«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2005-11-17 | #210, 2005-11-18 | #211, 2005-11-19


ՀԱՅ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի վարսահարդարների եւ դիմահարդարների միության գործադիր տնօրեն Սողոմոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Վարսահարդարների աշխարհի միությանն այսօր անդամակցում են 76 երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունը) որոնք երկու տարին մեկ անցկացնում են աշխարհի առաջնություն: 1998 թ.-ից սկսած Հայաստանն անհատ 2-3 վարսահարդարներով մասնակցել է առաջնություններին եւ աչքի ընկել մասնագիտական հմտություններով ու արժանացել է մի քանի տարբեր մրցանակների: 2006 թ. անցկացվող աշխարհի առաջնությանը մասնակցելու համար արդեն ստացվել է հայտ, եւ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի մեկ թիմովՙ կանանցՙ 3, տղամարդկանցՙ 3 վարսահարդար, մատնահարդար, դիմահարդար: Անհատները նույնպես կարող են մասնակցել, տեղեկացրեց պրն Խաչատրյանը:

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ Հայաստանի բաց առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ, որին մասնակցում են ե՛ւ Վրաստանից, ե՛ւ Ռուսաստանից: Այս տարվա առաջնության հաղթող են ճանաչվել Էդ. Պողոսյանը, Հ. Մինասյանը, Ա. Մանուկյանը, Տ. Հովակիմյանը, որոնք նաեւ Ռիգայի բաց առաջնությանը գրավել են 2 առաջին մրցանակներ եւ 1 երկրորդ մրցանակ: Հոկտեմբերի սկզբին Մոսկվայում կայացած Արեւելյան Եվրոպայի բաց առաջնությանը մասնակցած վարսահարդարներ Լուսինե Ավագյանը, Լիանա Մարկոսյանըՙ նույնպես գրավել են մրցանակային տեղեր: Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՎԴ միությունը զգալի առաջընթաց է գրանցել ու լրջորեն պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Հիմնականում մրցույթներում ու առաջնություններում մրցանակային տեղեր են գրավում Ս. Զվերեւի գեղեցկության սրահի մասնագետները, նշեց պրն Խաչատրյանն ու տեղեկացրեց, որ արդեն երկու տարի սրահին կից գործում է ուսումնական կենտրոն, որտեղ էլ մասնագիտանում են վարսահարդարման, դիմահարդարման եւ մատնահարդարման արհեստներում: Բացի այդ, մոտ 90 անդամ ունեցող ՀՎԴ միությունն արդեն իսկ 2007 թ.-ին մասնակցելու է Չիկագոյում կայանալիք աշխարհի առաջնությանը: Իսկ այժմ առջեւում են նախընտրական փուլերը, որտեղ պարզ կդառնան մասնակիցների անունները:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4