«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2005-11-16 | #209, 2005-11-17 | #210, 2005-11-18


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ

«Շրջակա միջավայրի պահպանման եվրոպական գործընկերությունը», որում ընդգրկված են Մեծ Բրիտանիայի պետական, մասնավոր եւ հասարակական հատվածները, առաջին քայլերը սկսել է այս տարվա մարտին, մի շարք ծրագրեր իրականացնելով Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Թուրքմենստանում եւ այլուր, իսկ ներկա պահին նախաձեռնությունների սկիզբ է դնում Հարավային Կովկասում, բնականաբար նաեւ Հայաստանում: Այդ կապակցությամբ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Էրատո» սրահում երեկ կայացավ հանդիպում Մեծ Բրիտանիայի պետական նախարար Էլիոտ Մորլի «Սեվերն թրենթ վոթեր ինթերնեշնլի» տնօրեն Լլոյդ Մարտինի եւ Մոլդովայի էկոլոգիական կենտրոնի տնօրեն Անդրեյ Իսակի հետ: Նրանք խոսեցին գործընկերության արդյունավետության եւ նշանակության մասին, շեշտելով շրջակա միջավայրի պահպանության ու կայուն զարգացման կարեւորությունը Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար: Գործընկերության հաջողության գրավականը, նրանց համոզմամբ, շփումների ընդլայնման ճանապարհով գիտելիքների եւ փորձի փոխանակումն է, որը հնարավորություն կտա նպաստելու ընտրված 12 երկրներում առկա էկոլոգիական խնդիրների լուծմանը:

«Շրջակա միջավայրի պահպանման եվրոպական գործընկերությունը» ներկա փուլում հիշյալ երկրներում իրականացնում է հետեւյալ ծրագրերըՙ կենսաբազմազանության մասնագետների պատրաստում (Բելառուս), վերականգնվող էներգիայի օգտագործում (Ադրբեջան), ջրավազանների հետազոտում, պետական, մասնավոր եւ հասարակական հատվածների մասնակցությամբ բնապահպանական հարցերին նվիրված ֆորումի անցկացում, շրջակա միջավայրի վրա մարդկանց ազդեցության մասին պատմող ինտերակտիվ ցուցահանդեսի բացում (Ռուսաստան), ածխաթթու գազի արտանետումների նվազեցման խնդրի վերաբերյալ տեղեկատվության ապահովում դպրոցներում (Կենտրոնական Ասիա) եւ այլն:

Հայաստանի հետ նախատեսվող բնապահպանական ծրագրերը հայտնի կդառնան «Շրջակա միջավայրի պահպանման եվրոպական գործընկերության» ներկայացուցիչների եւ մեր բնապահպանական խնդիրներով զբաղվողների անդամների առաջիկա հանդիպումներից հետո:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4