Մոսկվայում դժբախտ պատահարի հետեւանքով զոհվեց միջուկային ֆիզիկայի ասպարեզի հայտնի գիտնական, ատոմային էլեկտրակայանների շահագործման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Արտավազդի Աբաղյանը: Նրա հետ զոհվեց նաեւ կինըՙ Լիլի Պարույրի Աբաղյանը, որը նույնպես աշխատում էր նույն բնագավառում:
Պրոֆ. Աբաղյանը ծնվել է Ստեփանակերտում: Ավարտելով Երեւանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտում: Հետագա նրա ողջ գիտական-աշխատանքային գործունեությունը կապված է եղել ատոմային էներգետիկայի հետ:
Պրոֆ. Աբաղյանն անկեղծորեն սիրում էր իր հայրենիքը: Հայաստանի անկախությունից հետո սկզբունքորեն հանդես էր գալիս Մեծամորի ատոմակայանի վերագործարկման օգտին եւ հսկայական ավանդ ներդրեց այդ աշխատանքներումՙ գիտական թե գործնական: Ցավում էր, որ չհաջողվեց գործարկել նաեւ մյուս բլոկը: Ակտիվորեն համագործակցում էր հանրապետության ղեկավարության հետ: Մոսկվայի հայկական թերթերից մեկում ունեցած իր, ավա՜ղ, վերջին հարցազրույցում նա այսպես է ներկայացրել իր հետեւողական դիրքորոշումը տվյալ խնդրի նկատմամբ:
«Շատ եմ ուզում, որ Հայաստանում բոլոր մակարդակներում հասկանան, թե որքան անհրաժեշտ է ատոմային էներգետիկան մեր մայր հայրենիքին: Հայաստանում չկա նավթ, գազ, ածուխ, հաղորդակցության առումով նա մեկուսացված է: Եվ այս պայմաններում մյուս էներգարտադրողներին հումք հասցնելը վառելիքով անչափ դժվար է: Օրինակ, ատոմային էլեկտրակայանը վառելիքով լիցքավորվում է տարեկան մեկ անգամ: Ընդսմին վառելիքը կարելի է հասցնել օդով: Խոսակցությունների ժամանակ ես ամեն կերպ խուսափում եմ քաղաքականությունից: Բայց ավելորդ չեմ համարում ասել, որ ԱԷԿ-ի առկայությունը երկրին տալիս է որոշակի (եթե կուզեք, «միջուկային տերության») կարգավիճակ», ընդգծել է Ա. Աբաղյանը:
Պրոֆեսոր Արմեն եւ տիկին Լիլի Աբաղյանների ողբերգական մահվան կապակցությամբ «Ազգ»-ի խմբագրությունը խորապես վշտակցում է Մոսկվայում թերթի հատուկ թղթակից Ռուբեն Հայրապետյանին եւ տիկնոջը: