«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2005-11-19 | #212, 2005-11-22 | #213, 2005-11-23


ՀԱՆՐԱՔՎԵԻՑ 4 ՕՐ ԱՌԱՋ ՈՒՆԵՆՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՏԿԵՐԸ

Իշխանությունը սաստկացրել է «այո» քարոզը: Նաեւ` նոր կուսակցական միավորներով է ի հայտ գալիս. երեկ «այո» էր ասում հերթական մարդ-կուսակցությունը` Անդրանիկ Մանուկյանի «Համերաշխություն»-ը:

Ընդդիմությունը բնակչությանը հորդորում է բոյկոտել հանրաքվեն:

«Արդարությունը», ԱՄ-ն, «Հանրապետությունը» լքում են հանձնաժողովները եւ քաղաքական որոշում են կայացնում` հանրաքվեի օրը միայն դիտորդական առաքելություն իրականացնել: Արշակ Սադոյանը դեմ է հանձնաժողովներից ընդդիմության ներկայացուցիչներին հետ կանչելուն եւ դա որակոււմ է որպես դավաճանություն: Չենթարկվող ԱՄ անդամ հանձնաժողովականներին Գեղամյանը խոստանում է կուսակցական պատասխանատվության ենթարկել: Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում նոյեմբերի 25-ից հավաքվել «Ազատության» հրապարակում, այսպես ասած, քաղաքացիական ժողովի, նրան երեկ միացան «Հանրապետությունը», Հովհաննես Հովհաննիսյանը. եթե «Արդարությանը» Ր. Հովհաննիսյանն առաջարկի` գուցե «Արդարությունն» էլ գնա օպերայի հրապարակ:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ընդդիմության մարտավարությունը չաշխատող են գնահատում` ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի` «պահի տակ ջղաձիգ շարժում», ըստ ՀՅԴ-ի լիդերներից Լեւոն Մկրտչյանի` այդ մարտավարությունը հազիվ թե շոշափելի արդյունք տա: Պարույր Հայրիկյանը «այո»-ի հակառակորդներին անվանում է սրիկա: Ահա այս է նախահանրաքվեական իրավիճակն այս պահին: Գումարենք, որ ռուսական այս կամ այն լրատվամիջոցից ռուս «վերլուծաբանների» կարծիքներ են լսվում, թե Հայաստանում հնարավոր է նարնջագույն հեղափոխության փորձ:

Խոստովանենք` ում մասին որ մինչեւ հիմա խոսում էինք`դեռեւս ժողովուրդ չեն: Ժողովրդի որոշումը հայտնի կլինի միմիայն կիրակի: Բոլոր դեպքերում իրավիճակը հանգիստներից չէ եւ պահանջում է սառը եւ սթափ վերլուծություն:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4