Մեծարգո նախագահ
Ձեզ ենք դիմում ծայրագույն մտահոգությամբ, որ այսօր Հայաստանում, թատրոնի հասարակական նշանակությանը զուգահեռ, չափազանց արժեզրկված է նրանում ստեղծագործող մասնագետների, մասնավորապես դերասանների աշխատանքը:
Մենք գիտակցում եւ գնահատում ենք Հայաստանի կառավարության այն կարեւոր դերը, որ նա կատարեց թատրոնների վերանորոգման կամ, ավելի ճիշտ կլինի ասել, վերակառուցման («Լինսի» հիմնադրամ) եւ մի շարք միջազգային փառատոների կազմակերպման գործում («Արմմոնո», «Հայֆեստ» եւ այլն):
Սակայն միեւնույն ժամանակ չենք կարող աչք փակել այն հսկայական, մասշտաբային եւ օր-օրի ահագնացող խնդրի վրա, որ այսօր ծառացել է թատրոնի ողնաշարը կազմող դերասանի մասնագիտության առջեւ: Դերասանի աշխատանքն առ այսօր մնում է չգնահատված: Անհարմար ենք զգում նույնիսկ խոստովանել, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի եւ առհասարակ թատրոնների առաջատար դերասանների ամսական միջին աշխատավարձը կազմում է 30 հազար դրամ, իսկ մյուսներինըՙ 15-20 հազար դրամ:
Թատրոններում ստեղծագործական նվիրումի եւ նյութական վարձատրության անհամապատասխանությունը մեր երկրում հասնում է վտանգավոր չափերի:
Բազում տաղանդավոր կադրեր հաճախ լքում են թատերական ասպարեզըՙ անգամ նվազագույն նյութական ապահովություն երաշխավորող աշխատանք գտնելու հույսով: Նրանք գիտակցում են, որ նույնիսկ փայլուն ստեղծագործական հաջողությունների դեպքում դատապարտված են չքավորության:
Անկախության 15 տարիներին Հայաստանի իշխանություններն ըստ էության չեն արել ոչինչՙ թատերական գործի վերակազմակերպման ուղղությամբ: Չկա օրենք թատրոնի մասին, չկան համապատասխան ֆոնդերՙ հետաքրքրական եւ հեռանկարային ծրագրերն ու մտահղացումներն իրականացնելու համար, չկա օրենք հովանավորչության մասին: Նշենք նաեւ, որ թատրոնները պարզապես շնչահեղձ են լինում ավելացած արժեքի հարկից:
Երիտասարդական փորձարարական թատրոնի եւ մնջախաղի թատրոնի ճակատագիրը բավական էՙ պատկերացում կազմելու արդի հայ թատրոնների անպաշտպան վիճակի մասին:
Համապատասխան պետական կազմակերպությունները, թվում է, չեն էլ մտահոգված այն իրողությամբ, որ վերջին տարիներին չի բացվել որեւէ նոր թատրոն եւ մեր նախորդների մեծ ձեռքբերումըՙ «Խաղացանկային թատրոնը», դատապարտված է չգոյության:
Այդուհանդերձ, թատրոնը փորձում է արդարացնել հասարակության սպասելիքներըՙ հնարավորինս անտեսելով իր գոյությունը բարդացնող հանգամանքները: Հասարակությունն էլ իր հերթին պետք է պատասխանատու զգա իրեն թատրոնի վիճակի համար: Եթե մենք այսօր մտահոգված ենք մեր երկրի ապագայով, ապա պետք է հստակ որոշենք թատրոնի դերը եւ կարեւորության աստիճանըՙ քաղաքակիրթ հասարակություն ստեղծելու գործում: Դժվար է պատկերացնել ամուր, կայացած պետություն, որտեղ հոգեւոր ոլորտի մարդն ապրում է իրեն անուղղակիորեն պարտադրված խղճուկ եւ ոչ վայելուչ կյանքով:
Մենքՙ Հայաստանի թատրոնների ղեկավարներս, գտնում ենք, որ վաղուց ժամանակն է հիմնավորապես զբաղվելու «թատրոնաշինության» խնդրով ու հայտնում ենք մեր պատրաստակամությունըՙ ակտիվորեն մասնակցելու բոլոր այն միջոցառումներին, որոնք կնպաստեն մեր հասարակական կառույցի մեջ թատրոնի գաղափարի վերագտնմանը եւ նրա վարկի բարձրացմանը:
Համոզված ենք, որ անմիջականորեն Ձեր միջամտությունը, պարոն նախագահ, կարող է սկիզբը դնել այդ հույժ կարեւոր գործընթացի:
Հարգանքներովՙ
(Հայաստանի թատերական եւ մշակութային հայտնի գործիչների 21 ստորագրություն)