Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 17-ը Խանտի Մանսիյսկում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը, որին կմասնակցեն ուժեղագույն 128 շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1 մլն 572 հազար դոլար է: Հայաստանն աշխարհի գավաթի խաղարկությունում կներկայացնեն 5 գրոսմայստերներՙ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը: Ինչպես հայտնի է, նշված շախմատիստների առաջին քառյակն իրեն հիանալի էր դրսեւորել վերջերս Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում անցկացված շախմատի աշխարհի թիմային 6-րդ առաջնությունում, որտեղ մեր հավաքականը դարձել էր բրոնզե մրցանակակիր: Եվ ահա մեր շախմատիստներին նոր փորձություն է սպասվում: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով: Ինչպես հայտնի է, վերջին տարիներին նման մրցակարգով են անցկացվել ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի աշխարհի առաջնությունները:
Մրցաշարը կանցկացվի օլիմպիական մրցակարգով: Յուրաքանչյուր փուլում շախմատիստները վիճակահանությամբ զույգեր կկազմեն: Նրանց միջեւ կանցկացվի 2 պարտիա: Եթե հաղթողը չորոշվի, ապա կնշանակվի լրացուցիչ 2 պարտիա արագ շախմատի կանոններով: Անհրաժեշտության դեպքում մրցակիցները կանցկացնեն նաեւ կայծակնային պարտիաներ հաղթողին որոշելու համար: Այսպիսով, յուրաքանչյուր փուլում հաղթողին որոշելու համար առավելագույնը հնարավոր է կայանա 7 պարտիա:
Արդեն կայացել է մասնակիցների առաջին փուլի վիճակահանությունը եւ հայտնի են դարձել հայ շախմատիստների մրցակիցները: Բնականաբար վիճակահանության ժամանակ հաշվի է առնվել շախմատիստների անձնական վարկանիշը: Այնպես որ, առաջին փուլում բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներին բաժին են ընկել ավելի ցածր վարկանիշ ունեցող մասնակիցներ: Իր վարկանիշով մասնակիցներից 3-րդը համարվող Լեւոն Արոնյանն առաջին մրցախաղը կանցկացնի եգիպտացի Ալի Ֆրհատի հետ: Վլադիմիր Հակոբյանը կմրցի ավստրիացի Գարի Լանեի հետ: Կարեն Ասրյանի մրցակիցը կլինի չին շախմատիստ Յու Վանգը: Բավական հայտնի մրցակից է բաժին ընկել Արտաշես Մինասյանին, որն ուժերը կչափի հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ: Ռաֆայել Վահանյանի մրցակիցն էլ լեհ Ռոբերտ Կեմպինսկին է: Մրցաշարին մասնակցում է նաեւ Սլովակիան ներկայացնող հայազգի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը: Նրա մրցակիցը կլինի ֆիլիպինցի Մարկ Պարագուան:
Առաջին երկու պարտիաները կկայանան նոյեմբերի 27-28-ը: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ մրցախաղերը կանցկացվեն նոյեմբերի 29-ին: Այսպիսով, առաջնության յուրաքանչյուր փուլի համար կհատկացվի խաղային երեք օր: Եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա դեկտեմբերի 15-16-ը եւ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պարտիաները կկայանան հաջորդ օրը: Աշխարհի գավաթը նվաճելու համար շախմատիստին հարկ կլինի հաղթահարել 7 փուլերի արգելքները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ