Գյուղատնտեսությունն Արցախի տնտեսական զարգացման հիմքն է
Նոյեմբերի 24-ին Միացյալ Նահանգներում կայանալիք հեռուստամարաթոնի նախորդող օրերին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը գտնվում է ԱՄՆ-ում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նյու Յորքի մասնաճյուղը նրա պատվին ընդունելություն է կազմակերպել, որի ժամանակ Արկադի Ղուկասյանը ներկայացրել է ԼՂՀ ներկա իրավիճակը: Ղուկասյանը կարեւորել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու տնտեսական նշանակությունը եւ ընդգծել, որ այն դարձել է ԼՂՀ զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտում ներդրումների կատալիզատոր: Այնուհետեւ ԼՂՀ նախագահն ուշադրություն է հրավիրել երկրի զարգացման նորՙ «Արցախի վերածնունդ» նախագծի գյուղատնտեսական բաղադրիչի վրաՙ նշելով, որ դա Արցախի տնտեսության զարգացման հիմքն է:
Global Gold ընկերության նախագահ Վան Գրիգորյանի հետ Արկադի Ղուկասյանը քննարկել է ԼՂՀ տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների հնարավորությունները եւ այցելել Հայ առաքելական եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդարան: Թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը գոհունակությամբ նշել է շոշափելի առաջընթացը, որ ձեռք է բերվել ԼՂՀ ժողովրդի պետական շինարարության, հանրապետությունում ժողովրդավարական չափանիշների հաստատման, տնտեսության զարգացման առնչությամբ:
Ն. Պ.