈՏ

Նոյեմբերի 16-ի երեկոյան Մյասնիկյան պողոտայի սկզբում, «Բելաջիո» ռեստորանին հարակից կամրջի տակ հերթական ողբերգությունն է տեղի ունեցել` մեքենան խփել էր անսպասելի հայտնված հետիոտնին եւ ծեփվել կամրջի պատին: Ծանր վիրավորվել էր հետիոտնը եւ ավելի ծանր` վարորդը, երկուսն էլ երիտասարդ տղաներ: Ամեն անգամ արձանագրելով այս փաստերը` մենք շարունակում ենք չմտածել մայրուղու այս հատվածը երթեւեկության համար անվտանգ դարձնելու մասին: Նախ, մայրուղին կամրջից հետո ոլորք է տալիս` անսպասելի վիճակներ մատուցելով վարորդներին: Երկրորդ, երբ կառուցվում էր այս կամուրջը, Երեւանը շատ ավելի փոքր քաղաք էր, եւ նախագծողները պատկերացնել անգամ չէին կարող, որ կես միլիոնին հասնող տրանսպորտային միջոց ունեցող քաղաքի մայրուղիներից մեկի ավտոճանապարհն է սահմանափակելու: Կամրջի երկու կամարների հատվածն այնքան փոքր տարածք ունի, որ երբ վարորդն այդ հատվածի անկանխատեսելի իրավիճակից ուզենա փախցնել մեքենան` աջում «Բելաջիոն» է` մշտապես մեքենաներով հագեցած բակով, ձախում` փողոցի բաժանված միջնահատվածի «բորդյուրը» եւ, ինչպես ասում են, միակ ելքը մնում է կյանքով հատուցելը: Ընդ որում, ինչպես հենց այդ օրը եղավ, անմիջապես խցանում է տեղի ունենում, որը խլում է մահվան ու կյանքի մեջտեղում գտնվող տուժածի թանկագին րոպեները, քանի որ շտապօգնության մեքենան բավական տեւական ժամանակ չի կարողանում մոտենալ վիրավորներին, տարածք չկա: Որ այս կամուրջն այսօր իր չափերով չի համապատասխանում մայրուղու ծանրաբեռնվածության պատճառով մեքենաների նորմալ հոսք ապահովելու տեսակետից, փաստ է, որ նրան հարակից տարածքն այլ օբյեկտներով սահմանափակելը քաղաքաշինական սխալ է, դա էլ տեսանելի է բոլորին` առանց անգամ մասնագետ լինելու: Իսկ թե քանի կյանք է պետք լինելու` մինչեւ համապատասխան կառույցները վերջապես մտածեն նոր, առավել լայն անցուղիներով կամուրջ նախագծելու կամ այլ միջոցներով ճանապարհի այս հատվածը լայնացնելու եւ ավելի անվտանգ երթեւեկության հնարավորություն ստեղծելու համար, դա էլ մնում է մայրաքաղաքի տերերի խղճին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4