«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2005-11-17 | #210, 2005-11-18 | #211, 2005-11-19


ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԸ ՎՍՏԱՀ Էՙ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԱՆՑՆԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

Հանրապետության 1600 բնակչի շրջանում անցկացված հանրային հարցումները ցույց են տալիս, որ հանրապետության բնակչության մեկ երրորդը վստահ է, որ նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցնի զանգվածային խախտումներով: 47 տոկոսը կարծում է, որ հանրաքվեն կանցնի որոշակի խախտումներով, որոնք, սակայն, չեն ազդի վերջնական արդյունքների վրա: Միայն մոտ 6 տոկոսն է համոզված, որ դրանք կանցնեն առանց խախտումների:

Հարցումներն անցկացրել է Ռուսաստանի «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հարավկովկասյան մասնաճյուղը սեպտեմբեր-հոկտեմբերին: Հարցվածներից իրենց իշխանամետ են համարել 8 տոկոսը, ընդդիմադիր կամ կառուցողական-ընդդիմադիրՙ 20 տոկոսը, չեզոքՙ 70 տոկոսը: «Ծանո՞թ եք արդյոք սահմանադրական փոփոխությունների նախագծին» հարցին միայն 4 տոկոսն է պատասխանել, որ ծանոթ է ամբողջությամբ (եթե հարցումներն անցկացվեին այս օրերին, բնականաբար, վերոնշյալ տոկոսը մի քանի անգամ բարձր կլիներ, քանի որ հանրաքվեին նախորդող վերջին երեք շաբաթներին են իշխանությունները եւ իշխանական կոալիցիան օգտագործում քարոզչության բոլոր հնարավորությունները-խմբ.):

Այս հարցումներն ուշագրավ են նրանով, որ բնակչությանը չի տրվել հարց, թե նրանք «այո» կամ «ոչ» են քվեարկելու: Ըստ էության, փորձ է արվել խուսափելու հարցումների արդյունքները քաղաքականացնելու վտանգից: Ավելի քան 59 տոկոսը կարծում է, որ անհրաժեշտ է փոփոխել Հայաստանի սահմանադրությունը: Ավելի քան 65 տոկոսը պատրաստվում է նոյեմբերի 27-ին գնալ ընտրատեղամաս, ինչն ինքնին մասնակցության բավականաչափ բարձր ցուցանիշ կլինի:

Հարցվածների ավելի քան 32 տոկոսը կարծում է, թե սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի է դրվում, որովհետեւ այդպես են պարտադրում միջազգային կառույցները: Ավելի քան 28 տոկոսը համոզված է, որ նախագիծը պարտադրում են իշխանությունները, եւ միայն 17 տոկոսն է կարծում, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումը բխում է ժողովրդի շահերից:

«Ի՞նչ կտա սահմանադրության փոփոխությունը»: Այս հարցին բնակչության մոտ մեկ երրորդը պատասխանել է, որ «որեւէ արդյունք չի տա», 24 տոկոսը դժվարացել է պատասխանել, 18 տոկոսը նշել է, որ «կուժեղանա նախագահական իշխանությունը», մոտ 16 տոկոսըՙ «կստեղծվի հավասարակշռություն իշխանության ճյուղերի միջեւ»:

Հարցվածների միայն 6 տոկոսն է համոզված, որ ընդդիմությունը կկարողանա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն օգտագործել իշխանափոխություն իրականացնելու նպատակով:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4