«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2005-11-19 | #212, 2005-11-22 | #213, 2005-11-23


ԲԱՆԱՍՏԵՂԾԱԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

20-րդ դարի երկու բանաստեղծների` Վահան Տերյանի եւ Սիլվա Կապուտիկյանի սիրային պոեզիան հայ երիտասարդությանն ապրեցնող հրաշալի պատմություն ունի: Արդեն մեկ դար է, ինչ Տերյանի սիրային պոեզիան ապրեցնում է հայ երիտասարդությանը, պարգեւում սիրային հրաշալի պահեր: Այդպիսի անմոռանալի պահեր է պարգեւել նաեւ ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի սիրային պոեզիան: Այնպես որ նույն դարում ապրող երկու մեծությունները, իրար չճանաչելով, առնչվեցին իրենց սիրային պոեզիայի միջոցով, ճանաչվեցին, կապվեցին ու հավերժացան հայ երիտասարդների սրտերում` պատկերելով անմոռանալի պահերի ապրումներ:

Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի երկար տարիների մտահղացումը իրականացվեց: Ավարտվեց եւ բեմադրվեց կոմպոզիտորի «Սիրո անհուն առեղծվածը» մեկ գործողությամբ երաժշտական ֆանտազիան` հիմնված Վ. Տերյանի եւ Ս. Կապուտիկյանի ստեղծագործությունների վրա: Ներկայացումը բեմադրվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Բեմադրության հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Արդի պայմաններում թատրոնի յուրաքանչյուր նոր բեմադրություն ոչ միայն ուրախացնում է թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին ու հանդիսատեսին, այլեւ հարստացնում երաժշտական բեմադրությունների խաղացանկն ու պատմությունը: Այս բեմադրության հիմքում թատրոնի ավանդական խնդիրներ դրված չեն: Երաժշտականացված պոեզիայով ձեւավորված այս ներկայացումը պատմում է սիրող սրտերի հոգու ներքին զգացմունքների մասին, ներկայացնում նրանց դառնագին պատմությունը: Սկսվում է ներկայացումը, հնչում է Վլ. Բալյանի «Սերս գաղտնի թող մնա» հանրահայտ երգի մեղեդին: Թատրոնի բալետային խմբի պարուհիները թափանցիկ, բազմագույն շղարշով, պարային ճկուն շարժումներով ներկայացնում են տարբեր կերպարներ: Հանկարծ տիրում է լռություն: Բեմ են մտնում Պոետ Ս. Կարապետյանը եւ Մուսա Ս. Հախնազարյանը` ներկայացնելով Վ. Տերյանի «Տխրություն» բանաստեղծությունը:

Սահուն քայլերով աննշմար, որպես քնքուշ մութի թեւ,/Մի ստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.../Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթեւ /Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...

Ահա թե ինչպիսի պատկերով, նրբության ու մեղմության, ազնվության բարի կամքով է համակված հանդիսատեսը: Լինել լիարժեք մարդ եւ չհիանալ ամպերի հրդեհով, չզգալ աշնան մայրամուտը, թե ինչպես է մեռնող արեգակը տխուր գգվանքով վառում լեռների կատարները, չես կարող զգալ մեծ պոետի պոեզիայի վայելքը:

Երկու բանաստեղծների խոսքերով Վ. Բալյանի երաժշտությամբ գրված երգերը հնչում են երգչուհի Բ. Բարխուդարյանի հաճելի ձայնի շնորհիվ: Այստեղ պոեզիան ձուլվում է երաժշտությանը եւ դառնում կերպար:

Վ. Տերյանի եւ Ս. Կապուտիկյանի սիրո ճամփաները լի են եղել փորձություններով, ուրախ ու տխուր պահերով, դառնություններով: Բեմում սերը մաքուր է ու ջինջ, սերը կրակ է, սերը դավաճանություն է, երազանք ու հուսահատություն: Պարուհիները, որոնք խորհրդանշում են Սեր (Ի. Թադեւոսյան, Ա. Հակոբյան, Ա. Ասլանյան), Ճակատագիր (Ն. Հովհաննիսյան), Հույս (Ա. Շահինյան), Հավատ (Դ. Խաչատրյան), Դավաճանություն (Լ. Խաչատրյան), Հուսահատություն (Եվ. Հակոբյան), Երազանք (Ա. Հարությունյան), կերպավորվելով մարդկային սիրո երազանքներով, բեմում դարձել են անհատական սիրո անբաժան կերպարներ: Եվ նրանց բեմական ողջ շարժումները ուղեկցվում են երկու բանաստեղծների պոեզիայի հիման վրա գրված երաժշտությամբ: Ներկայացման ընթացքում որպես աղոթք հնչում է մեծ բանաստեղծուհու ձայնը: Ունկնդիրը ընդունում է ծափողջույններով:

Կոմպոզիտոր Վլ. Բալյանի համար երկու մեծ բանաստեղծների ընտրությունը երբեք պատահականություն չի եղել: Նրանց հետաքրքրական ու լուսավոր քնարերգությունը դարձել է հայ կոմպոզիտորների երաժշտական շտեմարանը: Եվ այնտեղից են օգտվել մի քանի տասնյակ կոմպոզիտորներ: Բեմադրության մեջ երկու բանաստեղծների խոսքերը հնչում են միահյուսված բանաստեղծական մի ամբողջության մեջ:

Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ երաժշտական այս ներկայացումը նոր ու հետաքրքրական մեկնաբանությամբ հնչեց թատրոնի բեմից:

Ուշագրավ էին բալետմայստեր Ի. Կոստանյանի, պարային վաստակավոր նկարիչ Գ. Սահակյանի նկարչական մեկնաբանությունները: Թատերական արվեստում կա մի ճշմարիտ սկզբունք: Ներկայացումը պետք է գոհացնի հանդիսատեսի պահանջը: Այն պետք է լինի մեծ հավատի ու մեծ շիտակության քուրա, ճշմարիտ ռոմանտիկայի, մարդկային վսեմ գաղափարների եւ հույզերի օջախ:

Թատերասերների ջերմ ընդունելությունը հաստատեց այդ սկզբունքը:

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4