«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2005-11-19 | #212, 2005-11-22 | #213, 2005-11-23


«ԵՍ ԴԵՌ ՉԵՄ ԱՍԵԼ ԻՄ ԽՈՍՔԸ, ՍԱ ՄԻԱՅՆ ԾՈՒԽՆ ԷՐ ՃՐԱԳԻՑ»

Ասում էր լիբանանցի գրող Ժուբրան Խալիլ Ժուբրանը

Երկու տարի առաջ, Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվեց Բեյրութի, իսկ այդ փողոցին հարող Կիրովի անվան զբոսայգում մեծ շուքով երեկ բացվեց լիբանանցի աշխարհահռչակ գրող, փիլիսոփա, նկարիչ, բանաստեղծ Ժուբրան Խալիլ Ժուբրանի կիսանդրին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի եւ Սիրիայի դեսպանները, մտավորականներ, պաշտոնատար այրեր, հյուրեր: Կիսանդրու սպիտակ սավանը իջեցնելու պատիվը տրվեց կիսանդրու հեղինակ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին եւ Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրայել Ժաարային: Հայ եւ լիբանանյան դարավոր բարեկամության, անվանի գրողի ու նկարչի անցած գրական, ստեղծագործական կյանքի մասին արտահայտվեցին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը: Իսկ ՀՀ-ում Լիբանանի դեսպան Ժեբրայել Ժաարան հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, քաղաքապետարանին, քանդակագործին եւ հայ ժողովրդին, որոնք բարձր են գնահատում հայ եւ լիբանանյան բարեկամությունն ու իրենց հարգանքն են տածում անվանի գրող, բանաստեղծ ու նկարիչ Ժուբրան Խալիլ Ժուբրանի հիշատակին: Դեսպանը նշեց նաեւ, որ բազմաթիվ երկրներում դիվանագիտական ծառայության ընթացքում բնավ չի հանդիպել այլ մշակույթների, այլ քաղաքակրթությունների նկատմամբ այնպիսի սրտաբաց ընդունելության, ինչպես Հայաստանում: «Այսօր ուզում եմ ասել, որ Ժուբրան Խալիլն օտար հողի վրա չէ, նա իսկապես ծառայել է հայ ժողովրդին, լիբանանի ժողովրդին, եւ մենք շատ ուրախ ենք, որ հայ լիբանանցիները ցեղասպանությունից հետո հաստատվելով մեր երկրում, մաս են կազմել նրա բարգավաճմանը, եւ մենք շատ հպարտ ենք նրանցով»: Իր ողջույնի խոսքը պրն դեսպանն ավարտեց իր հայտնի լոզունգովՙ «Նա, ով ծառայում է Հայաստանին, ծառայում է նաեւ Լիբանանին, նա ով ծառայում է Լիբանանին, ծառայում է նաեւ Հայաստանին», ու հատուկ շնորհակալական եւ երախտագիտության խոսք հղեց Հայաստանում «Վիվասելի» տնօրենների խորհրդի նախագահ պրն Պիեռ Ֆաթուշին, որի ֆինանսավորմամբ է իրականացվել նախագիծը: Երեք մետր բարձրության վրա, Արցախի վարդագույն մարմարից կերտված Ժուբրան Խալիլ Ժուբրանի կիսանդրին զարդարվեց ծաղկեպսակներով ու իր արժանի տեղը գտավ սիրված զբոսայգում: Երեկոյան դեսպան Ժեբրայել Ժաարան ընդունելություն էր կազմակերպել «Մետրոպոլ» հյուրանոցում ի պատիվ Լիբանանի անկախության օրվա:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4