Հունական «Քաթիմերինի» հեղինակավոր թերթի նոյեմբերի 14-ի համարում Կոստաս Իորդանիդիսը գրում է, որ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարները հիմնված էին այն պատճառաբանության վրա, թե Եվրոպան կարիք ուներ փոխվելու, ընդարձակվելու, հունա-հռոմեական քաղաքակրթության եւ լուսավորության բացարձակապես քրիստոնեական օրրան լինելուց դառնար ավելի աշխարհիկ եւ հանդուրժող մի կառույցՙ ընդգրկվելով բոլորովին տարբեր, իսլամական ավանդույթներ կրող մի երկիր իր շարքերում: Այլոց շարքում նման զարգացումների կողմնակից Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը գտնում է, որ այդպիսով ԵՄ-ը կդառնա առավել ընդգրկունՙ բազմահավատ, բազմամշակույթ մի կազմակերպություն: Նախապայմանն այն է, որ Թուրքիան հարմարվի ԵՄ-ի դավանած արժեքներին: Բայց Ֆրանսիայում տեղի ունեցող միջադեպերը խախտեցին Թուրքիայի անդամակցության կողմնակիցների հիմքերը: Միջադեպերին մասնակից երիտասարդ թուրք վանդալները կրթված եւ դաստիարակված էին հունա-հռոմեական քաղաքակրթության ու լուսավորության սկզբունքներով եւ համարվում էին Ֆրանսիայի քաղաքացիներ: Նրանց երկարամյա գոյությունն այդ երկրում ինտեգրացում առաջացնելու փոխարեն ապստամբության էր մղել այդ մարդկանց, որովհետեւ տնտեսական լճացման պայմաններում նրանց անտեսել էին հասարակությունը եւ կառավարությունը:
Հատուկ գիտելիքներ պետք չեն գուշակելու համար, թե ինչ հետեւանքներ կունենա Թուրքիա-ԵՄ անդամակցությունը հատկապես եթե հաշվի առնենք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացատրությունը, որ Ֆրանսիայում կատարվող վայրագությունները հետեւանք են մասամբ այն արգելքի, որ Ֆրանսիայի կառավարությունը դրել էր դպրոցական աղջիկների գլուխները ծածկելու վրա:
Իրադրությունը Ֆրանսիայում եւ եվրոպական մյուս երկրներ տարածման հնարավորությունը պետք է որ առիթ դառնա առավել լրջորեն քննարկելու ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խնդիրը: Ճիշտ է, Թուրքիան Եվրոպայի քաղաքական դաշտում այս կամ այն ձեւով մասնակցություն ունեցել է միշտ, բայց քաղաքական կապերը մի բան են, իսկ 80 մլն մարդկանց ընդգրկումը եվրոպացիների առօրյա կյանքումՙ բոլորովին այլ բան: Հաճախակի երկխոսությունները, որոնք հաճախ խիստ արդյունավետ են, բավարար չեն երաշխավորելու, ըստ լրագրողի, տարբեր էթնիկական խմբավորումների ամենօրյա համագոյությունը, որը պահանջում է շատ ավելի ուժեղ եւ հիմնավորված գաղափարախոսական դրդապատճառ:
Կոմունիստական վարչակարգն ուներ այդ գաղափարախոսական դրդապատճառը, բայց համագոյությունը պարտադրված էր մարդկանցՙ ոստիկանական խիստ միջոցներով: Մ. Նահանգներում համագործակցում են, բայց նրանք մարդիկ են, որոնք նոր աշխարհ են տեղափոխվել նոր փորձառություններ ձեռք բերելու եւ իրենց երկրների օրենքներից ազատվելու համար: Եվրոմիությունը, ի հակադրություն, պատմական եւ քաղաքական մի յուրահատուկ կառույց է, որն իր եզակիության շնորհիվ պարտավոր է հարգել նաեւ ուրիշների եզակիությունըՙ առանց փորձելու փոխել նրանց:
Ֆրանսիայի դեպքերը ստվեր են գցել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա: Եթե նույնիսկ Թուրքիան բավարարի Եվրոհանձնաժողովի ամենախիստ պայմանները, դարձյալ չի կարող լիովին ինտեգրվել Եվրոպային, ինչպես չեն կարողացել ինտեգրվել տասնամյակներ շարունակ եվրոպական երկրներում ապրող թուրք գաղթականները, եզրակացնում է Կոստաս Իորդանիդիսը: