Սահմանադրության հռչակումը ամեն քաղաքական համայնքի կյանքում վճռական պահ է, քանի որ ակնհայտ համարվող արժեքների արտացոլումն է ընդհանուր ապագայում: Ավելին, գոնե ժողովրդավարական երկրում դա արտասովոր պահ է, քանի որ միայն ինքնիշխան ժողովուրդն է ամփոփում հիմնարար սկզբունքները հանրության հետագա կյանքը կարգավորող փաստաթղթում: Սակայն հենց այդ սահմանադիր պահին, երբ փաստորեն դրսեւորվում է ինքնիշխանությունը (չէ որ միայն ինքնիշխան միավորը կարող է նման բան անել), միաժամանակ տեղի է ունենում այդ իսկ ինքնիշխանության սահմանափակում: Քանզի իր գործողությունները սահմանափակող հիմնարար օրենքներ ստեղծելով ինքնիշխանությունը հրաժարվում է ինքնիշխանությունից: Այսպիսով սահմանադիր պահը միշտ վտանգավոր էՙ ինքնին հավասարապես բաղկացած լինելով ինքնիշխանության դրսեւորումից ու սահմանափակումից: Ժամանակակից շատ սահմանադրությունների նախակարապետը 1776 թվականի Ամերիկյան անկախության հռչակագիրն է, որ ներառում էր հանրապետության հիմնարար սկզբունքներից շատերը, որոնք հետագայում համակարգվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրության մեջ: Հռչակագրի հեղինակները, մասնավորապես Թոմաս Ջեֆերսոնը, բուռն ցանկություն ունեին նախաբանում ամփոփել լուսավորության ժամանակաշրջանի արժեքները, որոնցից ակնհայտորեն կբխեր ողջ փաստաթուղթը եւ այն սահմանած Հանրապետությունը: Թերեւս հռչակագրի ամենահայտնի արտահայտությունը հետեւյալն էՙ «Ակնհայտ ենք համարում այն ճշմարտությունները, որ բոլոր մարդիկ հավասար են, որ Արարչի կողմից նրանց տրված են անօտարելի իրավունքներ, որոնց թվում ենՙ կյանքը, ազատությունը եւ երջանկության հետամուտ լինելը»: Վերջին երեք բառերը վերոհիշյալի արդյունքում շատ պարզ կերպով հասկանալի են դառնում, քանի որ, թվում է, երջանկությունը կյանքի եւ ազատության գաղափարների հարստացման անսպասելի ձեւն է: Իսկական լուսավորության ոճով երջանկությունը տերմին էր, որը Ջեֆերսոնը միշտ մեծատառով էր գրում եւ միշտ, օրինակ իր նամակագրության մեջ, այդ բառին նախորդում էր «հանրային» ածականը:
Հատված հռչակագրից
Լուսավորության մտածողության կարեւորագույն գաղափարներից է այն, որ մարդու յուրաքանչյուր գործողություն ինքնին խթանվում է ոչ թե պարտականությամբ, այլ հանրային երջանկությամբ: Սա նշանակում է, որ հանրային գործում բաժին ունենալը տալիս է հանրային երջանկության զգացում, որ քաղաքացիները ոչ մի ուրիշ տեղ չեն գտնի: Սա իր հերթին մասնակցելու ներքին մղումը տանում է հանրաճանաչություն, փառք եւ անմահություն որոնելուց այն կողմ:
Այսօր, իհարկե, քանի որ մենք սովոր չենք մտածել հանրային երջանկության տեսանկյունից, այս վայելքն հաճախ աննկատ է անցնում: Իսկապես հանրային երջանկության գաղափարը մթագնված է ժամանակակից մտածողության մեջ, եւ թերեւս այդ մթագնման ամենածանր պահը, հետեւանքի առումով, Ջեֆերսոնի որոշումն էր հանել այդ բառը հռչակագրի նախաբանից: Հանրային երջանկությանը հետամուտ լինելու գաղափարը շեշտելու փոխարեն Ջեֆերսոնը, ի տարբերություն իր նախորդ նամակների, ջնջում է «հանրային» բառն ընդհանրապեսՙ աղոտացնելով մասնավորի եւ հանրայինի տարբերությունը: Արդյունքում հանրայինին ճնշելու եկավ մասնավորը, ինչը վիթխարի ազդեցություն ունեցավ ամերիկյան գաղափարախոսության եւ կենսակերպի վրա, քանի որ որակավորող ածականի բացակայության պարագայում երջանկությունը, որին անդրադառնում էին հիմնադիր հայրերը, միշտ մեկնաբանվել է որպես մասնավոր, անհատական երջանկություն:
Սակայն կարո՞ղ է քաղաքական հանրույթը հիմնվել մասնավոր կամ անհատական երջանկության մրցակցող տարբերակների վրա, որոնք նույնքան բազմաթիվ են, որքան դրանք կազմող անհատները: Հասարակությունն այդ չափանիշով ընդամենը անհատների ամբողջությունն է, որոնցից յուրաքանչյուրը իր սեփական շահն է հետապնդումՙ համագործակցելով մյուսների հետ միայն փոխադարձ անձնական շահի համար: Ուտիլիտար մտածողության եւ ազատ զուգորդման (համաձայն որի իրար նկատմամբ անտարբեր անհատները շփվում են միայն փոխադարձ շահի հաշվարկով) նման կարճատես նույնականացումը ժամանակակից քաղաքական լիբերալիզմի բուն էությունն է, որտեղ հանրային երջանկությանը հետամուտ լինելու գաղափարը անիմաստ է: Սակայն էլ ի՞նչը կարող է ավելի հագեցնող եւ խթանիչ լինել, եթե ոչ հանրային երջանկությունը, որը վերապրում ենք համատեղ գործելիս: Մյուս կողմից, սակայն, ինչի՞ն է ավելի բարդ հետամուտ լինել ժամանակի ընթացքում եթե ոչ իսկապես համատեղ գործին, այն չափով, որ այն իսկական բացառություն է թվում: Հենց այս պարադոքսը եւ բացառություն լինելու այդ վիճակն են, որ որոշում են այդ սահմանադիր պահը, որտեղ տարբերությունները միանում են ներկան ապագային կապող մի կանխավ մտածված փաստաթղթում ազատ եւ ժողովրդավար կամք ձեւավորելու: Հանրային երջանկության պարադոքսն այն է, որ առանձին անհատների հետեւում պետք է առնվազն նոր ձեւավորվող մի համայնք լինի, համայնք, որ հիմնված է անաչառորեն տալու եւ ստանալու միջոցով հանրային երջանկությանն անընդհատ հետամուտ լինելու վրա: Ինչպես ընծան վստահության հաստատման գրավականն է, այնպես էլ քաղաքացիական հասարակության մեջ ազատ հաղորդակցումը ենթադրում է այնպիսի համախմբվածություն, որի ամրապնդման մասն է այն կազմում: Սրանք արատավոր շրջան են կազմում միայն տեսական տեսանկյունից: Ամենակարեւորը հանրային երջանկության հանրային գործընթացը շարժման մեջ դնելն է:
ՍԹԻՎՆ ՌԱՅԹ, Փիլիսոփայության դոկտոր, համադրող (Փարիզ, Ֆրանսիա)
Թարգմանությունըՙ Նելլի Սարգսյանի
Հետգրությունՙ
«Հանրային երջանկությանը հանրորեն հետամուտ» նախագիծը (տե՛ս «Ազգի» այսօրվա ներդիրը) Ստիվն Ռայթի եւ Կարեն Անդրեասյանի համագործակցության արդյունք է, «Փրինթինֆո» եւ «Ակումբ դը քլաբ» կազմակերպությունների աջակցությամբ:
Փորձ է արվում, մինչեւ 27.11.2005 թ.-ի սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվեն, շրջանառության մեջ դնել «հանրային երջանկություն» գաղափարը: