Հավատացնում են Լ. Մկրտչյանն ու Հ. Հովհաննիսյանը
«Հայելի» ակումբում երեկ սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջը բանավիճում էին «ոչ»-ի կողմնակից Հովհաննես Հովհաննիսյանը եւ «այո»-ի կողմնակից Լեւոն Մկրտչյանը: Առաջինի կարծիքով սահմանադրությունը թուղթ է, որի վրա մեղքեր բարդելու փորձեր են անում ներկայիս իշխանությունները, երկրորդի կարծիքով այն կախարդական փայտիկ չէ եւ մի քանի օրում կյանքը չի բարեփոխի: Սահմանադրության փոփոխությունները երկրի զարգացման ուղու նոր շեմ եւ հստակ ջրբաժան են, ըստ Լեւոն Մկրտչյանի: Նա հավատացած է, որ չկա «ոչ» այս փոփոխություններին, քանի որ այն տոտալիտար կառավարման տարրերով գործող սահմանադրությանը «այո» է նշանակում: Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով ներկայիս իշխանությունները բարոյական իրավունք չունեն սահմանադրությունում փոփոխություններ առաջադրելու, ժողովրդին հանրաքվե պարտադրելու: Գործող սահմանադրության էական փոփոխությունների անհրաժեշտությունն ընդգծելով հանդերձ, Հովհաննիսյանը պնդում է. «Այո, գործող սահմանադրությունում կան հոդվածներ, որոնք անհարիր են 21-րդ դարի պետությանը, բայց փոփոխությունները պետք է իրական ժողովրդավարական լինեն»: Մինչդեռ, ըստ նրա, առաջադրվողները ամբողջական չեն եւ չեն արտահայտում այն իղձերն ու նպատակները, որոնք պիտի նպաստեն երկրի զարգացմանը: Հովհաննես Հովհաննիսյանը գտնում է, որ առաջադրվող փոփոխությունները երկիրը տանելու են պարբերական ցնցումների, քանի որ կառավարության նոր ձեւն, ըստ նրա, կարող է «տղերքի մի թիմի խորհրդարանական մեծամասնություն դարձնել», ովքեր էլ կարող են «երեք սրոկ նստած մեկին վարչապետ ընտրել»: Նախարարների նշանակումն էլ երկրի նախագահի առաջարկությամբ Հովհաննիսյանի գնահատմամբ անհաղթահարելի հակասությունների անսպառ աղբյուր կարող է լինել: ՀԱԱԿ նախագահն անընդունելի է համարում նախագահի եւ պատգամավորների հավերժ անձեռնմխելիության հնարավորությունը, որն ըստ նրա ընձեռվում է փոփոխություններով:
Ի պատասխան Լեւոն Մկրտչյանը հիշեցրեց, որ անմեղության կանխավարկածը ժողովրդավարության բաղադրիչն է. «Մենք իրավունք չունենք մտածելու, որ ԱԺ մեծամասնությունը խելագարներ են, եւ ինչ-որ պահի կարող է խելագարներ հավաքվեն եւ ընտրեն խելագար նախագահ»: Մկրտչյանը նաեւ հավատացած է, որ մեր երկրի ղեկավարները, նաեւ ներկայիս, երբեք թույլ չեն տվել փոքրոգություն, դավաճանություն եւ կատարել ու կատարում են իրենց գործը պետականության ամրապնդման հարցում: ՀԱԱԿ նախագահը հարկ համարեց փաստել. «Վաղուց անվիճելի են Հայաստանում ընտրական մեխանիզմների բացակայության եւ ընտրություններով ձեւավորվող կառույցների ոչ լեգիտիմության հարցերը: Հանրաքվեն գոյություն չունեցող ընտրական մեխանիզմով անցկացնել նշանակում է ժողովրդի վզին փաթաթել ոչ լեգիտիմ մի փաստաթուղթ»: Ասվածին հապացույց Մկրտչյանը զարմանք հայտնեց. «Այսօր քննարկում ենք մեր երկրի ապագա կառուցման հարցը, ինչը կապ չունի իշխանության հետ, ընտրությունների հետ, երբ կգա պառլամենտական, նախագահական ընտրության ժամանակըՙ այդ թեման կքննարկենք»:
Հովհաննիսյանը շտապեց ընդգծել. «Մեր իշխանավորներից շատ շատերը մեր պետության համար դարձել են վտանգավոր տարրերՙ չինովնիկ օլիգարխներ: Վեց տարվա վարչապետ ունենք, վեց նախադասություն չի ասել»: ՀՅԴ ներկայացուցիչը հիշեցրեց, որ այսօրվա ընդդիմադիրներից շատերն, այդ թվում եւ Հովհաննես Հովհաննիսյանը եղել են իշխանական տարբեր օղակներում եւ կարող են գնահատվել տարբեր կերպ, իսկ անձնական վիրավորանքներն այդ գնահատականներում անհարիր են: Խոսվեց նաեւ ընդդիմադիր ու ոչ ընդդիմադիր քաղաքական գործիչներից ժողովրդի հոգնածության եւ բոլոր մակարդակներում ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ժողովրդի մեջ հեղինակություն վայելող քաղաքական նոր դեմքեր աճեցնելու, քաղաքական էլիտա ձեւավորելու անհնարինության մասին:
Սահմանադրության փոփոխությունների նախագծի առնչությամբ ծայրահեղ տարբեր կարծիք ունեցող բանախոսները որոշակի համակարծություններ էլ ունեն օրենքի եւ պետականության հանդեպ հարգանքի, սահմանադրությունում փոփոխությունների անհրաժեշտության, Երեւանի քաղաքապետի ուղիղ ընտրության, սահմանադրության փոփոխությունները կոնսենսուսով իրականացնելու, ընտրությունները լիովին համամասնական կարգով անցկացնելու, քաղաքական դաշտում նշաձողի անհարիր ցածր լինելու առնչությամբ:
Ն. Պ.