«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2005-11-17 | #210, 2005-11-18 | #211, 2005-11-19


ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ ՆԵՐԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՆԵԼ 7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏԶՀԿ) Երեւանում հրավիրված երկօրյա գագաթաժողովըՙ նվիրված ջրային տնտեսության ոլորտում առկա խնդիրներինՙ երեկ ավարտվեց, ինչի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեցին ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ՏԶՀԿ շրջակա միջավայրի պահպանության տնօրեն Լորենս Լորենսենը եւ Մեծ Բրիտանիայի բնապահպանության նախարար Էլիոտ Մորլին:

Անդրանիկ Անդրեասյանը հայտնեց, որ գագաթաժողովի ժամանակ քննարկվել են նախորդՙ Ալմաթիի գագաթաժողովից մինչեւ հիմա ընկած ժամանակահատվածում այս ոլորտում ստեղծված իրավիճակը, իսկ ՏԶՀԿ-ն ներկայացնող Լորենս Լորենսենը, մանրամասնելով ասվածը, նշեց, որ այս ժամանակահատվածում ջրամատակարարման եւ ջրահեռացման վիճակն Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում այնքան էլ չի բարելավվելՙ հատկապես երբ խոսքը վերաբերում է գյուղական շրջաններին: Դրական փոփոխություններ կատարած երկրներից նա հիշատակեց Հայաստանն ու Ռուսաստանը, բայց ընդհանուր եզրակացությունն այն էր, որ այստեղ կատարված ներդրումները փոքր են պահանջվողի համեմատ: Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներովՙ ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտում ներդրված 1 դոլարից ստացվում է 13 դոլարի արդյունք: Օրինակՙ նվազում են առողջապահության ծախսերը կամ հիվանդության պատճառով մարդկանց աշխատանքի չներկայանալու նյութական վնասը: Այդ պատճառով էլ համաժողովը կոչ է արել դոնոր երկրներին եւ կազմակերպություններին ավելացնել այստեղ կատարվող ներդրումներըՙ հասցնելով տարեկան 7 մլրդ դոլարի: Ներկայումս տարեկան ներդրումներն այս ոլորտում կազմում են այդ գումարի կեսը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4